Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԵՖԸ» ԾԱՌ Է ԿՏՐՈՒՄ

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"\"Ենթական իր վրա է վերցնում

ՀՀ պաշտոնյաներից մեկն Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում տուն կառուցելու նպատակով գյուղացիներից միանգամից 4 տնամերձ հողակտոր է գնել: Այդ հողակտորներից մեկը ղազարավանցի Լուսյա Գեւորգյանը 14-15 տարի շարունակ մշակել է, մրգատու ծառեր է տնկել: Հողի նոր սեփականատերը կնոջ այդքան տարվա աշխատանքը 10 րոպեում ջուրն է լցրել՝ բուլդոզերով գետնին հավասարեցնելով ու արմատախիլ անելով պտղատու ծառերը: «Որ եկան ծառերը կտրելու՝ ես ու ամուսինս թողեցինք-հեռացանք, որ ինֆարկտ չստանանք: Մինչ կգնայի մարզպետարան՝ պարզելու ինչն ինչոց է, եկա-տեսա՝ այդ ամբողջ տարածքն ու հարեւան մի քանի գյուղացու հողակտորների մի մասը բուլդոզերով մաքրել են, իմ տնկած ծառերի հետքն անգամ չկար: Նրանց ձեռքը ո՞նց էր գնացել ծառերը կտրել, ծառ կտրելը նույն բանն է, ինչ երեխա սպանելը: Ծառ կտրողը ո՞նց կարող է ղեկավար լինել»,- այսպես ներկայացրեց իր բողոքն «Առավոտի» խմբագրություն եկած Լուսյա Գեւորգյանը: Նրա պատմելով, իր մտքով չէր էլ անցնում, որ օրերից մի օր 14 տարվա իր մշակած այգին իրենից կխլեն, ինչ է թե՝ ինքն այդ հողակտորի համար սեփականության վկայական չունի. «Ես բազմիցս դիմել եմ գյուղապետին այդ տարածքը գնելու համար, սակայն նա անհիմն պատճառաբանություններով մերժել է: Եթե դա ուրիշի հողն էր, ինչո՞ւ այս 14 տարվա մեջ ինձ չէին արգելում այդտեղ այգի մշակել»:

Ինչպես պարզվեց, Լ. Գեւորգյանի մշակած եւ եւս 3 հողակտորի սեփականատերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն է: Երբ իր հողամաս այցելության ժամանակ Լ. Գեւորգյանը ԿԸՀ նախագահին ճանաչել է եւ սպառնացել է «թերթի տալ», պարոն Ազարյանը, այսպես ասած, «խաղից» դուրս է եկել: Գ. Ազարյանին մեծահոգաբար ծառայություն է մատուցել ոմն Հարություն Օհանյան: Նա հաջորդ օրը այցելելով Լուսյա Գեւորգյանի հողամաս՝ ասել է, որ պարոն Ազարյանն այդ հողամասերի հետ կապ չունի, եւ որ դրանց իրական սեփականատերը ինքն է: Լ. Գեւորգյանի պատմելով, Հ. Օհանյանը ներկայացել է որպես Աշտարակի կադաստրի աշխատակից. «Նա ինձ ասաց, որ ես իրավունք չունեմ այդ հողը սեփականաշնորհելու, քանի որ այդ տարածքը տնամերձ հողամաս չի համարվում: Օհանյանի հենց այդ անհեթեթ մեկնաբանությունն էլ իմ մեջ կասկած առաջացրեց, որ ինքը կադաստրի աշխատող չէ, քանի որ եթե հողամասը տնամերձ չէ եւ ազատ հողատարածք է, ուրեմն ցանկացած ոք կարող է այն գնել: Եթե տնամերձ լիներ, դա կնշանակի, որ այն արդեն սեփականաշնորհված հող է»:

Տիկին Գեւորգյանի կասկածներն անտեղի չէին, քանի որ, ինչպես պարզեցինք, Կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանումում Հարություն Օհանյան անունով աշխատակից չկա: Փոխարենը նույն անուն-ազգանունով մարդ գտանք Աշտարակի ընտրական հանձնաժողովում: «Առավոտի» հետ զրույցում Աշտարակի ընտրական հանձնաժողովի անդամ Հարություն Օհանյանը հաստատեց, որ Լ. Գեւորգյանի հետ ինքն է հանդիպել եւ հայտարարել, որ ինքն է հողի տերը: Նա մեզ էլ վստահեցրեց, որ պարոն Ազարյանն այդ ամենի հետ որեւէ կապ չունի. «Հողատարածքն իմ անունով է, կադաստրի սեփականության վկայականն էլ ունեմ»:

Հավաստիանալու համար, որ Հ. Օհանյանը ճշմարտությունն է ասում, այլ ոչ թե իր «շեֆին»՝ Ազարյանին սկանդալներից զերծ պահելու համար է այդ ամենն անում, դիմեցինք Աշտարակի կադաստր, որտեղից էլ վստահեցրին, որ Ղազարավանում Հարություն Օհանյանի անունով հողակտոր գոյություն չունի: Փոխարենը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ինչպես պարզաբանեցին կադաստրից, այդ գյուղում մի քանի սեփական հողատարածք ունի: Սա չհերքեց նաեւ հենց ինքը՝ Գարեգին Ազարյանը. «Այո, ես այդ գյուղում մի քանի հողակտոր եմ գնել: Ի՞նչ է, ՀՀ ԿԸՀ նախագահն իրավունք չունի՞ հող գնելու, տուն կառուցելու: Հաստատ համոզված եղեք, որ ԿԸՀ նախագահը օրենսդրությունը խախտողը չէ: Ես այդ 4 հողակտորները գնել եմ ուրիշներից՝ 1-2 տարի առաջ: Ազարյան Գարեգինի գործողությունները այս հողամասի նկատմամբ ամրագրված են կադաստրում գրանցված վկայականներով, եւ հակաօրինական գործողություն Գարիկ Ազարյանը չի անում: Դուք կարծում եք, որ ՀՀ ԿԸՀ նախագահը կարող է գնալ եւ այլ քաղաքացուն պատկանող հողում տո՞ւն կառուցել»:

Երբ պարոն Ազարյանին խնդրեցինք տրամադրել իր հողատարածքների նախկին սեփականատերերի անունները՝ հրաժարվեց, պատճառաբանելով, որ ինքը պարտավոր չէ ասել: Ղազարավանի գյուղապետ Սպարտակ Ասատրյանն էլ հաստատեց, որ հողերը Ազարյանին են պատկանում, եւ որ նա դրանք ձեռք է բերել առուվաճառքով: Գյուղապետը նույնպես որեւէ նախկին սեփականատիրոջ անուն չտվեց:

Թե ԿԸՀ նախագահը 310 հազար դրամ աշխատավարձով ինչպե՞ս է Ղազարավանում առանձնատուն կառուցելու համար հսկայական հողատարածք ձեռք բերել, դա հարցի մի կողմն է: Բայց նկատենք, որ Ազարյանի՝ հողամաս ձեռք բերելու գործարքը կասկածի տեղիք է տալիս, քանի որ եթե Լ. Գեւորգյանի մշակած հողատարածքը Գ. Ազարյանից առաջ սեփականատեր ուներ, ապա վերջինս ինչպե՞ս էր թույլ տալիս, որ իր հողատարածքը տարիներ շարունակ ուրիշ մարդ մշակի: Բացի այդ, ինչո՞ւ գյուղապետը, երբ մերժում էր տիկին Լուսյային հողատարածքը տրամադրել, չէր զգուշացնում, որ այդ հողն արդեն տեր ունի:

Մեր այս դիտարկումներին ի պատասխան, Գ. Ազարյանն ասաց. «Այդ կինը հողն օգտագործել է այնքան ժամանակ, մինչեւ որ կառավարությունը որոշում է կայացրել դա որպես տնամերձ հատկացնել գյուղացիներից մեկին, որից էլ ես այդ հողը գնել եմ»: ԿԸՀ նախագահը մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքը ծառ է կտրել. «Ես ծառ չեմ կտրում, ես ծառ տնկում եմ: Ու եթե ես ուզենայի էլ կտրել՝ հայրս ինձ հետ էր, չէր թողնի: Իհարկե, դուք էս լավ բաները ինչ որ ես ասեցի՝ չեք գրի, մնացածը՝ ինչ ուզեք, էն էլ կգրեք»:

Մեր հարցին, թե Աշտարակի ընտրական հանձնաժողովի անդամ Հարություն Օհանյանն ինչո՞ւ է այս գործին խառնվել եւ Ազարյանի սեփականությունն իրեն վերագրել, ԿԸՀ նախագահն ասաց. «Ես չգիտեմ: Երեւի կատակ է արել»: Նկատենք, որ պարոն Օհանյանը մեզ հետ զրույցում ամենայն լրջությամբ հայտարարեց, որ այդ հողակտորի իրական տերն ինքն է, եւ որ այդ հողակտորը կադաստրում իր անունով է գրանցված: Օրերս «Առավոտը» եղավ Ղազարավանում: Պարոն Ազարյանին պատկանող հողատարածքն արդեն բուլդոզերով հարթեցված էր եւ հսկայական փոս էր փորված՝ շենքի հիմք գցելու նպատակով: Լ. Գեւորգյանը մեկ առ մեկ մեզ ցույց տվեց արմատախիլ եղած պտղատու ծառերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել