Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐՎԵԳԱՑԻ ՊՐԱԿՏԻԿԱՆՏՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"\"Սթավանքերի համալսարանի ուսանողներ Ռենետայի եւ Ջոնի տպավորությունները մեր երկրից

«Բարեւ ձեզ», «Մինչ նոր հանդիպում», «Լավ եմ», «Ինչպե՞ս եք»,- այս արտահայտությունները եւ հայերեն հաշվելը նորվեգուհի Ռենետա Նիրլենդը սովորել է այս տարի՝ Հայաստանում երեք շաբաթ գտնվելու ընթացքում: Սթավանքերի համալսարանի ուսանողուհին իր համակուրսեցու՝ Ջոն Ֆրեդրիկ Հարթվեթի հետ, ԵՊՀ-ի աջակցությամբ մեր երկրում է անցկացնում ուսումնական պրակտիկան: 20-ամյա Ռենետան եւ 26-ամյա Ջոնը Նորվեգիայում սովորում են «Առողջապահություն եւ սոցիալական աշխատանք» ֆակուլտետում՝ զբաղվելով երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով: «Առավոտի» հետ զրույցում նրանք պատմեցին Հայաստանից ստացած տպավորությունների մասին:

«Մենք Սթավանքերի համալսարանի առաջին ուսանողներն ենք, որոնք ուսումնական նպատակով եկել են Հայաստան: Մեր համալսարանի պրոֆեսորներից մեկը մի անգամ եղել էր Հայաստանում, որոշ կապեր հաստատել: Նա դասախոսիս պատմել էր այդ ամենի մասին՝ առաջարկելով համագործակցել ձեր երկրի հետ»,- ասաց Ռենետան եւ տեղեկացրեց, որ իրենք Նորվեգիա կվերադառնան նոյեմբերին: Իսկ մինչ այդ, ԵՊՀ-ում տարբեր ցուցադրություններ կկազմակերպեն Նորվեգիայի մասին: «Մենք կարող էինք պրակտիկայի մեկնել Ավստրալիա, Հարավային Աֆրիկա կամ մնալ Նորվեգիայում: Երբ դասախոսները ներկայացնում էին այն երկրները, որտեղ կարող ենք ուսումնական պրակտիկա անցնել, միանգամից ինձ գրավեց Հայաստանը, թեեւ վերջինիս մասին քիչ բան էր ինձ հայտնի: Գիտեի, որ շատ հայեր ժամանակին սպանվել են թուրքերի կողմից, եւ Թուրքիան հրաժարվում է ընդունել, որ դա ցեղասպանություն է»,- ասաց Ռենետան: Ջոնն էլ ավելացրեց. «Ես կարդացել եմ Արարատ լեռան, Նոյ Նահապետի ու նրա կառուցած տապանի մասին: Լսել եմ, որ ձեր երկրում դեռ պահպանվում են հնամյա քաղաքակրթության կոթողներ՝ բազմադարյա հուշարձաններ»: Նորվեգացի ուսանողներն արդեն եղել են Սեւանում, Հաղարծինի վանքային համալիրում, այցելել Մատենադարան եւ Ազգային պատկերասրահ, անգամ բարձրացել են Արագած լեռը: «Ձեր երկրում էլ նկատելի են գլոբալիզացիայի հետեւանքները՝ հին շինությունների կողքին ժամանակիցներն են կառուցվում»,- նշեց Ջոնը: Ռենետան հայերին չափից ավելի ազգասեր է համարում. «Երեւում է, որ դուք շատ եք սիրում ձեր երկիրն ու լեզուն: Միշտ կարծել եմ, որ նորվեգացիներս բոլորից նվիրված ենք մեր երկրին, բայց երբ եկա Հայաստան, զգացի, որ սխալվում եմ: Հայերդ ավելի մեծ ուշադրություն եք դարձնում կրթությանը, քան նորվեգացիները»։ Ջոնն էլ հայտնեց. «Նորվեգիայում այնքան երկար ենք դպրոց հաճախում՝ 6-18 տարեկանում, որ հոգնում ենք, համալսարան ընդունվելու ուժ չի մնում: Դրա համար էլ ավարտելուց հետո պատանիները սովորաբար մեկ ազատ տարի են վերցնում կամ մեկ տարով բանակ գնում»:

Ջոնն ու Ռենետան, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվելուց բացի, այլ հետաքրքրություններ էլ ունեն։ Օրինակ՝ Ռենետան երգում եւ ֆլեյտա է նվագում բողոքականների եկեղեցում, դասեր անցկացնում անտուն երեխաների հետ: Աշխատում է նաեւ կոշիկի խանութում: Իսկ Ջոնը տարբեր մարզաձեւերով, հատկապես սերֆինգով է զբաղվում: «Առավոտին» հետաքրքրեց, արդյո՞ք երեխաների պաշտպանության գործն են ընտրել, որովհետեւ Նորվեգիայում երեխաները բազում խնդիրներ ունեն: «Երեխաների հետ աշխատանքը շատ հետաքրքիր է, դրա համար էլ աշխատում եմ երեխաների պաշտպանության կենտրոնում, հիմնականում տղաների հետ: Նրանց եւ աղջիկ երեխաների խնդիրները տարբերվում են միմյանցից: Աղջիկները կարող են իրենց մարմնական վնասվածքներ պատճառել հուսահատության եւ զայրույթի պահերին, տղաներն էլ հաճախ սկսում են թմրամոլությամբ զբաղվել, երբ չեն հասցնում դասերը»,- պատմեց Ջոնը: Հայաստանում գործող երեխաների ընդունման եւ կողմնորոշման ՀՕՖ կենտրոնում նորվեգացի հյուրերը հասցրել են շփվել նաեւ հայ երեխաների հետ: «Չնայած նշածս խնդիրներին՝ Նորվեգիայում սոված երեխաներ չես գտնի, ինչը չես ասի Հայաստանի մասին»,- կարծում է Ջոնը: Նորվեգացի ուսանողներին նաեւ զարմացրել են հայերի կարգազանցությունը: «Չափազանց անկանոն է ձեր երթեւեկությունը: Շատ եմ զարմանում, երբ փողոցն անցնելիս հայերը կարմիր լույսի տակ չեն կանգնում: Իսկ մեզ մոտ, եթե փողոցում մեքենա էլ չկա, անպայման հետեւում ենք լուսացույցի նշաններին»,- փաստեց Ռենետան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել