Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԱԿԱՆ «ՎԻՆԵԳՐԵՏ»

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"\"Մասնավոր բուհերի ղեկավարները կարծում են, որ Հայաստանին պետք չեն այսքան մասնավոր ու պետական բուհեր:

Մեր երկրում բուհերի մեծ «տեսականի» կա՝ պետական եւ մասնավոր բուհեր, օտարերկրյա համալսարանների մասնաճյուղեր: Կրթական դաշտում տիրող այս իրավիճակը «Գլաձոր» ոչ պետական համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը հայտնի աղցանին է նմանեցնում. «Գյուղատնտեսական ակադեմիան էլ է իրավաբան պատրաստում, Մանկավարժական համալսարանն էլ ու այլ բուհերն էլ: Վինեգրետի պես ամեն ինչ խառնում են իրար: Ժամանակն է դաշտը մաքրել, որովհետեւ Հայաստանին ո՛չ այսքան մասնավոր, ո՛չ էլ այսքան պետական բուհեր են անհրաժեշտ»: «Եթե բոլոր մասնավոր բուհերը ընդունելության համար հստակ պահանջներ դնեն դիմորդների առջեւ, շատերը հնարավոր է չհաղթահարեն ընդունվելու դժվարությունները, մինչդեռ ընդունում են՝ ում պատահի, ինչպես պատահի: Լսել եմ, որ նույնիսկ ընդունում են 10-րդ դասարանը չավարտածներին: Եթե նույնիսկ բոլոր արտոնություններն ունեցող պետականների պարագայում կա ուսանող հավաքելու խնդիր, մենք կունենանք ու կունենանք»,- նշեց Ժ. Ջհանգիրյանը: Եթե նախկինում մասնավոր բուհերի «գործը լավանում էր» պետական ընդունելության քննություններից հետո, երբ դուրս մնացած դիմորդները «տեղավորվում» էին մասնավոր բուհերում, ապա այժմ այլ է իրավիճակը: Որոշ պետական բուհերում այս տարվանից վերաբացվել են հեռակա բաժիններ, որոնք «խփում» են մասնավոր բուհերի գործին: Ծնողները, բնականաբար, նախընտրում են, որ իրենց երեխան սովորի թեկուզ պետական բուհի հեռակա բաժնում, քան մասնավորում: «Դա աբսուրդ է: 17 տարեկանը հեռակա բաժնում չի կարող գիտելիք ստանալ»,- կարծում է Ժ. Ջհանգիրյանը: Եթե աշխարհի խոշորագույն համալսարանները մասնավոր են եւ արտասահմանյան երկրների մեծամասնությունում հարգի են մասնավոր բուհերը, ապա Հայաստանում այլ են մոտեցումները: Դրանց նկատմամբ կա թերահավատ վերաբերմունք, ինչը, մասնավոր բուհերի ղեկավարների կարծիքով, պայմանավորված է մի շարք գործոններով:”

«Դրանցից մեկը ավանդույթի՝ մինչեւ այժմ գործող ուժն է: Մասնավոր բուհերի նկատմամբ թերահավատ վերաբերմունք են ձեւավորում նաեւ դաշտում գործող ոչ նորմալ կրթական հաստատությունները, որոնք իրենց աշխատանքով վարկաբեկում են մյուսներին եւս»,- կարծում է «Հյուսիսային» ոչ պետական համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը: Ժ. Ջհանգիրյանն էլ համոզված է, որ ընդդեմ մասնավոր բուհերի տարատեսակ հերյուրանքներ տարածելը՝ պետական բուհերի եւ որոշ ուժերի քաղաքականությունն է. «Ժողովրդի մեջ դեռ մնացել է կոոպերատիվ բուհ հասկացությունը: Մարդիկ չեն հասկանում, որ կոոպերացիան ցանկացած կազմակերպության տնտեսաիրավական կազմակերպչական ձեւ է, ինչպես ՍՊԸ-ն, ՓԲԸ-ն: Այս բուհերը կոոպերացիայի հիման վրա ստեղծվեցին, դրա համար էլ անունը կոոպերատիվ մնաց»: Մասնավոր բուհերի ղեկավարների համար, սակայն, ամենացավոտ հարցը պետության կողմից պետպատվերով եւ առանց տարկետման իրավունքի տեղեր չստանալն է: «Բուհի վարկանիշից կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ, օրինակ՝ «Գլաձորին» էլ տրվի այնքան պետպատվերով տեղ, որքան Մանկավարժականին, «Գլաձորի» ուսանողներին էլ տան տարկետման իրավունք»,- ասաց պրն Ջհանգիրյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք այս տարի անցել են ընդունելության կենտրոնացված քննական համակարգի. «Բայց դա մեզ ոչ մի առավելություն չտվեց: Չստացանք ոչ պետպատվեր, ոչ էլ տարկետման իրավունք: Ստացվեց, որ կենտրոնացված քննական համակարգին անցնելը գործեց ի վնաս մեզ: Պոտենցիալ դիմորդների որոշ հատված, իմանալով, որ մեր բուհ ընդունվելու համար պիտի անցնի այդ համակարգով, վախեցավ»:

Որքան էլ ոչ պետական բուհերի ղեկավարները մեզ հավաստիացրին, որ իրենք շենքային պայմաններով՝ գերազանցում եւ կրթական մակարդակով ետ չեն մնում պետականներից, փաստ է այն, որ մասնավոր բուհերի ուսանողները շարունակում են խնդիրներ ունենալ աշխատանքի ընդունվելիս: Գործատուները դեռ ուշադրություն են դարձնում՝ տվյալ անձը մասնավո՞ր, թե՞ պետական բուհի շրջանավարտ է: Եվ հիմնականում առավելությունը տրվում է պետական բուհն ավարտածներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել