Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շահը մանդատը չէր

Սեպտեմբեր 11,2007 00:00

Վստահեցնում է

«Վիրահայերի միասնություն» կազմակերպության համանախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

– Կարծես թե վիրահայության, մասնավորապես՝ Ջավախքի խնդիրներով ավելի ակտիվ աշխատանք է կատարում Դաշնակցությունը, ի՞նչն է պատճառը, որ դուք կողմնորոշվեցիք դեպի Հանրապետական կուսակցություն:

– Ես չեմ կարող այդ կարծիքը կիսել, որ առավել Դաշնակցությունն է զբաղվում, պարզապես մեր գաղափարները, մեր մոտեցումները Հանրապետական կուսակցության հետ ավելի համընկնելի են, եւ մեզ համար ավելի սրտամոտ եւ հոգեհարազատ են կոնկրետ Հանրապետական կուսակցության քայլերը, քաղաքականությունը, որի արդյունքում մենք տեսնում ենք, որ նաեւ վիրահայության խնդիրների լուծման ուղղությամբ ավելի արդյունավետ գործունեություն կծավալվի:

– Երբ որեւէ կազմակերպություն ընտրություններից առաջ հայտարարում է, որ պաշտպանելու է այս կամ այն կուսակցությանը կամ գործչին, ուրեմն շահ է հետապնդում, ձեր դեպքում, փաստորեն, այդ շահը պատգամավորական մանդատն էր, որ ստացաք:

– Ոչ, քավ լիցի, ես բոլորովին այդ կարծիքին չեմ, այսինքն՝ Հանրապետականին սատարելու մեր նպատակը բոլորովին էլ խորհրդարան մտնելը չէր, սակայն պետք է խոստովանեմ, որ այդ առումով նախադեպը չունեցող երեւույթ է, երբ ջավախահայության եւ վիրահայության խնդիրներով զբաղվող կազմակերպությանը համամասնական ցուցակում տեղ է տրվում, եւ մարդիկ դառնում են պատգամավոր: Ես չեմ կարող բացառել, գուցե այլ կուսակցության հետ համագործակցության դեպքում եւս մեզանից լինեին տվյալ կուսակցության ցուցակում, բայց մեր գերնպատակը այդ ցուցակում հայտնվելը չի եղել: Պարզապես ՀՀԿ-ն առանց ճռճռացնելու եւ ավելորդ ռեկլամների քայլեր է կատարել եւ կատարում վիրահայերի խնդիրները լուծելու համար: Այսօր պետբյուջեում ծրագրային տող ունենք, որ Ջավախի դպրոցների վերանորոգմանն է վերաբերվում: Պետք է նշեմ, որ եւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, եւ վարչապետ Սերժ Սարգսյանը միշտ իրենց գործունեության մեջ ներառել են Ջավախքին վերաբերող կարեւորագույն խնդիրներ, եւ ակնկալում ենք, որ առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ջավախահայության խնդիրներին:

– Ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս պատրաստվում են ընտրությունների, եւ արդեն մի քանի թեկնածու էլ այս ճամբարից է հայտնի, դուք ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության քայլերը:

– Երբեմն ասում են՝ ընդդիմություն գոյություն չունի, ես չեմ կիսում այս կարծիքը, սա վիրավորական կարծիք է: Հայաստանում ընդդիմություն գոյություն ունի, բայց թույլ է: Հիմնականում ընդդիմության գործունեությունը հագեցած է լեզվաբանական ելույթներով եւ իր մեջ ավելի շատ վիրավորանք է պարունակում, քան կոնկրետ առաջարկ եւ ուղղվածություն: Ես ցավ եմ ապրում, որ ասելիքը, քննադատությունը վիրավորանքով է հագեցվում: Դա ինձ համար անընդունելի է, եւ մտածում եմ, որ մենք իսկապես այսօր թույլ ընդդիմություն ունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել