Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՈՒՅԼԻԿ ՈՒ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ԱՍՏՂԵՐ

Սեպտեմբեր 08,2007 00:00

Հայ երգիչ-երգչուհիների դպրոցական արկածները

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս են սովորել դպրոցում, «գժվեցրե՞լ» են արդյոք ուսուցիչներին, ունեցե՞լ են չսիրած առարկաներ եւ այլն: Ստացանք հետեւյալ պատասխանները:

\"\"Անդրե. «Շարժման տարիներին՝ 1989-90 թվականներին, տղաներս մի տեսակ այլ մոտեցում ունեինք ուսման հանդեպ: Ամաչում էինք պայուսակ կրել, վերցնում էինք ընդամենը մեկ տետր ու գրիչ եւ այնպես էինք պահում, որ չերեւար: Մինչեւ 4-րդ դասարան գերազանցիկ էի, 6-ում երկու «4» ունեի: Հետո, երբ մեկ տարի Ռուսաստանում սովորեցի ու կրկին վերադարձա Ղարաբաղ, մի քիչ թուլացա հայոց լեզվից ու մաթեմատիկայից: Շատ էի սիրում հատկապես հումանիտար առարկաները՝ պատմություն, ռուսաց լեզու ու գրականություն եւ այլն: Ինչպես շատ աշակերտներ, ես էլ եմ երկուսներ ստացել, բայց ոչ թե դասին անպատրաստ ներկայանալու, այլ խոսելու համար: Դասերը ստիպված էի չխանգարել, որովհետեւ Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում ոչ միայն ես էի սովորում, այլեւ տատիկս էր աշխատում: Եվ եթե դասերից ընկերներիս հետ փախչում էի՝ տատիկիս գործընկերները բողոքում էին»:

\"\"Սարգիս Մանուկյան, EPYRAY ռոք խմբի վոկալիստ. «Ես անընդհատ դպրոցից դպրոց եմ տեղափոխվել, դրա համար չեմ նշի թե որտեղ եմ սովորել: Երկուսներ ես էլ եմ ստացել, հակառակ դեպքում՝ առնվազն դեբիլ կլինեի: Ընդհանրապես սիրել եմ «5» եւ «2» գնահատականները: Երբ որեւէ ուսուցիչ ուզում էր 3 նշանակել, խնդրում էի, որ «2» գնահատի: Ֆիզիկա, քիմիա առարկաների հանդեպ միշտ ատելությամբ էի լցված, գժվեցնում էի չսիրածս առարկաների ուսուցիչներին ու փախչում դասերից: Սիրում էի հումանիտար առարկաներն ու երգ-երաժշտությունը»:

 

\"\"Շուշան Պետրոսյան. «Դպրոցում իմ սիրելի առարկաներն էին հայերենը, պատմությունը, ռուսերենն ու անգլերենը: Հատկապես հայերենի ժամերին ինձ զգում էի, այսպես ասած՝ մորս փորում: Եվ երկուսներ եմ ստացել, եւ ուսուցիչների գժվեցրել: Հիշում եմ հատկապես պատմության ուսուցչին՝ ընկեր Առաքելյանին: Մի օր հետս դպրոց էի տարել լվացքի «շպիլկաներ», որոնք հերթով թաքուն ամրացրի նրա կոստյումին, մինչեւ կախվեց ծանրությունից: Ինձ ուսուցիչներս շատ էին սիրում, աշխույժ, լավ սովորող երեխա էի, բայց կարող էի դասընկերներիս ռիթմից հանել: Սիրով հիշում եմ հայերենի ուսուցչուհուս՝ Հրանուշ Սարգսյանին եւ անգլերենի ուսուցչուհի Էլյա Մալխասյանին: Վերջինս շատ կանացի էր՝ անգլիական մաներաներով: Ի դեպ, ավարտել եմ 172 դպրոցը»:

\"\"Աիդա Սարգսյան. «Սկզբում սովորել եմ թիվ 161, հետո՝ 158 դպրոցում: Սիրում էի քիմիա, ֆիզիկա առարկաները, լավ էի սովորում դրանք, որովհետեւ ուզում էի բժշկուհի դառնալ: Ատում էի երկրաչափությունը: Դպրոցը հինգերով եմ ավարտել, բայց փոքր ժամանակ մի անգամ նույնիսկ «1» եմ ստացել: Դասին պատրաստ չէի, դրա համար վերջին նստարանին էի նստել: Ուսուցիչը ներկա-բացակա արեց, մի քանի անգամ կարդաց անունս, հարցրեց՝ Սարգսյան Աիդան ներկա՞ է: Երբ պատասխան չստացավ ու տեսավ, որ նստած եմ, բարկացավ ու «1» նշանակեց: Դասարանի ավագը լինելով հանդերձ, կազմակերպում էի ընկերներիս փախուստը դասերից: Մի անգամ ամբողջ դասարանով առավոտից դասի չեկանք: Աշակերտներից մեկը, որը վախեցել էր մեզ հետ փախչել, «մատնել» էր մեզ: Բոլորիս ծնողներին դպրոց կանչեցին: Որպես բողոքի նշան մենք էլ դպրոցի բակում անվադողեր վառեցինք ու երկրորդ անկարգությունը գործեցինք: Սիրում էինք ուսուցիչներին մականուններ դնել, օրինակ՝ մեկին Ձի էինք ասում, մյուսին՝ Սարեր-ձորեր: Վերջինս, երբ դաս էր բացատրում, սիրում էր իր մարմնի վրա ցույց տալ ամեն ինչ, ու քանի որ կավիճը ձեռքին էր լինում՝ հագուստին սարեր-ձորեր էին նկարվում:

\"\"Արամո. «Ավարտել եմ Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցը, եղել եմ չարաճճի երեխա: Այսօրվա պես հիշում եմ, թե 1975 թվականին ինչպես գնացի առաջին դասարան: Սիրում էի բոլոր հումանիտար առարկաները, չէի սիրում ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան: «2»-ներ ստացել եմ հենց այդ առարկաներից: Դպրոցի բոլոր երաժշտական միջոցառումներին անպայման մասնակցություն ունեի: Մանկական չարաճճիություններ՝ կնոպկա դնել, կավիճը փոխել եւ այլն, արել եմ, բայց երբեք ուսուցիչների ինքնասիրությունը վիրավորող արարքներ թույլ չեմ տվել: Եթե դասարանը փախել է դասերից, ես միացել եմ բոլորին: Այդ տարիներին դասից փախչում-գնում էինք «Մոսկվա» կամ «Պիոներ» կինոթատրոններ՝ ֆիլմ դիտելու: Դասատուներին երբեք մականուններ չէինք կպցնում, բայց իրար անուններ դնում էինք: Օրինակ՝ ինձ դպրոցում Շուլց էին ասում»:

\"\"Էմմա Պետրոսյան. «Ես համարվել եմ լավ սովորող աշակերտուհի, բայց «2»-ներ էլ եմ ստացել, որովհետեւ առանց դրանց հնարավոր չէ: Սիրում էի հայոց լեզու, գրականություն, պատմություն, ռուսաց եւ օտար լեզուներ: Չսիրելի չեմ ուզում ասել այն առարկաների մասին, որոնցով չէի հետաքրքրվում: Ուղղակի, փոքր տարիքից ես ինձ երաժիշտ էի կնքել, դրա համար երաժշտությունն ավելի հոգեհարազատ էր, քան, ասենք, քիմիան կամ ֆիզիկան: Մինչեւ 8-րդ դասարան սովորել եմ Նար-Դոսի անվան դպրոցում, հետո Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որտեղից էլ ընդունվել եմ կոնսերվատորիա: Դասերից փախել եմ, եթե փախել է ողջ դասարանը: Կարծում եմ, մինչեւ չարաճճիություն չանես՝ չես կարող հասկանալ, թե ինչ է դա եւ ինչու չի կարելի»:

\"\"Լեյլա Սարիբեկյան. «Բացի մաթեմատիկայից, բոլոր առարկաները լավ եմ սովորել: «Երկուսներն» էլ մաթեմատիկայի ստուգողականներից եմ ստացել: Իսկ դասերը խանգարել եմ հետեւյալ կերպ: Այդ տարիներին, երբ խորհրդային էստրադայի ճանաչված դեմքերի կատարմամբ որեւէ երգ էի լսում, հաջորդ օրն իսկ դասի ժամին ընկերուհուս հետ բարձրաձայն երգում էի: Մի անգամ էլ ողջ դասարանով դասից փախանք ու գնացինք «Անի» կինոթատրոն՝ ֆիլմ դիտելու, մեկ էլ լույսերը վառվեցին, եւ մեր տնօրեն Ամիրյանի ձայնը լսվեց. «10-ի բ, դո՛ւրս դահլիճից»: Մի օր էլ 8-րդ դասարանում ընկեր Մինասյանը ազատ թեմայով շարադրություն էր հանձնարարել, ես 3 շպարգալկա էի պատրաստել նույն բովանդակությամբ՝ բալզակյան մտքերով: Երբ փորձում էի արտագրել, ուսուցչուհին վերցնում էր ծածկագիրը ու զարմանում՝ ախր քիչ առաջ էր այն վերցրել»:

\"\"Էմմի. «Ինչպես բոլոր տաղանդավոր երգիչները, ես էլ ավարտել եմ Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցը: Սիրել եմ բոլոր առարկաները, բացի մաթեմատիկայից, որովհետեւ չէի կարողանում հասկանալ, թեեւ ուսուցչուհուս շատ էի սիրում: «2»-ներ էլ եմ ստացել: Դրա համար, երբ մի անգամ մաթեմատիկայից «3» ստացա, ուրախ-ուրախ եկա տուն ու մայրիկիս ասացի. «Մամ ջան, գիտե՞ս, «3» եմ ստացել»: Մայրս էլ ամոթանք տվեց, թե՝ ավելի լավ էր «2» ստանայի: Սիրում էի ռուսաց լեզուն ու գրականությունը, որովհետեւ մեր ընտանիքի բոլոր անդամների կրթությունը ռուսական էր, սիրում էի կարդալ ռուս գրականություն: Սիրով եմ հիշում բոլոր, մասնավորապես՝ երգեցողության ուսուցչուհի ընկեր Մելքոնյանին: Երբ առաջին անգամ նրա մոտ երգեցի, ինձ միանգամից հինգ հատ «5» նշանակեց: Ինչ վերաբերում է մեր դասարանին, շատ չարաճճի էր, անընդհատ դասերից փախչում էինք Մոնումենտ կամ սրճարան: Ուսուցիչներին շատ ենք գժվեցրել, եւ անգամ դա նկարել տեսախցիկով: Բոլորին շատ էինք սիրում, ուղղակի մանկական չարաճճիություններ էինք անում, ափսոս՝ նեղանում էին մեզանից»:

\"\"Ալլա Լեւոնյան. «Այնպիսի աշակերտ չկա, որ «2» ստացած չլինի, այնպես որ, ես էլ եմ «2»-ներ ստացել եւ հետո, առանց «2»-ի հետաքրքիր չէր լինի: Սիրել եմ ինֆորմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, կենսաբանություն առարկաները, եղել եմ աշխույժ երեխա, շատ եմ փախել դասերից՝ մշտապես լինելով կազմակերպչի դերում: Ավարտել եմ Ավշարի միջնակարգ դպրոցը, ուր բազմաթիվ լավ ուսուցիչներ էին աշխատում: Սիրով եմ հիշում հատկապես դասղեկիս՝ Մարտիրոսյան Գայանեին: Ուսուցիչներին երբեք չեմ գժվեցրել, դաս չեմ խանգարել: Կարծում եմ՝ դա աղջկան հարիր չէ»:

\"\"Նառա. «Ավարտել եմ Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցը: Ստացել եմ ամեն տեսակ գնահատական, այդ թվում՝ «2»: Փաստեմ, որ ով դպրոցում միայն «5»-եր է ստանում ու գերազանցիկ լինում, կյանքում միշտ չէ, որ հաջողություններ է ունենում: Իմ սիրելի առարկաներն էին ռուսերենը եւ հումանիտար բոլոր առարկաները, չսիրելին՝ հատկապես քիմիան ու երկրաչափությունը: Կուզենայի ուսուցիչներին գժվեցնել, բայց չէի կարող, որովհետեւ մայրս նույն դպրոցում ուսուցչուհի էր աշխատում: Դասերից շատ ենք փախել ու գնացել Կիրովի այգի, բայց, հակառակի պես, ուսուցիչները միշտ իմացել են մեր տեղը ու մեզ դպրոց վերադարձրել»:

\"\"Նունե Եսայան. «Ավարտել եմ Ջրվեժի միջնակարգ դպրոցը: Սիրելի ուսուցիչներ չեմ ունեցել, առարկաներից սիրել եմ մաթեմատիկան ու ֆիզիկան, նույնիսկ ընդունվել պոլիտեխնիկ ինստիտուտ, որը չեմ ավարտել: Դասընկերներիս հետ երբեմն գժվեցրել եմ ուսուցիչներին: Ինձ մի բան չէր դուր գալիս, որ նրանք հեշտությամբ էին «5» նշանակում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել