Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՐՅԱՆԻՆ ԿՄԵԾԱՐԵՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"\"Իսկ հայաստանյան իշխանությունները հետաքրքրված չեն նրանով

Սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կկայանա շքեղ համերգ՝ նվիրված մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 85-ամյակին: Այնտեղ մաեստրոյին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են մայիսի 19-ից: Նախաձեռնությունը պատկանում է աշխարհահռչակ «Գեւանդհաուզ» նվագախմբին: Օհան Դուրյանը տեղեկացրեց, որ ինքը սիրով կմասնակցեր հատկապես սեպտեմբերի 15-ին կայանալիք գալահամերգին, սակայն ստիպված է հեռու մնալ ավելորդ լարվածությունից. Լայպցիգ հասնելու համար 2 օդանավ պետք է փոխի: «Ավելի լավ է մի քիչ սպասեմ, որ, ասենք, 2008-ին Լայպցիգ մեկնեմ ոչ թե հյուրի կարգավիճակով, այլ նվագախումբը ղեկավարելու»,- նշեց արվեստագետը:

Նա նաեւ հայտնեց, որ Գերմանիայում լույս է տեսել իր կյանքն ու գործունեությունը ներկայացնող նկարազարդ գիրք-ալբոմ՝ գերմաներեն, իսկ այն շենքում, որտեղ ժամանակին ապրել է, Լայպցիգի քաղաքապետարանի որոշմամբ հուշաքար կփակցվի: Ի պատիվ մաեստրոյի, «Գեւանդհաուզ» նվագախմբի փորձասրահն էլ է կրելու իր անունը:

Արդեն պատրաստ է Մոսկվայում նկարահանված՝ Օհան Դուրյանի մասին պատմող 52 րոպեանոց ֆիլմը, որ կոչվում է «Խոր զգացմունքների մասնագիտություն. Օհան Դուրյան»: Նկարի ստեղծման աշխատանքները կատարվել են ՀՀ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ: Ֆիլմում գերմանացի երաժիշտները Դուրյանին համեմատում են լեգենդար Արթուր Նիկիշի հետ, հետո էլ հավելում, թե հայ դիրիժորը անբաղդատելի մեծություն է: «Խոր զգացմունքների մասնագիտություն. Օհան Դուրյան»-ում Դուրյանի մասին կարծիքներ են հայտնում անվանի արվեստագետներ, այդ թվում՝ Վալերի Գերգիեւը, Արմեն Ջիգարխանյանը, Ստաս Նամինը, նաեւ նրա արվեստի երկրպագուները: Կան հետաքրքիր դրվագներ, որոնցում աշխատանքի ժամանակ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Դուրյանը ռուսերեն «նկատողություններ» է անում երաժիշտներին, ինչպես, օրինակ. «Պետք է սիրե՛լ նոտաները, ոչ թե պարզապես նվագել»: Ֆիլմը դեռ հայ հանրությանը չի ներկայացվել: Սեպտեմբերի 8-ին ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքը կշնորհավորի մաեստրոյին եւ որոշ դրվագներ կցուցադրի ֆիլմից, իսկ ավելի ուշ՝ այն եթեր կհեռարձակվի ամբողջությամբ:

Իր ծննդյան 85-ամյակի առիթով Օհան Դուրյանը բարեմաղթանքներ արեց Հայաստանին. «Ուզում են Հայաստանի վիճակը լավանա, մտահոգված եմ երկրի ապագայով, ուզում եմ ժողովուրդը լավ ապրի… Գուցե խոսքերս ծանր հնչեն, բայց այսօր Հայաստանը թալանչիների, ստախոսների, խաբեբաների երկիր է: Աշխարհն է դրա մասին խոսում, դա մեզ պատիվ չի բերում… Ժամանակն է, որ ամեն ինչ փոխվի, իսկ թե ինչ եմ մտածում այդ առիթով, մոտավորապես երկու շաբաթից կասեմ»:

Օհան Դուրյանի տիկինը՝ Ալիս Դուրյանն էլ փաստեց. «Իշխանություններին չի հետաքրքրում մաեստրոյի առողջական վիճակը»: Նաեւ հավելեց, որ նրանով մշտապես հետաքրքրված են սովորական մարդիկ, հատուկենտ քաղաքական գործիչներ՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վահագն Խաչատրյան, այցելում են նաեւ մշակույթի նախարարությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել