Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄԱՐԱՂԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀՈԳՍԵՐԸ

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"\"Արցախյան այս գյուղի դպրոցը շենքային, իսկ երիտասարդները՝ ժամանցի խնդիր ունեն \"\"

Նոր Մարաղա գյուղը գտնվում է նախկին Աղդամի շրջանում, այժմ մտնում էԼՂՀ Մարտակերտի շրջանի մեջ: Այստեղ ապրում է 300 բնակիչ: «Մեր շրջանից 6 գյուղ մնացել է ադրբեջանցիների ձեռքում, հիմա նոր Մարաղան բնակեցված է Հին Մարաղայի եւ Մարգուշավանի բնակիչներով, 3 ընտանիք էլ Հայաստանից է եկել»,- ասում է գյուղապետ Ռոմա Կարապետյանը: Գյուղը վերաբնակեցվել է 1995 թվականից: Ըստ բնակիչների, այն հիմնել է իրենց նախկին գյուղապետ Վագիֆ Հայրապետյանը: Հին Մարաղայի՝ ադրբեջանցիների ձեռքն անցնելուց հետո, Վ. Հայրապետյանն աշխատանքի է անցել Ստեփանակերտի ճաշարաններից մեկում, որպեսզի կերակրի իր տնանկ եւ ունեզրկված համագյուղացիներին: Ներկայիս գյուղապետ Ռ. Կարապետյանը փաստեց, որ իրենց ամենամեծ խնդիրը բնակարանաշինությունն է, որը շատ դանդաղ է ընթանում: «Լավ կլիներ տարեկան գոնե 10 բնակարան կառուցվեր, թե չէ 1-2 բնակարան կառուցելու դեպքում՝ մի մարդու հերթը 15 տարի հետո կհասնի»,- նեղսրտում է նա: Գյուղապետը պատմեց, որ քարոզարշավի շրջանակներում Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը այցելել էր իրենց գյուղ, խոստացել լուծել շատ հարցեր, այդ թվում նաեւ՝ խմելու ջրի ու դպրոցի: Նա հայտնեց, որ մարաղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, երիտասարդներից ոմանք ներգրավված են Արցախի Տիգրանակերտի պեղումներում, որ նախաձեռնել է «Երկիր» միությունը: Գյուղը չունի ակումբ, կինոդահլիճ, հիվանդանոց, հեռախոսակապ: Մարդիկ ապրում են կա՛մ ադրբեջանցիներից «ժառանգած» քարուքանդ տներում, կամ դրանց հիմքի վրա կառուցվածներում: Գյուղի մատույցներում քաղցրահամ աղբյուրներ են, նռնենիներ ու թզենիներ: Ասում են՝ մոտակայքում ժամանակին Հեյդար Ալիեւի հանգստավայրն է եղել, որտեղ կազմակերպվող խրախճանքները զարդարել է Ադրբեջանի սոխակ, հանրահայտ երգչուհի Զեյնաբ Խանլարովան: Այժմ ամառանոցի տեղում արածում են գյուղի կովերն ու ոչխարները: Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ավելի շատ տղա՞ երեխաներ են ծնվել վերջին շրջանում, թե՞ աղջիկ: Պարզվեց՝ տղաներն են շատ, եւ նրանց կոչում են հայկական անուններով՝ Դավիթ, Արմեն, Աշոտ, Տիգրան: Խառն ամուսնություններ չկան: «Մեր բնակիչները արցախցի են: Նոր Մարաղան հայկական պատմություն ունեցող գյուղ է եղել, Կանգառ է կոչվել, որը հետո ադրբեջանցիները դարձրել են Քյանքառլու»,- հավաստիացնում է Ռ. Կարապետյանը:

\"\"Նոր Մարաղայի երիտասարդների համար ազատ ժամանցի կազմակերպումը լուրջ խնդիր է, նրանք հաճախ հավաքվում են գյուղամիջում, հատուկենտ կրպակների շուրջ, զրուցում դեսից-դենից:

Պարզեցինք, որ երիտասարդները չեն կարող ժամադրվել, հանդիպել, քանի որ կարժանանան համագյուղացիների նախատինքներին, աղջիկների անուններն էլ «դուրս կգան»: Պատահել է, որ տղան սիրած աղջկան փախցրել է, ու այդ ամենն ավարտվել է աղմուկ-աղաղակով, ոմանց դեպքում էլ՝ ուշացած հարսանիքով: «Էնքան ուժ չկա, որ հարսանիքներ, պեն անին, իսկ թե անում ըն, մուզիկանտներին քաղաքներան են պիրում»,- պատմեց մի երիտասարդ կին: «Առավոտի» հետաքրքրությանը, թե հարսանեկան ծեսը Մարաղայում ինչպիսի՞ն է, մեկ ուրիշը պատասխանեց. «Ոչ մի ադաթ, ոչ մի պեն չկա, մենակ ամանըն կոխ տամ ու պըրծ»:

Նոր Մարաղայի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյուբա Գրիգորյանն էլ ասաց, որ գյուղ է տեղափոխվել Հայաստանից՝ Մեծամորից: 1996 թ. Թեհրանի հայոց թեմի միջնորդությամբ, տեր եւ տիկին Վարուժան եւ Ալմա Հովհաննիսյանների միջոցներով կառուցված դպրոցը 11 դասասենյակ ունի: «Չկան մարզադահլիճ, նորմալ շենքային պայմաններ»,- նշում է տնօրենը: Ունեին նաեւ ֆիզիկայի ուսուցչի պահանջ, սակայն նոր ուստարում այդ առարկան կդասավանդի Արցախի պետական համալսարանի գերազանցիկ շրջանավարտներից մեկը: Անցյալ ուսումնական տարում դպրոցը 2 շրջանավարտ է տվել, երկուսն էլ հաջողությամբ հանձնելով քննությունները՝ բուհ են ընդունվել: Տնօրենը տեղեկացրեց, որ Նոր Մարաղայում մի աղանդավորական խմբավորում կա, մինչդեռ իրենք չունեն ոչ մի գործող եկեղեցի: Ծնողական բոլոր ժողովներում մասնակիցներին հորդորում են չգայթակղվել աղանդավորների «խոսքուզրույցից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել