«Կրթության ասպարեզ» հ/կ-ի կողմից Շիրակի մարզի դպրոցներում անցկացված մոնիտորինգի արդյունքները եւս մեկ անգամ հաստատել են, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամ դառնալու համար առնվազն անհրաժեշտ է տնօրենի ծանոթը, խնամին կամ բարեկամը լինել:
Շիրակի մարզի ցանկացած դպրոցում կառավարման խորհուրդը դպրոցի տնօրենի ձեռքի խաղալիքն է: Այս մասին իրենց կարծիքը բազմիցս հայտնել են ԿԳ նախարարության փորձագետները: Վերջերս «Կրթության ասպարեզ» հ/կ-ի անդամները ուսումնասիրություններ են կատարել Շիրակի մարզի գյուղական ու քաղաքային թվով 14 դպրոցներում ու պարզել, որ ոչ միայն ծնողները, այլեւ անգամ մանկավարժներից շատերն ու խորհրդի անդամները գաղափար չունեն խորհրդի լիազորությունների մասին: «Գյուղական համայնքներում մեզ ընդամենը ցույց էին տալիս կառավարման խորհրդի արձանագրությունները, որոնցում երեւում են պարբերաբար անցկացված նիստերը: Երբ սկսում էինք զրուցել նրանց հետ, պարզվում էր, որ տեղական ինքնակառավարման մարմինը շփոթում են դպրոցի կառավարման մարմնի հետ: 14 դպրոցներից միայն երկուսում էին փորձել մեկ -երկու հարցով, օրինակ՝ աշխատանքի վերականգնման համար դիմել կառավարման խորհրդի օգնությանը, մյուս կրթօջախներում խորհրդին չեն «անհանգստացրել»,- ասում է «Կրթության ասպարեզ» հ/կ-ի նախագահ Ռուզաննա Մովսիսյանը: Կազմակերպության այն հարցին, թե որո՞նք են խորհրդի թերի գործունեության պատճառները, հարցման ենթարկված 658 մարդ նշել է հետեւյալը՝ տնօրենի կամակատարը լինելն ու նրա «դուդուկի տակ պարելը», դպրոցների ու երեխաների շահերից հեռու կանգնելը, չֆինանսավորվելը, իրենց իսկ լիազորություններին անտեղյակ լինելը, ոչ թափանցիկ գործելաոճը, խնամի-բարեկամներով խորհուրդների կազմը համալրելը, կուսակցականությունը եւ այլն: Փաստենք, որ խորհուրդների անկատար լինելը ավելի ցցուն է արտահայտվում՝ մարզի որոշ դպրոցներում աշխատավարձերի պարտքերի պատճառով սկիզբ առած սկանդալների պատճառով: Բանն այն է, որ դպրոցների բյուջեի ճակատագիրը դեռեւս տնօրենների ձեռքում է, ու խորհրդի անդամները ինչ-ինչ պատճառներով վերահսկելու լծակներ չունեն: «Չեմ ուզում կոնկրետ դպրոցի համար նշել, կասեմ միայն, որ մի դպրոցի խորհրդի նախագահ էր ընտրվել համայնքի համար ցանկալի թեկնածու, որը անկուսակցական էր եւ «վերեւներում» կապեր չուներ: Երեք տարի անց նա հրաժարական ներկայացրեց: Պարզվեց՝ տնօրենը խորհրդի նախագահին փորձել էր պարտադրել դպրոցի տարիֆիկացիան հաստատել իր ուզած ձեւով: Նախագահն էլ հրաժարվել էր՝ պնդելով, որ շատերին չի ճանաչում: Տնօրենը կոլեկտիվի մոտ կատարվածը մեկնաբանել է այսպես՝ դուք աշխատավարձ չեք ստանա, որովհետեւ տարիֆիկացիան նախագահը չի հաստատել, այսինքն՝ նա սխալ մեկնաբանություններով փորձել էր կոլեկտիվին խորհրդի նախագահի դեմ լարել»,- պատմում էր հարցումներ իրականացնող փորձագետներից մեկը՝ Արայիկ Սուքիասյանը:
Նման իրավիճակներին ծանոթ են նաեւ նախարարության փորձագետները, սակայն խորհուրդները կարգի բերելու ուղղությամբ ոչ մի քայլ առայժմ չեն ձեռնարկում: Մեր տեղեկություններով, ներկա պահին Շիրակի մարզի որոշ դպրոցներում իրականացվող կառավարման խորհրդի անդամների «ընտրությունը» դարձյալ կատարվում է հին՝ բոլորիս հայտնի մեթոդներով: