Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնամաքրվելն այլեւս անհնար է»

Սեպտեմբեր 08,2007 00:00

Որտեղ փնտրել գիտության պատիվը-4

Հայրենական գիտության կազմակերպման «գլուխգործոցը» առաջավոր տեխնոլոգիաների ինովացիոն կենտրոններն են: Դրանից վեր էլ ոչինչ չկա: Երբ նայում ես ու լսում չինովնիկների ելույթներն այս կենտրոնների մասին, հասկանում ես, թե ինչ հեշտ է խաբել մարդկանց: Ոչ միայն այն պատճառով, որ նրանք վախեցած են ու միամիտ: Պարզապես խաբելու պետական ապարատը հասել է իդեալական վիճակի՝ աբսոլյուտի: Աղբանոց հիշեցնող ինչ-որ շենքերում ծվարած կիսասոված մարդկանց անվանել առաջավոր տեխնոլոգիաների հեղինակ եւ նրանց միջոցով փողեր վատնե՞լ: Գոնե էս թշվառներին մի բան հասներ: Մտեք կամայական նմանատիպ կենտրոն եւ հարցրեք՝ ինչո՞վ եք զբաղվում: Որպեսզի երկար-բարակ չլսեք գիտական նվաճումների, համաշխարհային մակարդակի եւ նման այլ բաների մասին բարբաջանքը՝ միանգամից պահանջեք աշխատավարձի ցուցակները: Իսկ եթե շարունակեն գիտությունից խոսել՝ ավելի կտրուկ տոնով պահանջեք նաեւ բոլոր ծախսերի մասին հաշվետվությունը: Հավատացնում եմ ձեզ, միանգամից կմոռանան ականավոր գիտնականներին, համաշխարհային գիտությունը: Գիտության կազմակերպման գոյություն ունեցող համակարգը կվատնի բոլոր միջոցները՝ առանց որեւէ արդյունք տալու: Անհեթեթ ստրուկտուրաները կփոշիացնեն կամայական գումար՝ ինչքան էլ ավելացնես: Երեւի տնտեսական ոչ մի ֆորմացիա՝ սկսած նախնադարյան համայնական կարգերից, նման անհեթեթ ստրուկտուրաներ չի պահել: Հեռու չգնանք:

Իմ հարազատ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում աշխատում է 580 մարդ: Միայն մեկը կա սրանց մեջ, որի աշխատավարձով հնարավոր է ապրել (երեւի կռահեցիք պաշտոնը): Մնացած 579-ը ստանում է մոտ 25000 դրամ: Նման տխմարություն նույնիսկ ստրկատիրության ժամանակ չի եղել: 579 հոգի աշխատում է օրական հազար դրամով, որպեսզի մի հոգու պահեն: Անկախ նրանից, թե մարդկային գործունեության որ բնագավառում է գոյատեւում նման հիմնարկություն՝ մի բան ակնհայտ է: Նման օգտակարության գործակից ունեցող հիմնարկ պահող հասարակարգը հիվանդ է եւ բուժման կարիք ունի:

Բոլորին լավ հայտնի է, որ վերջին 15 տարում Հայաստանից հեռացել են մեծաթիվ գիտաշխատողներ: Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ են «տարել» հայկական գիտությունից: Բնականաբար՝ լավերին, թե՛ տարիքի, թե՛ գիտելիքի իմաստով: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ տարեցտարի «բարեփոխվող» կրթական համակարգը հայրենիքը լքած գիտաշխատողների թափուր տեղերը նոր կադրերով համալրելու նպատակ չունի, պարզ կդառնա, թե հիմնականում ովքեր են մնացել գիտության ասպարեզում: Ամենուրեք մոտավորապես հետեւյալ պատկերն է: Հիմնարկի տնօրենը իրեն ապահովագրել է պատասխանատվությունից՝ գիտխորհուրդ կոչվող «օրգանով», որտեղով կարող է անցկացնել կամայական որոշում, որի համար ցանկալի է կոլեկտիվ պատասխանատվություն: Գիտխորհրդի անդամի միջին կերպարը հետեւյալն է՝ մոտ 60 տարեկան հոգնած մարդ, որը երեխաներին վաղուց արդեն արտասահման է ուղարկել, իսկ ծնողներին՝ այն աշխարհ, եւ հետեւաբար առանձնապես ուզելիք չունի այս երկրից ու կյանքից: Վերջին տարիներին առանձնապես գործ չանելու պատճառով, բնականաբար, խոսելու տեղ էլ չունի: Այնպես որ, ինչի համար ուզես կքվեարկի. շենք ծախել՝ կողմ, նվիրել՝ կողմ, քանդել՝ կողմ: Մեծ գիտխորհուրդներից հետո դեռ փոքրերն էլ կան՝ փոքր «նաչալնիկների» անիմաստ գոյությունը պաշտպանելու համար: Եվ այս անիմաստությունների շարանը վերջ չունի…

Գիտության բնագավառը եկել է մի վիճակի, որ արդեն ինքնամաքրվելն անհնար է: Կամայական փոփոխության մասին նույնիսկ ակնարկ՝ բերում է գիտական համակարգի անհաղթահարելի դիմադրության: Եվ կապ չունի, թե այդ փոփոխությունները ինչ արդյունք կունենան՝ լավ, թե վատ: Միեւնույն է, համակարգը դիմադրում է: Գիտության ասպարեզում «աշխատող-չաշխատող» մարդկանց հարաբերակցությունն այսօր այնպիսին է, որ կամայական հարցում, ընտրություն կամ որեւէ ուրիշ մի «դեմոկրատական» պրոցեդուրա տրիվիալ արդյունքի է բերում՝ չաշխատելը լավ է: «Մի բան ծախենք, ուտենք» մտածելակերպ եւ բարոյականություն ունեցող նեղճակատ չինովնիկները ատամներով կառչել են իրենց աթոռներից: Աշխատող մարդկանցից իրենց պաշտպանել են մանր չինովնիկների, դատարկապորտների մի խմբով, ու «վերեւներին» հաշվետվություն են տալիս Հայաստանից փախած գիտնականների աշխատանքներով: Վերջիններիս, «գրին քարդ» կամ քաղաքացիություն ստանալուց հետո, աշխատանքների հիմնական հեղինակները (որոնք արտասահմանից են) էլ չեն թողնի, որ իրենց հոդվածների տակ գրեն նախկին հայկական ինստիտուտների անունը: Այդ ժամանակ ինչո՞վ եք հաշվետվություն տալու՝ հայկական պրովինցիալ գիտական ամսագրերում տպված, ոչ մեկի կողմից չստուգված եւ ոչ մեկին պետք հոդվածներո՞վ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել