Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՄ ԲԱՐԻ ԱՆՈՒՆԸ ԵՍ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵՄ»

Սեպտեմբեր 11,2007 00:00

\"\"Երեկ ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանը, որի խափանման միջոցը փոխվեց սեպտեմբերի 6-ին:

«Որեւէ բան չի փոխվել: Ընդամենը եթե սեպտեմբերի 6-ին ես քաղբանտարկյալի կարգավիճակում էի՝ այսօր ես քաղաքական հալածյալի կարգավիճակում եմ: Այդ անհեթեթ, շինծու մեղադրանքը հանված չէ»,- երեկ «Պրեսսինգ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: Նաեւ նշեց, թե որեւէ մեկն առայժմ ներողություն չի խնդրել մեկուսարանում իր անցկացրած 4 ամիսների համար: Եվ պարզաբանեց, թե ում ներողությունն է ակնկալում. «Բոլոր նրանց, ովքեր մասնակից էին այս գործին՝ պատվեր կատարողները, պատվեր տվողները: Ես հարցեր ունեմ. ինձ հետաքրքրում է՝ այդ ապօրինի վճիռներ կայացնող դատավորները, որոնք ծիծաղելի վիճակում են հայտնվում՝ դրանք իրենց կանանց, երեխաների աչքերին ո՞նց են նայում նման անհեթեթություններ ստորագրելով… Բոլո՛րը, ում մատը խառն է իմ ապօրինի կալանավորման մեջ, պետք է ներողություն խնդրեն»:

Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե իրեն զրպարտել են. «Իմ բարի անունը ես պետք է վերականգնեմ: Պիտակներ են կպցրել ինձ»: Եվ այս կապակցությամբ անդրադարձավ իր գործի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պարզաբանումներին: Մասնավորապես «նոր բան» անվանեց նրա հետեւյալ պնդումը. «Քրգործով լիովին հիմնավորված է, թե այն ամբողջ մեխանիզմը, որը կապված է Արզումանյանին գումարների փոխանցման հետ՝ վերաբերում է փողերի լվացման հանցակազմի հատկանիշներին: Մնում է, որ իրավապահ,՝ հատկապես՝ Հայաստանի ազգային անվտանգության մարմինները հիմնավորեն, որ այդ գումարները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, ինչը պիտի անեն ռուսաստանյան մեր կոլեգաները»: Ալեքսանդր Արզումանյանի մեկնաբանությունն էր. «Այսինքն՝ մնում է անել միայն այն, որի առկայության դեպքում միայն կարելի էր մտածել ու կասկածել, որ կարող է լինի փողերի լվացում: Մնում է անել այն, ինչից պետք էր սկսե՛լ: Այսինքն՝ դա հաստատում է, որ ինձ 4 ամիս առաջ առանց որեւէ բանի տարել են մեկուսարան ու սկսել են գործ սարքել: Սարքում էին մի գործ՝ չստացվեց, տեղափոխեցին մյուսի վրա»:

«Առավոտի» խնդրանքով անդրադարձավ գլխավոր դատախազի նաեւ հետեւյալ պնդումներին. «Ռուսաստանից այդ գումարները փոխանցվել են ապօրինի բանկային փոխանցումների միջոցով, դրածո մարդկանց անուններով, որը հիմնավորված է գործով, եւ այստեղ գումարները ստացել են դարձյալ դրածո անձինք: Եվ ում որ ուղղված էին այդ գումարները՝ նրանք նույնպես չկարողացան բացատրություններ ներկայացնել, հիմնավորել այդ գումարների ստացման անհրաժեշտությունը եւ դրանց ծախսման նպատակները… Ալիկ Արզումանյանն ինքը չի կարողանում հիմնավորել այդ գումարների ստացման մեխանիզմները եւ նպատակները»: Վերջինս նշեց. «Բանկի միջոցով կատարվել է փոխանցում, եւ եթե այնտեղ կային ինչ-որ ապօրինի բաներ՝ այդ բանկերը պետք է փակել: Այդ բանկերի փայատերերն իրենք են»: Հիշեցնենք, որ փոխանցումն արվել է «Կոնվերս» բանկին: Նաեւ հերքեց, թե չի կարողացել հիմնավորել. հիշեցրեց, որ որեւէ ցուցմունք չի տվել՝ նշելով, թե ինքը չպիտի ապացուցի իր մեղքը. «Իմ փոխարեն բացատրել է Սաշիկ Աղազարյանը, որն ասել է՝ ես իմ ընկերոջ խնդրանքով իրեն գումար եմ ուղարկել: Վերջացա՛վ: Ինչի համար եմ ես ստացել՝ ես ձեզ չպիտի «ատչյոտ» տամ: Դա իմ գումարն է, ոչ մեկի չի վերաբերում: Ապօրինին ո՞րն է: Մարդիկ բացահայտ գնացել, ստացել են իմ գումարները… Գտնում եմ, որ նման մեղադրանք ներկայացնելուց առաջ նախ պետք է լինի կեղտոտ գումարը՝ հետո մտածեն, թե ով է լվացել: Եվ ոչ թե ասեն՝ դու լվացել ես, հիմա տեսնենք՝ կա՞ կեղտոտ գումար, թե՞ ոչ. դեռ պետք է ճշտենք»:

Եվ վերջապես, Աղվան Հովսեփյանի մեկ այլ պնդման կապակցությամբ, թե քրգործից ակնհայտ երեւում է, որ Սաշիկ Աղազարյանը եւ Լեւոն Մարկոսը «համատեղ ձեռնարկություն են ունեցել եւ աշխատել են միասին»՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Մարկոսի հետ 1500 մարդ է աշխատել. դրանից բխում է, որ բոլորն ապօրինի գումարնե՞ր ունեն»:

Նա իրեն ազատ արձակելու ձեւն էլ համարեց եւս մի վկայություն, որ այս գործը քաղաքական պատվեր է. «Նույն մարդը, որը 3 օր առաջ գրում էր, թե անհրաժեշտ է, որ ես եւս 2 ամիս լինեմ կալանավայրում՝ գրեց, թե անհրաժեշտ է փոխել խափանման միջոցը»: Ըստ Ալեքսանդր Արզումանյանի՝ պարզ է, որ սա օրինական, իրավաբանական գործողություն չէր. «Իրավաբանականի դեպքում նախապես տեղյակ կլինեին, իմ տիկնոջը չէին բերի հանդիպման 17.30-ին, երբ 20.30-ին ինձ պետք է տուն ուղարկեին: Այսինքն՝ սա նորից գալիս է ապացուցելու, որ սա ոչ միայն քաղաքական տեսանկյունից պատվեր է, այլեւ իրավական տեսանկյունից՝ բեսպրեդել»:

Հ. Գ. Ալեքսանդր Արզումանյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին աջակցության համար եւ ասաց, որ ինքը համոզվեց՝ մեր երկրում ամենաշատ գործ անողները լրագրողներն են. «Ինչը չեմ ասի քաղաքական գործիչների եւ իրավապաշտպանների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել