Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԷԼ ՉԸՆԴԳՐԿՎԵՑ

Սեպտեմբեր 08,2007 00:00

Դատարանը բնակարանից վտարեց կույր կնոջը

Շիրակի մարզպետարանի բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ՝ Գյումրիի Մուսայելյան փողոցի 76ա շենքի 15-րդ բնակարանի բնակչուհի, միայնակ Ժենյա Սարգսյանին սպառնաց փողոցներում մնալու վտանգը: Երեք տարի առաջ պետական միջոցներով վերանորոգված վերոհիշյալ շենքում անժառանգ կինը բնակարան էր ստացել օրինական ճանապարհով՝ որպես առաջնահերթ անօթեւան: Սակայն վերջերս արտասահմանից հայտնվել էր այդ նույն հասցեի նախկին բնակիչներից մեկը՝ Լիլիկ Մկրտչյանը, ով էլ դատարան էր դիմել ու տեր կանգնել միայնակ կնոջը հատկացրած մեկ սենյականոց բնակարանին:

80-ամյա կինն էլ իր հերթին դատի էր տվել մարզպետարանին՝ պահանջելով վերականգնել իր խախտված իրավունքները, այն է՝ կամ այլ բնակարան հատկացնել կամ բռնագանձել բնակարանի շուկայական արժեքին համահավասար գումար:

Սակայն Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ոչնչով չընդառաջեց հիվանդ, կույր կնոջը: Օրեր առաջ դատավոր Արմեն Խաչատրյանը կայացրեց մի վճիռ, որը շատերի գնահատմամբ անմարդկային էր: «Երկրաշարժից անօթեւան մնացած եւ բնակարանի կարիքավոր համարվող անձանց բնակարաններով ապահովելու համար նախատեսվում է երկու ձեւ՝ փաստարկվող բնակարան հատկացնելը կամ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելը: Դատարանը ապացուցված է համարում, որ ներկայումս Գյումրի քաղաքում ավարտվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան, բնակարանի կարիքավորներին բնակարան բաշխելու գործընթացը՝ բնակարաններ չլինելու պատճառով, ուստի հայցվորի պահանջը իրեն բնակարան հատկացնելու վերաբերյալ՝ չի կարող բավարարվել անհնարինության պատճառով, իսկ պետության կողմից բնակարանի շուկայական արժեքը հատկացնելու վերաբերյալ որեւէ իրավական նորմ չի նախատեսված», հրապարակվեց դատարանում: Իսկ մի՞թե ծեր կնոջը հնարավոր չէր գոնե բնակարանների գնման վկայագիր-ծրագրում ընդգրկել: Իմիջիայլոց, այս տարբերակին կողմ էր նաեւ պատասխանող կողմը՝ Շիրակի մարզպետարանը, որը, փաստորեն, դեմ չի եղել Ժենյա Սարգսյանին նորից անօթեւանների հերթացուցակում ընդգրկել, անգամ նրան տնակ տրամադրել:

Այդուհանդերձ, դատարանը հարկ չհամարեց քննել բնակարանի ձեռքբերման երկրորդ տարբերակը՝ պատճառաբանելով, թե հայցվորը այս մասին պահանջ չի ներկայացրել: «Եվ սա իրավունք է տալիս Ժենյա Սարգսյանին հետագայում հանդես գալու նման պահանջով»,- ակնարկեց դատավորը: Ստացվում է, որ միայնակ, սթրեսից կուրացած ու քայլել չկարողացող կինն անգամ անհրապույր ԲԳՎ ծրագրից օգտվելու համար էլ պետք է դատարաններն ընկնի: Տեղեկացնենք, որ դատավարությանը, որպես հարակից պատասխանողներ, ընդգրկված էին նաեւ ֆինանսների ու էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարությունների ներկայացուցիչներ, որոնք այդպես էլ գործին օգուտ չտալով՝ ինչպես եկել էին՝ այդպես էլ հեռացան դատարանից: Մինչդեռ, ի տարբերություն շատերի, միայնակ կինն այնքան պարտաճանաչ էր գտնվել, որ բնակարանը ստանալուն պես նույնիսկ տնակն էր հանձնել քաղաքապետարանին, իհարկե՝ չմտածելով այդ տարիքում փողոցներում հայտնվելու հեռանկարի մասին: Դատական ակտերի հարկադիր կատարողներին հանձնարարված է տարեց, նախկին մանկավարժին փողոց «հրավիրել» մինչեւ հոկտեմբերի 28-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել