Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"\"Ակնարկում է Վանաձորի քաղաքապետի եղբոր կինը՝ Նարինե Մանուկյանը

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործի շրջանակներում երեկ մարզի դատախազություն են տարվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի երկու տղաները՝ Աղասին եւ 16-ամյա Արգիշտին, նաեւ եղբոր որդին՝ Արման Դարբինյանը: Երեքին էլ, ըստ նրանց հարազատների, հարցաքննել են առանց փաստաբանի ներկայության, իսկ Արգիշտիի հարցաքննության ժամանակ ո՛չ փաստաբան է ներկա եղել, ո՛չ մանկավարժ, ինչպես պահանջվում է անչափահասների հարցաքննության դեպքում: Ի դեպ, Արգիշտիին Վանաձորի ոստիկանություն են տարել ինստիտուտի ճանապարհից՝ 4 մեքենաներով:

Այդուհանդերձ, հարցաքննությունից հետո, իսկ իրավապահներին հետաքրքրել է, թե որտեղ են եղել երեք երիտասարդները դատախազի սպանության օրը, քաղաքապետի տղաներին ազատ են արձակել, փոխարենը՝ երեկվա դրությամբ, Արման Դարբինյանը դեռ գտնվում էր անազատության մեջ, թեեւ նրան պաշտոնապես մեղադրանք առաջադրելու մասին նրա հարազատներին ոչինչ հայտնի չէր: Ա. Դարբինյանի մայրը՝ Նարինե Մանուկյանը, երեկ մեկնաբանելով իրավապահների կողմից իր որդուն անազատության մեջ պահելու փաստը՝ «Առավոտին» պատմեց, որ Ա. Դարբինյանին ՀՀ ոստիկանություն բերման են ենթարկել Երեւանից, որտեղ նա ապրում է շաբաթվա 5 օրերի ընթացքում: «Արմանը մեկ ժամ գտնվել է ՀՀ ոստիկանության շենքում, մեքենայի՝ «Կրայսլեր» մակնիշի 36 US 001 պետհամարանիշներով, բանալիները ձեռքից վերցրել են եւ այն, տղայիս՝ ոստիկանությունում գտնվելու ընթացքում, մեկ ժամ եղել է ոստիկանության տրամադրության տակ: Շուրջ 1 ժամ ոստիկանությունում պահելուց հետո տղայիս ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ Սեւանի ճանապարհով բերել են Վանաձոր: Մենք ոչինչ չենք խոսել Արմանի հետ, հեռախոսն անջատված է, ոչինչ չգիտենք: Սպանությունից հետո մեր տուն երկու անգամ եկել, խուզարկություն են արել, բայց ոչինչ չեն գտել եւ արձանագրություն կազմելով՝ հեռացել են: Ավելին, սեպտեմբերի սկզբին Արմանի ավտոմեքենան Վանաձոր-Երեւան ճանապարհին՝ Սպիտակի պետավտոտեսչության հենակետում կանգնեցվել եւ խուզարկվել է. դարձյալ ոչինչ չեն գտել: Ես մենակ ուզում եմ իմանալ՝ էդ ինչպե՞ս եղավ, որ էդքանից հետո սեպտեմբերի 6-ին մի ժամ մեքենան գտնվել է իրավապահների ձեռքում, ու դրանից հետո Վանաձորում նույն ավտոմեքենայի բեռնախցիկում 4 փամփուշտ է հայտնվել»,- պատմեց տիկին Մանուկյանն ու իր այս վերջին՝ հռետորական հարցադրմանն ինքն էլ պատասխանեց. «Երեւանում երեւի դրել են՝ Վանաձորում «ի հայտ բերել»: Ն. Մանուկյանը վստահ է, որ իր որդու դեմ ուզում են քրգործ հարուցել, ընդ որում՝ միանգամայն հանիրավի: Ա. Դարբինյանի հարազատները տեղյակ չեն, թե պաշտոնապես նրան մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, բայց նրա մայրը համարում է, որ որդու մեքենայից իրավապահների կողմից գցված փամփուշտները հայտնաբերելն արդեն մեղադրանք առաջադրելու հիմք է: «Պաշտոնապես մեզ ոչինչ հայտնի չէ, մենք Երեւանից երկու փաստաբանների ենք հրավիրել, որոնք կմասնակցեն Արմանի հարցաքննությանը»,- հավելեց տիկին Մանուկյանը:

Ի դեպ, վերջինս ասաց, որ իր տղան՝ Ա. Դարբինյանը, իր հորեղբոր՝ Վանաձորի քաղաքապետի երկու որդիների եւ 2-3 ընկերների հետ միասին մարզի դատախազի սպանության օրը եղել է Երեւանում, իսկ ավելի ճշգրիտ՝ «Զվարթնոց» օդակայանում, ուր մեկնել էին քաղաքապետի տղայի՝ Գերմանիայից ժամանող աներոջը դիմավորելու նպատակով: Տիկին Մանուկյանի ասելով, թերեւս, քաղաքապետի ավագ որդուն՝ Աղասիին էլ մեկուսացնեին, «բայց նրա բախտը բերել էր այնքանով, որ նա մեքենայով չէր եղել», ուստիեւ՝ նրա մեքենայում ոչինչ գցել եւ «հայտնաբերել» հնարավոր չէր եղել, ինչպես, տիկին Նարինեի համոզմամբ, կատարվել է իր որդու դեպքում: Ն. Մանուկյանի ասելով, Ա. Դարբինյանը օրինական զենք է ունեցել, որը եղել է տանը՝ չհրկիզվող պահարանում, եւ դա այն զենքը չի եղել, որով իրականացվել է դատախազի սպանությունը:

Ն. Մանուկյանը «Առավոտի» հետ հարցազրույցում հայտարարեց, թե իրենք դիմելու են «առաջին հերթին ՀՀ գլխավոր դատախազին՝ ակնկալելով նրա ողջախոհությունն ու արդարամտությունը: Հանցագործը երեւի թե շրջում է, բայց անմեղ մարդկանց մեկուսացնում ու հարցաքննության են ենթարկում»: Ի դեպ, տիկին Մանուկյանի ասելով, Վանաձորում հարցաքննել են նաեւ իր որդուն պատկանող «Բելիսիմո» բար-ֆիտես ակումբի բոլոր աշխատողներին՝ «հորդորելով» ասել, թե Արմանի ձեռքին զենք են տեսել: Դատախազի սպանությունից անցել է ավելի քան 2 շաբաթ, եւ տարօրինակ է, որ իմանալով հանդերձ, թե իր հորեղբայրը՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանն առաջիններից մեկն է կասկածվում այդ սպանության մեջ, նրա եղբոր տղան կարող էր փամփուշտներ պահել իր մեքենայի բեռնախցում:

Արմանի մայրը իր որդուն ոստիկանությունում պահելու մեջ որոշակի միտում է տեսնում. «Միտումը էն է, որ ինչ-որ մեկը, չեմ կարող ասել, թե կոնկրետ ով, կողքից ինչ-որ ուժ իր վրայից ուշադրությունը շեղելու համար նախ՝ թերթերի միջոցով քաղաքապետի կողմից, իբր, հափշտակությունների, աղմկահարույց գործերի մասին բարձրաձայնեց, հետո դատախազի սպանությունը իրագործվեց, որպեսզի մեղադրանքը մնա Սամվելի ու նրա մերձավորների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել