Հայ եւ թուրք արվեստագետները համատեղ համերգներ են ունեցել Թուրքիայում՝ Խաղաղության միջազգային օրվա առիթով:
Ճանաչված դուդուկահար Ջիվան Գասպարյանը վերադարձել է Թուրքիա կատարած համերգային շրջագայությունից: Երեկ «Հայացք» ակումբում վարպետը հանդիպեց լրագրողների հետ: Ասուլիսի սկզբում դուդուկահարը նշեց, որ իր համերգները Թուրքիայում նվիրված էին Խաղաղության համաշխարհային օրվան: Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ, այն՝ սկսած 1982թ., տոնվում էր սեպտեմբերի 3-րդ երեքշաբթի օրը, իսկ 2002-ից նշվում է սեպտեմբերի 21-ին: Փաստորեն, Թուրքիան նախօրոք է սկսել Խաղաղության օրը նշելու միջոցառումները: «Սա Թուրքիա կատարած իմ 5-րդ հյուրախաղն էր եւ հրավիրող կողմը կես տարի շարունակ այնքան էր ինձ անհանգստացրել զանգերով, որ պարզապես «նադայել» էր արել: Մինչ մեկնումը հանդիպեցի արտգործնախարար Վարդան Օսկանյանին, եւ նա էլ ասաց՝ պիտի գնա՛ս: Մի խոսքով՝ գնացի, Ստամբուլի բացօթյա, շուրջ 600 հազարանոց հանդիսատեսի եւ Անկարայի արդեն փակ դահլիճում՝ 1500 ունկնդրի առջեւ ելույթներ ունեցա: Մի համերգում էլ հանդես եկա Թուրքիայում ճանաչված երգիչ Բինգյոլի հետ: Միջոցառումների շրջանակներում երգ նվիրեցի Հրանտ Դինքի հիշատակին»,- հայտնեց Ջ. Գասպարյանը: «Առավոտի» հարցին՝ առանձի՞ն էին ձեր եւ երգիչ Բինգյոլի ելույթները, թե՞ դուետով էլ հանդես եկաք, անվանի դուդուկահարը պատասխանեց. «Հասկանում եմ ձեր հարցը, բայց մինչ դրան պատասխանելը՝ ուզում եմ ասել, որ լինելով աշխարհի շատ պետություններում, համոզվել եմ, որ բոլոր ժողովուրդներն ուզում են առաջին հերթին ապրել խաղաղ պայմաններում: Եթե կուզեք իմանալ՝ ես կողմնակից եմ նրան, որ թուրք արվեստագետներն էլ համերգներով այցելեն Հայաստան: Հայ երգիչներից ոմանք վերցնում են թուրքական երգերը, թարգմանում հայերեն ու աղավաղված ներկայացնում: Ավելի լավ չէ՞ թուրք երգիչը Հայաստանում հանդես գա ու մատուցի այս կամ այն թուրքական երգի օրիգինալ կատարումը: Ինչ վերաբերում է երգիչ Բինգյոլի հետ ունեցած իմ համատեղ համերգին, ասեմ, որ, այո, նվագակցել եմ նրան, բայց քանի որ աշխարհում վաղուց ինձ ներկայացնում են որպես իմպրովիզացիայի վարպետ, ես թուրք երգչի կատարումները ուղղակի համեմել եմ իմպրովիզներով»:
Ջ. Գասպարյանը պատմեց նաեւ թուրքական TV-ով իր ելույթի մասին. «Հեռուստալրագրողը բավական խիստ մարդ էր: Ես եթերի հենց սկզբից ակնկալելով նրա հարցերը, ասացի, որ չեմ պատասխանի եւ ոչ մի քաղաքական կամ նման ենթատեքստ ունեցող հարցի: Այդպես էլ ընթանում էր եթերը: Ներկայացրի, որ մեր ծիրանափողը՝ դուդուկը, Քրիստոսից առաջ է եղել, եւ եթե այդ նվագարանի նմանը կա Թուրքիայում, դա ամենեւին չի խոսում այն բանի մասին, որ դուդուկը թուրքական ծագում ունի: Հայերս էլ ենք բալալայկա նվագում, բայց բոլորս էլ գիտենք, որ այն ռուսական է: Կարճ ասած՝ սկզբում կարծես եթերը նորմալ ընթանում էր, բայց, այնուամենայնիվ, հեռուստալրագրողը ինձ ուղղեց հետեւյալ հարցը՝ դուք չե՞ք կարծում, որ Սփյուռքը խանգարում է հայ եւ թուրք բարեկամությանը: Ես չշփոթվեցի եւ պատասխանեցի հայկական հետեւյալ ասացվածքով՝ մի գիժ քարը գցել է հորը, հազար խելոք չեն կարողանում հանել: Զգացի, որ ասացվածքը զրուցակցիս դուրը չեկավ եւ ինքն էլ, իբրեւ պատասխանիս պատասխան, ասաց՝ հիմա խելոքները շատ են, մի օր էդ քարը դուրս կգա հորից»:
«Առավոտի» դիտարկմանը՝ այս տարվա փետրվարի 11-ին Լոս Անջելեսում 49-րդ անգամ անցկացվող «Գրեմմի» մրցանակաբաշխությանը երաժշտարվեստի 108 անվանակարգերում ներկայացված էր նաեւ ձեր ալբոմը, որը չնայած դուդուկի համաշխարհային ճանաչմանը՝ չարժանացավ ուշադրության, Ջ. Գասպարյանը պատասխանեց. «Գրեմմիին» ներկայանալն ու մրցանակը ստանալը համարյա նույն բանն է: Բայց չմոռանանք, որ ամեն տեղ քաղաքականությունն իր դերը խաղում է. իմ եւ իրանցի երաժշտի կատարումները ընդգրկված էին նույն CD-ում…Հետո մեր CD-ն մրցում էր նույն անվանակարգում աֆրիկացի կոմպոզիտոր ու կատարողի հոգեւոր երգերի ալբոմի հետ: Առաջնությունը, բնականաբար, պետք է տրվեր աֆրիկացի երաժշտին»: