Ժառանգներն ընդդեմ հեղինակային իրավունքների խախտման
Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում շարունակվեց Արմավիրի ՄԱՊ գինու եւ կոնյակի գործարանի դեմ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգների բողոքի քննությունը: ՄԱՊ ընկերությունն անվանական կոնյակների վրա փակցրել է պիտակներ, որոնք վարպետի վրձնին են պատկանում: Սարյաններն իրենց ներկայացուցչի՝ փաստաբանների պալատի անդամ Հայկ Հարությունյանի միջոցով պահանջում էին արգելանք դնել ՄԱՊ ընկերության նման արտադրանքի վրա: Նշենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Սարյանի իրավահաջորդների պահանջ-միջնորդությունը բավարարել էր:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանում պատասխանող կողմ ճանաչված գինու եւ կոնյակի գործարանը ներկայացրել էր մի պայմանագրի պատճեն, որը կնքվել է իքս-նկարչի եւ իրենց միջեւ (անունը չի բացահայտվում): Իքս-նկարիչն էլ, ըստ այդ փաստաթղթի տրամաբանության, պատասխանատու էր կատարված «աշխատանքի», այն է՝ հեղինակային իրավունքի խախտման համար: Սակայն դատարանը պահանջեց վերոհիշյալ պայմանագրի բնօրինակը, քանի որ ապացույցը դատարանին է տրամադրվում միայն բնօրինակի տեսքով:
Ի վերջո, ՄԱՊ ընկերությունը դատարան բերեց պայմանագրի բնօրինակը, որը փաստաբան Հայկ Հարությունյանի միջնորդությամբ պետք է ուղարկվեր փորձաքննության:
Մինչեւ հաջորդ դատական նիստը՝ պայմանագրի օրինակը դատարանից կորավ: Վերաքննիչը ստիպված էր որոշում կայացնել: Ըստ այդ որոշման, դատական ակտերի հարկադիր կատարողները «այցելեցին» ՄԱՊ ընկերություն, որտեղ նրանց հանձնվեց նոտարական վավերացմամբ բոլորովին այլ պայմանագիր:
Ի դեպ, դատարանին հանձնած փաստաթղթերի մեջ առկա է նաեւ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի եզրակացությունը: «Մասնագետները» պնդել են, որ «Կոնյակների պիտակների վրա Սարյանի նկարները չեն պատկերված»:
Սարյանի իրավահաջորդները դատարանից պահանջում են, որ ընկերությունը փոխհատուցի պիտակների օգտագործման ողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ 2-3 տարվա համար: