Լրահոս
Օրվա լրահոսը

Դատ են արել առանց պատասխանողի՞

Սեպտեմբեր 08,2007 00:00

Կոնդեցի Անահիտ Չիլոյանի տունը 3 տարի է՝ գրավ է դրված՝ առանց նրա իմացության

Օրերս «Առավոտին» էր դիմել Անահիտ Չիլոյանը եւ դժգոհում էր, որ արդեն երկու տարի է, ինչ փորձում է Կոնդ թաղամասի՝ իրեն պատկանող թիվ 148 տունը սեփականաշնորհել, սակայն այդպես էլ չի հաջողվում: Նրա հավաստմամբ՝ «Մեկ տարի առաջ, երբ սեփականաշնորհումը սկսվեց, վկայական ստանալու համար ես էլ դիմեցի: Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արսեն Ամյանն ինձ պատասխանեց, որ իբր ես իմ բնակարանի համար փոխհատուցում եմ ստացել, հետեւապես ներկայիս տան նկատմամբ իմ սեփականության իրավունքը չեն կարող ճանաչել: Բայց դա բացահայտ սուտ է եւ իրականությանը չի համապատասխանում: Երբ պարոն Ամյանից այդ մասին վկայող որեւէ փաստաթուղթ պահանջեցի, նա ինձ ոչինչ չկարողացավ ցույց տալ»: Ա. Չիլոյանի խոսքերով. «Ա. Ամյանն ինձ խորհուրդ տվեց կեղծիքը բացահայտելու համար դատարան դիմել: Հենց ինքն էլ համակարգչի վրա իր ձեռքով դիմումը հավաքեց, ու ես այն տարա դատարան: Բայց ոչ ոք մինչ այսօր իմ դիմումը բանի տեղ չի դրել: Արդեն մի տարի անցել է, բայց դատն անընդհատ հետաձգվում է: Տեսա, որ դատարանից ոչ մի հույս չկա՝ դիմեցի քաղաքապետին»:

Այս տարվա օգոստոսին, քաղաքապետի որոշմամբ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն ստորաբաժանմանը հանձնարարվել էր 134 քմ հողամասի եւ 51,20 քմ շինության նկատմամբ ամրագրել Անահիտ Չիլոյանի սեփականության իրավունքը: Սակայն երբ բնակիչն այս որոշումը ներկայացրել է կադաստրի Կենտրոն մասնաճյուղ, սեփականությունը չեն գրանցել, նրան տեղեկացրել են, որ ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրված իր բնակարանի եւ գույքի վրա: Բնակիչը հավաստում է, որ ինքը ոչ մեկին պարտք չունի եւ արգելանքի վերաբերյալ ոչ դատական ծանուցագիր է ստացել, ոչ էլ ԴԱՀԿ-ի աշխատակիցներն են իրեն այդ մասին տեղյակ պահել: Այս առնչությամբ կադաստրի Կենտրոն ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանն «Առավոտին» պարզաբանեց, որ 2004-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանք է դրվել Ա. Չիլոյանի բնակարանի եւ գույքի վրա, քանի որ նա «Հայէլցանցերին» 127 հազար դրամ պարտք ունի: Ա. Չիլոյանի խոսքերով՝ «Ապրում եմ կենցաղային անտանելի պայմաններում: Գրեթե ոչ մի գույք տանս մեջ չկա, բնակարանս անգամ դուռ-լուսամուտ չունի: Էս ամենը տեսնելով՝ լույսի տեսուչներն ինձ ընդառաջել են ու ասել, որ պարտքս կարող եմ ամսեամիս, հենց ձեռքս փող ընկնի՝ մարել: Ես էլ օրական 2000 դրամով հավաքարար եմ աշխատում, 1000-ը ծախսում եմ երեք անչափահաս երեխաներիս պահելու համար, 1000-ն էլ պահում եմ ու ամեն ամիս օգտագործած լույսիցս մի բան էլ ավելի մուծում եմ: Կոնդում տասնյակ բնակիչներ դեռ ինձանից էլ մի քանի անգամ շատ լույսի պարտք ունեն, բա նրանց տներն էդ ո՞նց են սեփականաշնորհել»: Սակայն այս ամենը դատարանի եւ ՀԷՑ-ի համար ոչ մի նշանակություն չունի, եւ, Ա. Պետրոսյանի հավաստմամբ՝ Ա. Չիլոյանը սեփականության իրավունք կստանա միայն ՀԷՑ-ի պարտքը մարելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել