Իրավապահները Լոռու մարզի դատախազի սպանությունը բացահայտելու համար դա երեւի պարտադիր պայման են համարում:
Վանաձորում շարունակվում է Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի (վանաձորցիները նրան ճանաչում են նաեւ «Թարախ Աբո» մականունով) սպանության նախաքննությունը: Բայց Վանաձորում այդ քրգործի նախաքննությանն առնչվող զարգացումները վկայում են ոչ թե իրավապահների կողմից սպանության իրական բացահայտման, որքան՝ դրա իմիտացիա ստեղծելու մասին, առավել եւս, որ դրանք ուղեկցվում են զանգվածային օրինախախտումներով, որոնք հիմնականում կատարվում են մեկ նպատակով՝ ուղղորդել սպանության բացահայտումը եւ ամրապնդել այն վարկածը, թե սպանության պատվիրատուն Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա հարազատներն են: «Առավոտը» դեռ անցյալ շաբաթ գրել էր, որ սեպտեմբերի 6-ին Վանաձորում ոստիկանությունը ցուցադրական «օպերացիա» էր իրականացրել եւ դատախազություն բերման էր ենթարկել քաղաքապետ Ս. Դարբինյանի ավագ որդուն՝ Աղասիին, իսկ մի քանի ավտոմեքենաներով ու քաղաքացիական հագուստով դիմակավորված աշխատակիցների մասնակցությամբ հե՛նց ինստիտուտի տարածքից դատախազություն էր տարվել քաղաքապետի անչափահաս որդին՝ Արգիշտին, որը սկզբում կարծել էր, թե իրեն ուղղակի առեւանգում են անհայտ անձինք: Նույն օրը Երեւանում ՀՀ ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել Վանաձորի քաղաքապետի որդուն՝ Արման Դարբինյանին, որի ձեռքից վերցրել էին նրան պատկանող մեքենայի բանալիները, շուրջ երեք ժամ նրան ոստիկանությունում պահելուց հետո իրավապահների ուղեկցությամբ տեղափոխել էին Լոռու մարզի դատախազություն: Այստեղ նրա ավտոմեքենայի զննությամբ մեքենայի բեռնախցիկից, իբր, հայտնաբերվել էր 4 փամփուշտ, որոնք, ի դեպ, չեն համապատասխանում սեպտեմբերի 1-ին նրա տան խուզարկության ժամանակ ի հայտ բերված երկու այլ օրինական գրանցված զենքերին, ո՛չ էլ դատախազի սպանության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներին: Ու թեեւ նրան առաջադրված մեղադրանքը, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակի ասելով, որեւէ կապ չունի դատախազի սպանության գործի հետ, այդուհանդերձ, փաստերն ապացուցում են, որ Ա. Դարբինյանի ձերբակալությունն ու ապա՝ կալանավորումը իրավապահներն ուղղակիորեն ուզում են կապել դատախազի սպանության հետ, բայց առայժմ չգիտեն՝ ինչպես:
Այսպես, շաբաթ օրը, երբ մենք Վանաձորում էինք եւ փորձում էինք պարզել, թե ի՞նչ պատճառաբանությամբ են Ա. Դարբինյանին պատկանող «Բելիսիմո» օբյեկտի աշխատակիցներից երկուսը՝ Աշոտ Ղուկասյանն ու Կարենը, 2 օր պահվում մարզի դատախազությունում, Լոռու մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շահբազյանը բացատրեց, որ տեղի է ունեցել սպանություն, եւ իրենք պետք է ուսումնասիրեն բոլոր վարկածները: Իսկ դա անելու համար իրավապահները չեն խորշել անգամ դատախազություն բերման ենթարկված վկաներին, մասնավորապես` Արման Դարբինյանին պատկանող «Բելիսիմո» ռեստորանային համալիրի աշխատակիցներին ծեծի ենթարկել՝ Ա. Դարբինյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով: Մարզի դատախազությունում քննիչները ծեծի են ենթարկել մասնավորապես Աշոտ Ղուկասյանին, Կարենին, Սաթենիկին: Վերջիններիս եւ ռեստորանի մյուս հարցաքննված աշխատակիցներին ուղղված քննիչների հարցերից մեկն այս էր եղել՝ երբ Ա. Դարբինյանն իմացավ դատախազի սպանության մասին, դեմքի ի՞նչ արտահայտություն ստացավ: Աշխատակիցներին նաեւ ուղղորդել ու «հորդորել» էին ցուցմունք տալ, թե իրենք Ա. Դարբինյանի մոտ զենք են տեսել, որ նա կապ ունի դատախազի սպանության հետ: Նման ցուցմունք տալուց հրաժարված մասնավորապես երկու աշխատակիցների՝ Աշոտին եւ Կարենին, առանց վերջիններիս տեղը նրանց հարազատներին հայտնելու, պահել էին դատախազությունում 2-3 օր ու այդ ընթացքում դաժան ծեծի ենթարկել: Մասնավորապես, Ա. Ղուկասյանին դատախազությունում պահելու հիմնավորման եւ նրան ծեծի ենթարկելու մասին տեղեկություններ ստանալու համար մենք կապվեցինք մարզի դատախազի ԺՊ Կ. Շահբազյանի հետ: Նա մեզ հավաստիացրեց, թե ծեծելու մասին լուրերը հերյուրանք են, իսկ ի պատասխան մեր պահանջին՝ թույլ տալ տեսնել Ա. Ղուկասյանին՝ նրան ծեծելու մասին «հերյուրանքները» մամուլում չհրապարակելու համար, պարոն Շահբազյանը մեզ խորհուրդ տվեց դիմել քննչական խմբի ղեկավար Հակոբ Կարախանյանին: Վերջինս այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Երբ մենք Աշոտի մոր՝ տիկին Մարգարիտայի եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ միասին մեկնեցինք դատախազության շենք, միայն Ա. Սաքունցին հնարավորություն տվեցին հանդիպել քննիչի հետ, իսկ կեսգիշերին մոտ Ա. Ղուկասյանն ազատ արձակվեց: Նա, իրոք, ծեծված էր: Ավելի դաժան ծեծի ենթարկված Կարենին ազատ էին արձակել հաջորդ օրը՝ այն բանից հետո, երբ Վանաձոր էր մեկնել «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Վանաձորում «Առավոտի» թղթակից Նաիրա Վանյանի փոխանցմամբ, սեպտեմբերի 6-ից սկսած` «Բելիսիմոյի» բոլոր աշխատակիցները ոստիկանության տարբեր բաժիններ՝ Բազում, Սպիտակ, նաեւ մարզային դատախազություն, բերման են ենթարկվել անհայտ անձանց կողմից, ովքեր առանց անուն-ազգանուն ասելու ներկայացել են որպես դատախազության քննիչներ: Մատուցողուհի Աննա Թումանյանի պատմելով, սեպտեմբերի 8-ին երկու ոստիկաններ «Բելիսիմոյից» իրեն եւ բարի աշխատակցուհուն քաշքշելով նստեցրել էին ավտոմեքենա ու տարել դատախազություն։ Դատախազությունում, Աննայի պատմելով, իրեն սպառնացել էին՝ «քեզ կքաչալացնենք, մազերդ կխուզենք, եթե ճիշտը չասես, կտանենք Երեւան, այնտեղ կփակենք։ Հետո սկսեցին վիրավորել իմ արժանապատվությունը, թե ինչո՞ւ եմ մատուցող աշխատում, այլ քայլերի չե՞մ դիմում, ընկեր ունե՞մ, թե՞ ոչ, եթե ոչ, ապա դրա կարիքը զգո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Եվ այլ անպարկեշտ բաներ։ Իսկ կողքի սենյակում ես լսում էի իմ գործընկերուհիների ձայնը, ես հասկանում էի, որ նրանց ծեծում են։ Դուրս գալուց հետո նրանցից մեկը վատացել էր»։
Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ սեպտեմբերի 6-ին գրեթե նույն ժամանակահատվածում՝ առավոտյան ժամը 11-ի սահմաններում, երբ Վանաձորում բերման են ենթարկվել «Բելիսիմոյի» աշխատակիցները, որոնցից պահանջել են ասել, որ Ա. Դարբինյանի ձեռքին զենք են տեսել, Երեւանում բերման էր ենթարկվել ինքը՝ Ա. Դարբինյանը, բայց միայն մի քանի ժամ անց՝ արդեն Վանաձորում էին նրա ավտոմեքենայում հայտնաբերվել չարաբաստիկ 4 փամփուշտները: Այս ժամանակագրությունը նկատի ունենալով` պետք է ենթադրել, եւ տպավորությունն է այդպիսին, որ իրավապահներն ուղղակի նպատակ են ունեցել նախ՝ Ա. Դարբինյանի «գլխին գործ սարքել» ապօրինի զենք ունենալու մեղադրանքով ու այդ նպատակով նախ՝ նրա ավտոմեքենայի բեռնախցիկ են գցել 4 փամփուշտներ՝ համոզված լինելով, որ մինչ այդ նրա աշխատակիցներից Ա. Դարբինյանի դեմ ապօրինի զենք ունենալու մասին ցուցմունքներ կկորզեն եւ, իբր, «իրեղեն ապացույցների» եւ նրա աշխատակիցների ցուցմունքների ճնշման տակ նրանից պահանջել ներկայացնելու ապօրինի պահվող զենքը: Դա իրավապահներին թույլ կտար կամ՝ քաղաքապետի ընտանիքին կապել դատախազի սպանության հետ, որովհետեւ նրանց նման մեղադրանքներ առաջադրելու համար, գոնե առայժմ, հիմքեր չկան, կամ՝ ուղղակի այդ սպանության համատեքստում եւս մեկ անգամ զուտ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով հոլովել քաղաքապետի հարազատների անունը: Թե ո՞ւմ է պետք այս շոուն եւ ո՞ւմ է ձեռնտու սպանությունը նման անօրինական գործողությունների գնով ուղղորդելը՝ հայտնի չէ, բայց փաստ է, որ դա իրականացվում է Լոռու մարզի դատախազության միջոցով եւ ՀՀ գլխավոր դատախազի թողտվությամբ: