Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ տասնհինգերորդ

ԱՌԱՆՑ

ՄԻՋՆՈՐԴԻ

– Որ էդ պարետին չեն հանելու, էլ իզուր տեղը խի՞ ենք իրա դեմ հոդված գրում,- հարցրի ես:

– Պրոֆիլակտիկայի համար,- ժպտաց Աշոտը:- Ուզում ենք ցույց տանք, որ մենք էլ ենք մարդ: Ավելի ճիշտ, Դարբինյանն ուզում ա ցույց տա, որ ինքը ոչ մեկից չի վախենում:

– Բայց վախենում ա, չէ՞:

– Ումի՞ց:

– Էդ մինիստրներից:

– Էդ մինիստրներից ինքը ոչ մի կախում չունի:

– Բա ումի՞ց կախում ունի:

– Մենակ ռեկտորից,- ասաց Աշոտը.- իրա պրյամոյ վերադասն էս ինստիտուտի ռեկտորն ա:

– Բայց ռեկտորի վերադասն էլ էդ մինիստրներն են, չէ՞:

– Էդ ի՞նչ կապ ունի:

– Կարող ա՝ էդ մինիստրին դուր չգա, որ էդ պարետի դեմ գրել ենք:

– Ո՞ր մինիստրին դուր չի գա:

– Էդ պարետի բարեկամին:

– Հաստատ չգիտեմ՝ բարեկա՞մն ա, թե՝ համագյուղացին:

– Կարող ա էդ հոդվածը մինիստրին դուր չգա, ու մինիստրը զանգի՝ ռեկտորին բողոքի:

– Դարբինյանի ուզածն էլ հենց էդ ա:

– Ի՞նչը:

– Որ ռեկտորն իրան զանգի ու խնդրի, որ էդ պարետի դեմ բան չգրենք: Դրանից ռեկտորն էլ ա իրան լավ զգալու:

– Ինչի՞ց ա լավ զգալու:

– Որ մինիստրն իրան զանգում ու խնդրում ա, որ էդ պարետի դեմ բան չգրենք:

– Մինիստրն էս թերթը կարդում ա՞:

– Որ կարդար, չէինք գրի:

– Ի՞նչ չէիք գրի:

– Էդ պարետի դեմ: Էրկու անգամ դրա դեմ արդեն գրել ենք, բայց մինիստրը ոչ մի անգամ չի զանգել:

– Ո՞ւմ պիտի զանգեր:

– Ռեկտորին:

– Ի՞նչ գիտես, որ չի զանգել:

– Որ զանգած ըլներ, ռեկտորը Դարբինյանին կկանչեր ու կզգուշացներ, որ էդ պարետի դեմ բան չգրենք:

– Ի՞նչ գիտես, որ չի կանչել ու չի զգուշացրել:

– Դարբինյանն ինձնից գաղտնիք չի պահում,- լուրջ տոնով ասաց Աշոտը, հետո ծիծաղելով ավելացրեց.- որ ռեկտորը Դարբինյանին կանչած ու զգուշացրած ըլներ, հո գիժ չէի՞նք, որ քեզ էդ հանրակացարան ուղարկեինք:

– Երեւի էդ մինիստրը ձեր էս թերթը չի էլ կարդում:

– Շատ հնարավոր ա: Դարբինյանը շատ ա նեղվում:

– Ինչի՞ց ա նեղվում:

– Որ իրա թերթը չեն կարդում:

– Մինիստրը երեւի ժամանակ էլ չունի, որ սաղ թերթերը կարդա:

– Պարտավոր ա,- ասաց Աշոտը:- Գոնե բարձրագույնի մինիստրը պիտի կարդա, որ իմանա՝ իրա ինստիտուտներում ինչ ա կատարվում:

– Փաստորեն, էդ պարետը բարձրագույնի մինիստրի բարեկամն ա,- եզրակացրի ես:

– Կամ էլ՝ համագյուղացին,- ասաց Աշոտը:

– Բայց բարձրագույնի՛ մինիստրի, ոչ թե՝ առողջապահության:

– Բնական ա,- ասաց Աշոտը.- առողջապահության մինիստրը հանրակացարանների հետ ոչ մի կապ չունի:

– Այսինքն, բարձրագույնի՛ մինիստրը ձեր թերթը չի կարդում:

– Հաստատ չգիտեմ,- ասաց Աշոտն ու մի քիչ մտածելով՝ ավելացրեց.- բայց հաստատ գիտեմ, որ առողջապահության մինիստրը կարդում ա:

– Որտեղի՞ց գիտես:

– Իրա հետ մայիսին հարցազրույց էինք տպել՝ լուսանկարով բանով,- ասաց Աշոտը.- գոնե էդ համարը կարդացած կըլնի:

– Էդ համարը հաստատ կարդացած կըլնի,- ասացի ես:

– Մի գլուխ լուսանկարները փոխում էր:

– Իրան էլ է՞ր Սեյրանը լուսանկարել:

– Սեյրանին ուղարկեցինք, որ լուսանկարի, բայց ինքն ասել էր, որ լիքը լուսանկարներ ունի:

– Իրա հետ հարցազրույցն ո՞վ էր արել:

– Պարզ ա, որ Դարբինյանը պիտի աներ,- ասաց Աշոտը.- մինիստրները խմբագրից պակաս մարդու հարցազրույց չեն տալիս:

– Էդ օրենք ա՞:

– Չգրվա՛ծ օրենք ա,- ասաց Աշոտը.- «Գարունում» էլ, որ մինիստրները հարցազրույց էին տալիս, Վարդգեսին էին տալիս:

– Ի՞նչ Վարդգես:

– Պետրոսյան,- ասաց Աշոտը:- Առաջվա բան եմ ասում. հիմի ինքը Գրողների միության նախագահն ա:

– Հա,- ասացի ես:

– Դու իրա պաշտոնն ինձանից լավ պիտի իմանաս,- ասաց Աշոտը.- ինքը, փաստորեն, քո նախագահն էլ ա:

– Ես Գրողների միության անդամ չեմ:

– Մի օր կդառնաս,- ասաց Աշոտը:- Ասում են՝ Դեմիրճյանն առանց իրա ոչ մի հարց չի լուծում:

– Չգիտեմ,- ասացի ես.- Գրողների միության հետ կապ չունեմ:

– Դժվարը «Գարունում» տպվելն ա՝ արդեն տպվել ես:

– «Գարունում» տպվելս շատ հեշտ ստացվեց:

– Երեւի միջնորդել են,- ասաց Աշոտը, հետո մի քիչ մտածեց, հարցրեց.- ո՞վ ա օգնել:

– Տարել եմ՝ տպել են,- ասացի ես:

– Քանի՞ ամսում տպեցին:

– Չորս ամիս տեւեց,- ասացի ես.- ամենաշատը՝ հինգ:

– Չհավատալու բան ես ասում,- ասաց Աշոտը:- հետները ծանոթ էի՞ր:

– Ընթացքում ծանոթացա,- ասացի ես.- մինչեւ տպվելը մի քանի անգամ գնացել եմ:

– Ո՞ւմ մոտ էիր գնում:

– Էդոյի ու Տաթեւիկի:

– Միլի՞:

– Հա,- ասացի ես:- Էդոյին ճանաչո՞ւմ ես:

– Կուրսեցիս ա,- ասաց Աշոտը:- Բա Տաթեւի՞կն ով ա:

– Սիրուն աղջիկ ա:

– Չեմ ճանաչում. առաջին անգամ եմ էդ Տաթեւիկի անունը լսում:

Տաթեւիկը «Գարունում» նոր աշխատող էր, ու Էդոյի հետ նույն սենյակում էին նստում: Էդոն բանաստեղծություններիս շարքը միանգամայն նորմալ ընդունեց, որովհետեւ Էդոն էլ էր Ֆիլյան Ռուբոյի համակուրսեցին, եւ նախքան «Գարուն» մտնելս իրար արդեն ճանաչում էինք: Ինքը հաստատ Տաթեւիկից պաշտոնով բարձր էր, որովհետեւ, երբ դռնից մտնում էիր, Էդոյի գրասեղանն ուղիղ դեմդիմաց էր եւ Տաթեւիկի գրասեղանից էլ զգալիորեն մեծ էր, իսկ Տաթեւիկինը կողքանց էր դրված, եւ երբ Էդոն բանաստեղծություններս կարդաց, գլխով արեց ու ասաց՝ «նորմալ գործեր են. խի՞ մինչեւ հիմի չէիր բերում», եւ ես ասացի՝ «եսիմ», եւ երբ Էդոն սենյակից դուրս եկավ, Տաթեւիկը բանաստեղծություններս Էդոյի սեղանից վերցրեց, աչքի անցկացրեց, հետո գլուխը բարձրացրեց, իր սիրուն աչքերով ինձ նայեց ու ասաց՝ «շատ նորմալ գործեր են. ո՞նց է, որ մինչեւ հիմա չեք բերել. մանավանդ որ՝ մեր Էդիկին էլ ճանաչում եք», եւ ես ասացի՝ «չգիտեի, որ «Գարունում» ըսենց սիրուն աղջիկներ են աշխատում», եւ Տաթեւիկն ինձ ժպտաց ու ասաց՝ «հումորից էլ վատ չեք», եւ ես ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ Տաթեւիկն ասաց՝ «ես էլ եմ լրիվ լուրջ ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «միգուցե երգիծական նյութեր է՞լ գրեք», եւ ես ասացի՝ «երգիծական չեմ գրում», եւ Տաթեւիկն ասաց՝ «շատ իզուր. ինձ թվում է՝ շատ լավ կստացվի», եւ ես ասացի՝ «էս բանաստեղծություններս որ հորովմորով անենք, երգիծական էլ կփորձեմ», եւ Տաթեւիկը միանգամայն լուրջ ասաց՝ «երգիծանքն արտահերթ է. պոեզիայի հետ ոչ մի կապ չունի», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «դուք էլ հումորից վատ չեք», եւ Տաթեւիկն ասաց՝ «ես լրիվ լուրջ եմ ասում. հումորի բաժինն անձամբ իմն է», եւ երբ Էդոն վերադարձավ, Տաթեւիկը բանաստեղծություններս Էդոյի սեղանին դնելով ասաց՝ «շատ նորմալ բանաստեղծություններ են, Էդիկ», եւ Էդոն ասաց՝ «նորմալից մի բան էլ լավ են», եւ Տաթեւիկն Էդոյին ասաց՝ «Արմենին խնդրեցի, որ երգիծական նյութեր գրի», եւ Էդոն Տաթեւիկին ասաց՝ «հումորի գծով Արմենի ընկերն ա ուժեղ», եւ Տաթեւիկն Էդոյին հարցրեց՝ «ես ճանաչո՞ւմ եմ», եւ Էդոն պատասխանեց ու ասաց՝ «հա. Սերժիկին հաստատ Ռուբոյենց տանը տեսած կըլնես», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «ո՞ր Ռուբոյենց», եւ Էդոն ասաց՝ «Ֆիլյան», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «Սերգեյի՞ն նկատի ունես», եւ Էդոն ասաց՝ «հա. Սերոժը մեջներիցս ամենահումորովն ա», եւ Տաթեւիկն ասաց՝ «ի՞նչ օգուտ. Սերգեյն էլ խոստացավ, որ երգիծանք կգրի, բայց չի գրում», եւ Էդոն ասաց՝ «Սերժիկը որ մտքին դնի, շատ ուժեղ կգրի», եւ Տաթեւիկն ասաց՝ «հետաքրքիր մարդիկ են. «Պապլավոկում» ու ամեն տեղ խոխմեք են անում, փոստեր են կապում, բայց լայաղ չեն անում իրենց էդ փոստերը գրի առնել»:

– Չեմ ճանաչում,- ասաց Աշոտը.- առաջին անգամ եմ էդ Տաթեւիկի անունը լսում:

– Ինքը երգիծանքի գծով ա,- ասացի ես ու ավելացրի.- շատ սիրուն աղջիկ ա:

– Մեր տարիքի աղջիկ ա՞:

– Կարող ա մեզանից մի քիչ մեծ ըլնի, բայց շատ սիրուն ա:

– Հազար անգամ «Գարունում» էղել եմ, բայց սիրուն աղջիկ չեմ տեսել:

– Ճաշակի հարց ա,- ասացի ես.- կարող ա իմ աչքին ա սիրուն էրեւացել:

– Ճաշակի հարց չկա,- ասաց Աշոտը.- սիրուն աղջիկը հարուր մետրից էլ ա էրեւում:

– Երեւի նոր աշխատող ա:

– Որտե՞ղ ա նստում:

– Էդոյի սենյակում:

– Հաստատ նոր ա,- ասաց Աշոտը.- որ վերջին անգամ Միլի մոտ էի գնացել, իրա սենյակում ոչ մի աղջիկ չկար:

– Հիմի էդ Տաթեւիկի հետ նույն սենյակում են նստում:

– Ուրիշ մարդ չի միջնորդե՞լ,- հարցրեց Աշոտը.- ոչ մեկը չի բարեխոսե՞լ:

– Ինչի՞ համար:

– Էդ բանաստեղծություններիդ տպագրության հաշվով:

– Չէ,- ասացի ես.- Էդոն ու Տաթեւիկը հավանել ու տպել են:

– Հազարից մեկ ա ըտենց բան ըլնում,- բաժակները լցնելով՝ ասաց Աշոտը.- հազարից մեկ ա պատահում, որ «Գարունում» առանց միջնորդության տպագրվեն:

Իրականում, իհարկե, միջնորդություն եղել էր, ավելի ճիշտ՝ միջնորդություններ, եւ երբ բանաստեղծություններս «Գարունին» հանձնելուց մի քանի օր անց Տաթեւիկին իրենց խմբագրության շենքի մոտ տեսա ու մինչ մտածում էի՝ մոտենա՞մ, թե՞ չմոտենամ, ի՛նքն ինձ մոտեցավ եւ առանց բարեւելու ասաց՝ «ա՛յ Արմեն, էս որոշել ես գործիդ գլխին քար գցե՞ս», ու ես ներքուստ շատ ուրախացած՝ որ Տաթեւիկն ինձ ճանաչեց, ասացի՝ «բարեւ ձեզ», եւ ինքն առանց բարեւիս պատասխանելու՝ ասաց՝ «կարող ա՞ մենք քեզ ասել ենք՝ բանաստեղծություններդ վատն են», եւ ես ասացի՝ «ընդհակառակը. գովել եք», եւ Տաթեւիկը վրդովված ասաց՝ «բա ինչո՞ւ ես ավելորդ մարդմուրդ մեջ գցում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ մարդմուրդ», եւ Տաթեւիկն ասաց՝ «օրական մեկը մտնում ա խմբագրի մոտ եւ բանաստեղծություններիդ հաշվով բարեխոսում ա», եւ ես ավելի զարմացա ու հարցրի՝ «ի՞նչ խմբագիր», եւ Տաթեւիկն ասաց՝ «Անժիկի մոտ են մտնում. իրանց արեւին բարեխոսում են», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Անժիկ», եւ Տաթեւիկն ասաց՝ «Հակոբյան. չգիտե՞ս, որ «Գարունի» խմբագիրն Անժիկ Հակոբյանն ա», եւ ես ասացի՝ «քեզնից եմ հիմա իմանում», եւ Տաթեւիկը վրդովված ասաց՝ «էդ բանաստեղծական ձեւերն ու դերասանությունները հեչ չեմ սիրում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ բանաստեղծական ձեւեր», եւ Տաթեւիկն ասաց՝ «համ խմբագրի մոտ մարդմուրդ ես ուղարկում, համ էլ ցույց ես տալիս, թե չգիտես՝ խմբագիրն ով ա», եւ ես հարցրի՝ «խմբագրի մոտ ո՞ւմ եմ ուղարկել», եւ Տաթեւիկն ասաց՝ «Հովհաննես Մելքոնյանն ու Ռաֆիկ Արամյանն Անժիկի մոտ բանաստեղծություններիդ հաշվով բարեխոսել են» եւ ավելացրեց՝ «ոնց որ Արշակյանն էլ ա քո հաշվով խմբագրին զանգել», եւ ես ասացի՝ «ես ի՞նչ մեղք ունեմ, որ բարեխոսել են», եւ Տաթեւիկը զայրույթից կարմրեց ու ասաց՝ «ո՞նց թե՝ ինչ մեղք ունես. դու չե՞ս իրանց ուղարկել խմբագրի մոտ», եւ ես ասացի՝ «ես իրանց ընդամենը ասել եմ, որ «Գարունին» բանաստեղծություններ եմ տվել. ես հո իրանց չե՞մ խնդրել, որ բարեխոսեն», եւ Տաթեւիկը մի քիչ հանգստացած ասաց՝ «հիմա իրենց կխնդրես, որ չբարեխոսեն», եւ ես հարցրի՝ «ինչի՞», եւ Տաթեւիկն ասաց՝ «որովհետեւ իրենց էդ բարեխոսությունները կարող են հակառակ արդյունքը տալ», եւ ես հարցրի՝ «հակառակ արդյունքը ո՞րն ա», եւ Տաթեւիկն ասաց՝ «կարող ա խմբագիրը բարկանա եւ բանաստեղծություններդ ընդհանրապես չտպի», եւ ես ասացի՝ «ես մեղավոր չեմ, որ իրանք բարեխոսում են», եւ Տաթեւիկն ասաց՝ «դու մեղավոր չես, բայց շատ հնարավոր ա, որ հենց դու տուժես», եւ ես ասացի՝ «որտեղ բարակ ա՝ թող կտրվի», եւ Տաթեւիկն ասաց՝ «ասածիցդ բան չհասկացա», եւ ես ժպտացի ու ասացի՝ «գնանք սուրճ խմենք, որ իրար հասկանանք», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ սուրճ. որտե՞ղ խմենք», եւ ես գլխով «Պապլավոկը» ցույց տվի ու ասացի՝ «Պապլավոկում», եւ Տաթեւիկն ասաց՝ «հենց նոր եմ «Պապլավոկում» սուրճ խմել», եւ ես ասացի՝ «շամպայն կխմենք», եւ Տաթեւիկը լրջացած ասաց՝ «ա՛յ տղա, դու ինձ ո՞ւմ տեղն ես դրել», եւ ես շարունակելով գլուխս բարձր պահել, որպեսզի Տաթեւիկի կարճ փեշից սկսվող ոտքերին չնայեմ, ասացի՝ «շամպայն խմելու մեջ ի՞նչ վատ բան կա», եւ Տաթեւիկն ասաց՝ «ինչքան հասկանում եմ, դու հաստատ որոշել ես գործիդ գլխին քար գցել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գործ», եւ Տաթեւիկն ասաց՝ «բանաստեղծություններիդ տպագրության հաշվով եմ ասում», եւ ես նորից ասացի՝ «շամպայն խմելու մեջ ի՞նչ վատ բան կա», եւ Տաթեւիկը ժամացույցին նայեց, ժպտաց ու ասաց՝ «շամպայն խմելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց աշխատանքի ժամին չի կարելի», եւ ես հարցրի՝ «ինչի՞ չի կարելի», եւ Տաթեւիկը ժպտաց ու ասաց՝ «որովհետեւ գործից կհանեն», եւ ես հարցրի՝ «շամպայն խմելու համար գործից հանո՞ւմ են», եւ Տաթեւիկը ժպտաց ու ասաց՝ «նայած՝ ում. եթե ես էլ քեզ պես հզոր բարեխոսներ ունենայի, դժվար թե հանեին», եւ ես գլուխս բարձր պահած՝ Տաթեւիկին ասացի՝ «իսկ միգուցե աշխատանքից հետո հանդիպենք ու շամպայն խմենք», եւ Տաթեւիկը կարմրեց ու ասաց՝ «քեզ որ թշնամի չունենաս, դու քեզ հերիք ես», եւ ես գլուխս բարձր պահած՝ Տաթեւիկին ասացի՝ «հիմի էլ ե՛ս քեզ չեմ հասկանում», եւ Տաթեւիկը ժպտաց ու ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ բանաստեղծություններդ կտպագրվեն, հետո՛ շամպայն կխմենք», եւ ես գլուխս շատ բարձր պահած՝ Տաթեւիկին հարցրի՝ «բա մինչեւ տպագրվելն ի՞նչ անենք», եւ Տաթեւիկը ժպտաց ու ասաց՝ «մինչեւ տպագրվելն էդ բարեխոսողներիդ խնդրում ես, որ չբարեխոսեն», եւ ես գլուխս շատ բարձր պահած՝ Տաթեւիկին ասացի՝ «ես քանի՞ գլուխ ունեմ, որ Արշակյանին ու Արամյանին արգելեմ բարեխոսեն», եւ Տաթեւիկն ասաց՝ «Հովհաննես Մելքոնյանին մոռացար», եւ ես ասացի՝ «Հովհաննեսին կարամ խնդրեմ, բայց մյուս էրկուսը տարիքով մարդիկ են», եւ Տաթեւիկն ասաց՝ «հույս ունեմ, որ էդ մի անգամով կբավարարվեն ու իրենց էդ բարեխոսությունը չեն շարունակի», եւ ես ասացի՝ «ի՞նչ իմանաս. իրանց շատ չկա», եւ Տաթեւիկն ասաց՝ «ես Հովհաննեսին հարգում եմ, բայց իր ու Անժիկի հարաբերությունները մի քիչ բարդ են. շատ հնարավոր ա, որ Հովհաննեսի բարեխոսելը գործիդ վնասի», եւ ես գլուխս շատ բարձր պահած՝ հպարտ-հպարտ ասացի՝ «գործի հերն էլ անիծած. ամոթ էլ ա, որ քո պես սիրուն աղջկա հետ գործից եմ խոսում», եւ Տաթեւիկը կարմրեց ու հարցրեց՝ «բա ինչի՞ց պիտի խոսեինք», եւ ես ասացի՝ «կյանքից», եւ Տաթեւիկն ասաց՝ «հումորդ հավանում եմ, բայց շատ անշնորհք տղա ես», եւ ես ասացի՝ «ես է՛լ եմ էդ ասում», եւ Տաթեւիկն ասաց՝ «էդքան խնդրեցի, բայց էդպես էլ երգիծանք չգրեցիր», եւ ես ասացի՝ «անպայման կգրեմ», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «ե՞րբ», եւ ես ասացի՝ «առավոտից իրիկուն չարչարվում եմ, բայց չի ստացվում», եւ Տաթեւիկը ժպտաց ու ասաց՝ «երբ որ ստացվի, էդ ժամանակ էլ շամպայն կխմենք» եւ ժամացույցին նայելով ասաց՝ «ուշացա. հաջո՛ղ» եւ Մյասնիկյանի շրջկոմի աստիճաններով արագ-արագ բարձրացավ, եւ երբ սթափվեցի ու հետեւից գոռացի՝ «հաջող», ինքն արդեն աստիճանների վերեւներում էր, եւ իր սլացիկ ու սիրուն ոտքերը տեսք էին հաղորդում էդ աստիճաններին ու էդ գորշ շենքին:

– Հազարից մեկ ա ըտենց բան ըլնում,- մեր բաժակները լցնելով՝ ասաց Աշոտը.- հազարից մեկ ա պատահում, որ «Գարունում» առանց միջնորդության տպագրվեն:

– Նույնիսկ մաղարիչ չեմ արել,- ասացի ես:

– Տպվելուց հետո էլ չես արե՞լ,- զարմացավ Աշոտը:

– Որոշել էի անեմ, բայց չարեցի: Նույնիսկ բանավոր շնորհակալություն չեմ հայտնել:

– Էդ արդեն շնորհք չի,- ասաց Աշոտը:

– Նույնիսկ Տաթեւիկին չեմ տեսել,- ասացի ես:

– Տաթեւի՞կն ինչ կապ ունի,- զարմացավ Աշոտը.- գրականության բաժնի վարիչը Միլն ա:

– Տաթեւիկին էի խոստացել, որ տպվելուց հետո մաղարիչ կանեմ:

– Էդ բանաստեղծություններիդ համար հոնորար տվի՞ն,- հարցրեց Աշոտը:

– Երեսունհինգ մանեթ,- ասացի ես:

– Էդ երեսունհինգ մանեթից տասը մանեթը որ մաղարիչի վրա ծախսեիր, լրիվ հերիք էր,- ասաց Աշոտը:

– Ճիշտ ես ասում,- համաձայնվեցի ես:

– Պիտի ծախսեիր,- ասաց Աշոտը:- Էլի ես, չէ՞, էդ խմբագրություն մտնելու:

– Հիմի նոր բանաստեղծություններ եմ գրել, բայց արդեն ամաչում եմ էդ խմբագրություն ոտ դնեմ:

– Ամաչելու բան ա,- ասաց Աշոտը:- Գոնե խոստացած չըլնեիր:

– Մարդիկ համ բանաստեղծություններս տպեցին, համ էլ փող տվին:

– Որ արդեն հոնորարին սովորել ես, մեր մոտ երեւի կնեղվես:

– Ինչի՞ պիտի նեղվեմ:

– Մեր մոտ հոնորար չես ստանալու:

– Բայց աշխատավարձ ստանալու եմ, չէ՞:

– Ուրիշ տեղեր համ աշխատավարձ են ստանում, համ էլ՝ հոնորար:

– Աշխատավարձն ինձ լրիվ ձեռ ա տալի, մենակ թե՝ էդ հոդվածներից գլուխ հանեմ:

– Էդ հոդվածներից իզուր ես էդքան վախենում:

– Հիմա արդեն շատ չեմ վախենում,- ասացի ես.- որ բացատրեցիր, վախս մի քիչ անցավ:

– Ի՞նչ բացատրեցի:

– Փաստորեն, լրիվ բացատրեցիր՝ ոնց պիտի էդ հոդվածը գրեմ:

– Ո՞նց պիտի գրես:

– Սկզբում հանրակացարանի վիճակը կնկարագրեմ, հետո ուսանողներին հարցուփորձ կանեմ ու ամենավերջում՝ պարետին:

– Ամենավերջում մենք խմբագրության կողմից մի քանի տող կգրենք,- ասաց Աշոտը:

– Էդ արդեն ձեր գործն ա,- ասացի ես:

– Փաստորեն, հոդվածիդ կմախքն արդեն լրիվ պատկերացնում ես:

– Քո բացատրելուց հետո պատկերացրի:

– Ասում ես՝ վախդ մի քիչ անցա՞վ,- ժպտաց Աշոտը:

– Քո բացատրելուց հետո արդեն մոտավորապես պատկերացնում եմ՝ ինչ պիտի գրեմ:

– Իմ բացատրելուց չի,- ծիծաղեց Աշոտը:

– Բա ինչի՞ց ա,- զարմացա ես:

– Որ մի քանի բաժակ խմեցիր, վախդ թողեց,- շարունակեց ծիծաղել Աշոտը:

– Երեւի,- ծիծաղեցի ես:

– Արդեն վեցն անց ա,- ժամացույցին նայելով՝ ասաց Աշոտը:

– Գնալու վախտն ա՞,- հարցրի ես:

– Չէ,- ասաց Աշոտը.- ես որ՝ շտապելու տեղ չունեմ:

– Որ տենան խմում ենք՝ վրեդ չեն խոսա՞,- հարցրի ես:

– Ո՞վ պիտի խոսա,- զարմացավ Աշոտը:- Մենակ Դարբինյանը կարար վրես խոսար, բայց ինքն արդեն գնացել ա: Ես մենակ Դարբինյանին եմ ենթարկվում:

– Էդ լավ ա:

– Մենակ ինքը իրավունք ունի վրես խոսա, բայց ինքն էլ չի խոսում,- ժպտաց Աշոտն ու բաժակը բարձրացնելով՝ ասաց.- էս բաժակով էլ խմենք ստեղծագործական հաջողություններիդ համար:

– Ո՞ր ստեղծագործական հաջողություններիս,- հարցրի ես:

– Բանաստեղծություններիդ հաշվով եմ ասում,- ասաց Աշոտը:

– Ինձ թվաց՝ հոդվածի հաշվով ես ասում,- ժպտացի ես:

– Հոդվածն էլ ա ստեղծագործություն, բայց բանաստեղծությունն ավելի ստեղծագործություն ա,- ասաց Աշոտը:

– Ճիշտն ասած, էդ «Գարունում» տպածներս հեչ չեմ հավանում:

– Որ չես հավանում, ո՞նց ես տպել,- զարմացավ Աշոտը:

– Իրանք են տպել,- ասացի ես:

– Բայց դու ես, չէ՞, իրանց տվել,- ավելի զարմացավ Աշոտը.- որ չտայիր, ո՞նց կտպեին:

– Տարվա սկզբներին եմ տվել,- արդարացա ես.- էն վախտ որ տվի, հավանում էի:

– Պոեզիայի քննարկում չի. կենացդ ենք խմում,- ասաց Աշոտն ու խմեց:

– Մերսի, Աշոտ ջան,- ասացի ես ու խմեցի:

– Դու ըստեղ սպասի՝ ես մի տեղ գնամ ու գամ,- տեղից վեր կենալով՝ ասաց Աշոտը:

– Որ հարցնեն՝ ի՞նչ ասեմ,- հարցրի ես:

– Ո՞վ պիտի հարցնի,- զարմացավ Աշոտը:

– Եսիմ,- ասացի ես.- անծանոթ հիմնարկ ա:

– Ռազ որ ինձ հարգում ու հարցնում ես, ինչ ուզում ես ասա,- ծիծաղեց Աշոտն ու ավելացրեց.- հինգ րոպեից կգամ, Արմո ջան, ամենաշատը՝ տասը րոպեից:

– Էղավ, Աշոտ ջան,- ասացի ես:

– Շատ-շատ պահակը պիտի հարցնի, կասես՝ Աշոտի հետ ենք խմում,- ասաց Աշոտն ու ժպտալով ավելացրեց.- համ էլ՝ դու արդեն էս խմբագրության աշխատող ես. ինքդ պիտի կողմնորոշվես՝ ում ինչ ասես:

Աշոտը նոր էր գնացել, երբ դուռը բացվեց, ու դռների մեջ հայտնվեց փողկապավոր, բարձրահասակ, չափազանց լուրջ ու պատկառելի արտաքինով միջին տարիքի մի մարդ:

– Բարեւ ձեզ,- զարմացած մեկ ինձ, մեկ շամպայնի շշերին նայելով՝ ասաց փողկապավորը:

– Բարեւ ձեզ,- ասացի ես:

– Դուք ո՞վ եք,- հարցրեց փողկապավորը:

– Դուք ո՞ւմ եք ուզում,- հարցրի ես:

– Էս խմբագրության աշխատողներից մեկնումեկին:

– Ես էլ եմ խմբագրության աշխատող:

– Ես խմբագրության աշխատողներին հինգ մատիս պես եմ ճանաչում,- ասաց փողկապավորը:

– Ես նոր աշխատող եմ:

– Ինչքա՞ն նոր:

– Էսօր են հրամանս տվել:

– Էդ ուրիշ,- ասաց փողկապավորը, հետո աչքերը շամպայնի շշերին գցելով՝ ավելացրեց.- էսօր աշխատանքի ես ընդունվել ու արդեն ուտուշխմուշի մեջ ե՞ս:

– Մաղարիչս եմ անում,- ասացի ես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել