Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵԼԱՓԻ» ԹՎԵՐԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 08,2007 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում, ասուլիսի ընթացքում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իրականում «Գելափ» կենտրոնի հարցման արդյունքները վկայում են, թե ինչ բարձր վարկանիշ ունի Սերժ Սարգսյանը, եւ պատրաստակամություն հայտնեց լրագրողներին տրամադրել այդ տվյալները: «Առավոտն» օգտվեց այդ հնարավորությունից, եւ պարզվեց հետեւյալ պատկերը:

Այս տարվա հուլիսին իրականացված հետազոտության համաձայն՝ հարցին, թե «նախագահի թեկնածուներից ո՞ւմ ձայն կտայիք, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի»՝ հարցվածների 23%-ը նշել է Սերժ Սարգսյանին: Մեկ այլ հարցի՝ «ուրիշ ի՞նչ թեկնածուի օգտին կարող եք քվեարկել, եթե ինչ-ինչ պատճառներով ձեր առաջին ընտրությունն անհնար լինի»՝ եւս 7% է նշել վարչապետի անունը: Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել, որ աճել է այն մարդկանց տոկոսը, որոնք երբեւէ չեն քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին: 2006-ի հոկտեմբերին ու 2007-ի մարտին 10%-ն էր տվել Սերժ Սարգսյանի անունը «Քաղաքական ո՞ր գործչի օգտին է, որ դուք երբեք չէիք քվեարկի» հարցին ի պատասխան, իսկ այս տարվա հուլիսին՝ արդեն 13%-ը: Նշենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի դրական վարկանիշը 51% է, իսկ բացասական վարկանիշը՝ 47%: Եվ այս ցուցանիշով նա իրոք զիջում է Րաֆֆի Հովհաննիսյանին, որի դրական վարկանիշը հուլիսին 82% էր, իսկ բացասականը՝ 15%:

Կարեն Կարապետյանը վարչապետի վարկանիշի կապակցությամբ նշեց. «Եթե հիշում եք, ԱԺ ընտրությունն էլ ՀՀԿ-ն սկսեց շատ ցածր վարկանիշով, բայց մեր ճիշտ աշխատանքի արդյունքում եղավ այն, ինչ եղավ»: ՀՀԿ խմբակցության ղեկավարն այնքան վստահ է, որ Սերժ Սարգսյանը «տպավորիչ ու համոզիչ» հաջողության է հասնելու հենց առաջին փուլով, որ իրենց գործընկեր ՀՅԴ ներկայացուցիչ Արտաշես Շահբազյանի տեսակետին՝ «ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը մե՛նք ենք լինելու», արձագանքեց հետեւյալ անեկդոտը մեջբերելով. «Ասում է՝ «ինձ բան ասող կա՞»: Ասում են՝ հա՛: Ասում է՝ ինձ ու իրան բան ասող կա՞»: Եվ մեկնաբանեց. «Մարդը երբ ցանկություն ունի իր դերը բարձրացնելու՝ առաջին հերթին փորձում է զուգահեռվել այն ուժի հետ, որը բավականին լուրջ հնարավորություններ ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել