Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»

Սեպտեմբեր 08,2007 00:00

Անվստահելի «թրասթ»

«Հայփոստում» խիստ ուշագրավ բաներ են կատարվել: Եվ կատարվում:

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի անունն այս օրերին հոլովվում է մեծածավալ չարաշահումների մասին մեկը մյուսին հաջորդող հայտարարություններում: Ընդամենը 7 օրում «Հայփոստի» տարածած պաշտոնական 4 հայտարարության մեջ հիշատակված չարաշահումներով ընկերությանը պատճառված վնասների ընդհանուր չափը հասնում է 2 միլիարդ 488 միլիոն դրամի (ընթացիկ փոխարժեքով դա համարժեք է մոտ 7 միլիոն 426 հազար ԱՄՆ դոլարի): Ի՞նչ է կատարվում «Հայփոստ» ՓԲԸ-ում, որ արդեն մոտ 10 ամիս հավատարմագրային կառավարման է հանձնված Հոլանդիայում գրանցված «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: Ընկերություն, որ փոստային կապի ոլորտում մինչ այս ուղղակի անհայտ էր, ու անհայտ էր այն պարզ պատճառով, որ ստեղծվել է հենց միայն «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն ստանձնելու նպատակով՝ «Post Finance International»-ի կողմից: Ի՞նչ է կատարվել «Հայփոստում», որի լիարժեք բաժնետերը եղել ու մնում է Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս պետական գույքի կառավարման վարչության:

Գնանք այս հարցերի ետեւից, սկսելով ժամանակագրորեն համեմատաբար թարմ փաստերից ու, ինչպես սիրում են ասել Երեւանում, խորանանք:

Պայթուցիկ ծանրոցներ՝ ոչ վաղ անցյալից

«Հայփոստը» մոտ 15 տարվա պատմություն ունի: Բայց դա գողության եւ թալանի պատմություն է: Երգիծաբանի սուր գրչին արժանի այս արտահայտության հեղինակը «Հայփոստի» հոլանդացի հավատարմագրային կառավարիչ, իսկ հուլիսի 25-ից նաեւ գլխավոր տնօրեն Հանս Բոոնն է: Նա «Հայփոստի» տարածքային մասնաճյուղերի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ օգոստոսի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդպես հակիրճ ու բովանդակալից է բնորոշել Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի գործունեության անցած ժամանակահատվածը, որ, ի դեպ, 13 տարի է, որից մոտ 1 տարին էլ, կոնկրետ՝ 2006 թվականի նոյեմբերի 30-ից սկսած, «Հայփոստի» փաստացի ղեկավարը Հանս Բոոնն է՝ իր կադրային թիմի հետ:

Ի դեպ, օգոստոսի 29-ի ժողովում նա հայտարարել է, որ ընկերությունը բացահայտել է «սիստեմատիկ ու բավականին մեծամասշտաբ խախտումներ, որոնք առնչվում են «Հայփոստի» ավտոտնտեսության գործառություններին ու կառավարման համակարգին»: Նա ընդգծել է, որ խոսքը բենզինի ծախսի եւ ընկերության ավտոտնտեսության շահագործման ասպարեզում հայտնաբերված խախտումների մասին է, որոնք թույլ են տրվել մի շարք աշխատակիցների եւ ղեկավարների կողմից: Հանս Բոոնի խոսքով, «Հայփոստը» վերջին 5-7 տարիներին այդ համակարգի միջոցով կորցրել է ավելի քան 2 միլիարդ դրամ, եւ այդ փաստերի կապակցությամբ հետաքննություն իրականացնելու խնդրանքով իրենք դիմել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Հաջորդ խոշոր «ծանրոցը», ինչպես արդեն հայտնի է, վերաբերում է 2001-ից ի վեր, Իրանից (սահմանակից՝ Մեղրի) եւ Վրաստանից (սահմանակից՝ Սադախլո) փոստային ապրանքներ եւ առաքանի փոխադրելու նպատակով «Հայփոստի» վարձակալած բեռնատարներին: Հիշեցնենք. «Սույն խնդրին առնչվող բեռնափոխադրման պայմանագրերից մեկն էլ կնքվել է «Կոճոռ Տելեկոմ» ՍՊԸ-ի հետ, որը փաստացի պատկանում է ՀՀ կառավարության բարձր պաշտոնյաներից մեկին: Մնացած պայմանագրերը կնքվել էին «ՀՍԳ Տրանս» ՍՊԸ եւ «Արաքս էլեկտրոնիկս» ՍՊԸ-ների հետ: Փաստերը խոսում են այն մասին, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նշված երկու ընկերությունները պատկանում են «Հայփոստ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենին: Նշված երեք հայկական ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերը «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ուղղակիորեն ստորագրվել են նրա նախկին գլխավոր տնօրենի կողմից: Ընկերությունը կրել է առնվազն 167 միլիոն ՀՀ դրամի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 498 հազար ԱՄՆ դոլարի-թղթ.) վնաս»,- հայտարարել է «Հայփոստի» ներկայիս ղեկավարությունը, որն այս առնչությամբ եւս դիմել է իրավապահ մարմիններին:

Շատ ավելի հետաքրքիր է այն, որ դիտարկվող ժամանակահատվածում, այսինքն՝ 2001-ից մինչեւ 2005 թվականը «Հայփոստի» գլխավոր տնօրենը եղել է Վրույր Առաքելյանը, ով ներկայումս Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալն է: Կարելի է ենթադրել, եւ մեր աղբյուրները մասամբ նույնն են հուշում, որ «Հայփոստի» ներկայիս ղեկավարության հիշյալ հայտարարության մեջ ակնարկված «ՀՀ կառավարության բարձր պաշտոնյաներից մեկը» Վրույր Առաքելյանն է ու «Կոճոռ Տելեկոմ» ՍՊԸ-ն էլ նրան է պատկանում: Այդպե՞ս է դա, թե՞ ոչ, թերեւս կպարզեն իրավապահ մարմինները: Սակայն ակներեւ է, որ «Հայփոստի» ներկայիս կառավարիչները Վրույր Առաքելյանի ղեկավարած ժամանակահատվածը նույնպես դիտարկում են իրենց հայտարարություններում նշվող չարաշահումների շրջանակում:

Միաժամանակ չափազանց ուշագրավ է, որ փոստային բեռների փոխադրումներ իրականացրած «ՀՍԳ Տրանս» եւ «Արաքս էլեկտրոնիկս» ընկերությունները, ըստ տարածված հայտարարության, պատկանում են «Հայփոստ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենին, ով էլ ուղղակիորեն ստորագրել է նրանց հետ կնքված պայմանագրերը: «Հայփոստի» հայտարարության մեջ անուններ չեն նշվում: Նման դեպքում, միանգամայն տրամաբանական է, որ «նախկին գլխավոր տնօրեն» ասելով, հայտարարության հեղինակները նկատի ունեն այդ պաշտոնը վերջինն զբաղեցրած մարդուն, մանավանդ որ՝ այս տարիներին ընկերությունը մի քանի գլխավոր տնօրեն է ունեցել:

Իսկ «Հայփոստի» վերջին գլխավոր տնօրենը եղել է Գեւորգ Նալբանդյանը, ով այդ պաշտոնն զբաղեցրել է 2005 թվականից մինչեւ այս տարվա հուլիսի 25-ը: Հետաքրքիրն այն է, որ Գեւորգ Նալբանդյանը դրանից հետո ավելի ցածր պաշտոն է ստացել «Հայփոստում», նշանակվելով գլխավոր տնօրենի տեղակալ՝ հատուկ ծրագրերի գծով, ապա գնացել է արձակուրդ: Չնայած դրան, նա արձակուրդից օրերս վերադարձել է եւ գնում է աշխատավայր: Նկատենք, որ Գ. Նալբանդյանը վերջերս Շիրակի մարզպետ նշանակված, իսկ մինչ այդ Գյումրիի հարկային ծառայությունը ղեկավարած Լիդա Նանյանի որդին է: Եվս մեկ հետաքրքրական հանգամանք. «Հայփոստի» ինտերնետային պաշտոնական կայքէջում ընկերության ղեկավար կազմին ներկայացնող «Մեր թիմը» բաժնում Գեւորգ Նալբանդյանը որեւէ կերպ հիշատակված չէ: Ասել կուզի՝ Հանս Բոոնը նրան չի դիտում «իր թիմի» կազմում, նույնիսկ՝ փոխարինողների նստարանին: Թե ի՞նչ նստարան է սպասում Գ. Նալբանդյանին, կյանքը ցույց կտա: Իսկ մենք շարունակենք զննել «Հայփոստի» սկանդալային «առաքանին»:

Եվ մյուս հոլանդական «ծանրոցը» ուղղակի պարուրված է հայկական նամականիշերով, ըստ որում, նաեւ ուղղակի իմաստով: «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչը նախ «ցրցամ» տվեց, որ 2007 թվականին ապօրինի «տպագրվել, թողարկվել եւ վաճառվել են 51 տեսակի նամականիշեր, ինչի արդյունքում ընկերությունը էական վնասներ է կրել»: Ապա մի քանի օր անց «Հայփոստը» հստակեցրեց, որ այդ նամականիշերը թողարկել է «Նամականիշ» ՓԲԸ-ն: Ավելին, կապի եւ տրանսպորտի նախարարությանը մեղադրեց «Նամականիշի» այդ գործունեությանն օժանդակելու մեջ: Գործունեություն, որից, ըստ «Հայփոստի», իրենք շուրջ 300 միլիոն դրամի (մոտ 892 հազար դոլարի) վնաս են կրել:

Բայց մյուս կողմից, Հայաստանի իրավապահ մարմինները պետք է հետաքրքրվեն նաեւ «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն ստանձնած «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» ներկայացուցիչներով ու նրանց գործունեությամբ: Համենայնդեպս, նաեւ նման զարգացում է ենթադրում «Հայփոստի» կառավարիչների վերջին աղմկահարույց հայտարարությանն ի պատասխան Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հայտարարությունը. «Մեր կարծիքով՝ սա շանտաժ է նոր կառավարչի կողմից՝ ընկերությունը սնանկացման տանելու համար: Շանտաժ անելու փոխարեն՝ թող բարի լինեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները եւ չկուտակեն պարտքեր» («Առավոտ», 05.09.07թ.): Իսկ շանտաժը, ինչպես հայտնի է, քրեորեն պատժելի արարքների շարքում է: Չնայած՝ «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչների հայտնությունը հետաքրքիր է ոչ միայն այդ տեսանկյունից: Տարօրինակ է եւ այն, որ հիշյալ չարաշահումներով հանդերձ՝ «Հայփոստը» շահույթով էր աշխատում: Օրինակ, 2005-ին շահույթը մոտ 600 մլն դրամ է եղել: Հիմա պատկերը հակառակն է: Իսկ դա՝ հաջորդիվ:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել