Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերը գոյանում է խոշոր գործարարներից

Սեպտեմբեր 08,2007 00:00

Օրինակ, «Աշտարակ կաթի՞» կամ «Ավշարի՞

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ բոլոր հարցերին խիստ դաշնակցական պատասխաններ տվեց եւ, հավատարիմ մնալով գաղտնապահական կանոններին, կոնկրետ անուններ չտվեց նախագահի դաշնակցական թեկնածուի մասին հարցին: Նույնիսկ խուսափեց ասել, թե ո՞ւմ անունը չկա նախագահի՝ Դաշնակցության հավանական թեկնածուների ցուցակում:

Փոխարենը խոսեց սոցիալական հարցերի կարգավորման շուրջ, ասաց, որ ի վերջո ժամանակն է սոցիալական նվազագույն զամբյուղի պարունակության հարցերը կարգավորել, վերացնել օդի հարկը, որ մարդիկ վճարում են օդանավակայաններում: Այս հարցերի կարգավորման նպատակով Դաշնակցությունը մոտ 21 օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որոնք Հրայր Կարապետյանը չուզեց որակել որպես «ամբոխվարական քայլ», այլ. «Մենք այս հարցերը առաջարկել ենք վարչապետին՝ կառավարության ծրագրի մշակման ժամանակ, եւ վարչապետը խոստացել է քննարկել, եւ չի բացառվում, որ վարչապետը եւ կառավարությունը նույնպես համաձայն են այս օդի տուրքը հանելուն»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է Դաշնակցությունը իր նախարարներին ետ կանչելու որոշում կայացնի: Ասաց, որ դա տարբերակներից մեկն է, բայց անձամբ ինքը գտնում է, որ ետ կանչելն իմաստ չունի. «Ինչ իմաստ կա ետ կանչելու, ես չեմ կարծում, որ բանը դրան կհասնի, որովհետեւ վաղը կարող է այնպես լինել, որ ոչ միայն այդ 3-ը մնա, այլեւ նախարարների թիվն ավելանա նախագահական ընտրություններից հետո: Պետք է ուղղակի սպասել նախագահական ընտրությունների արդյունքին»:

Հարց եղավ այն մասին, թե ինչքանո՞վ է հնարավոր համարում ստվերային տնտեսությունը օրենսդրական դաշտ բերելը, երբ բոլոր հայտնի խոշոր օլիգարխները պատգամավորներ են կամ պաշտոնյաներ: Հրայր Կարապետյանն ասաց, որ այս իրավիճակը ինքը համարում է մեր ազգի ամենացավոտ հարցերից մեկը. «Մեր տնտեսությունը, մեր երկիրը շատ են տուժում նրանից, որ թե քաղաքականություն իրականացնողները, պետական լծակը գործադրողները եւ թե տնտեսվարող սուբյեկտները գրեթե նույնանում են, սա շատ վտանգավոր բան է եւ նաեւ՝ սահմանադրությանը հակասող հանգամանք: Այսօր շատ պաշտոնյաներ ուղղակի հակասահմանադրական գործունեություն են ծավալում: Ես չեմ բացառում, որ ԱԺ-ի մեկ այլ հարաբերակցության պարագայում խորհրդարանը ժամանակավոր հանձնաժողով ստեղծեր եւ ուսումնասիրեր խոշոր հարկատուների խնդիրը»: Ասաց, որ երկրի ստվերային տնտեսությունը ոչ թե «միջին խավի, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների պատճառով է ստեղծված, այլ՝ խոշոր բիզնեսի, իսկ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հիմնականում կամ պաշտոնյաներ են, կամ պաշտոնյաներին հարակից մարդիկ»:

ՀՀ առաջին նախագահի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականության մասին հարցին պատասխանելով՝ Հրայր Կարապետյանն ասաց. «Ես չեմ հիշում, որ իմաստունն է ասել, որ երբ որոշ ողբերգական դրվագներ պատմության մեջ նորից փորձ է արվում կրկնել, դրանք երկրորդ անգամ վեր են ածվում կատակերգության: Ես չեմ կարծում, որ դա լուրջ է, ոչ թե առաջադրումը՝ մարդու իրավունքն է, թող առաջադրվի, ոչ ոք չի կարող արգելել Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրվել: Բայց ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի մեջ կան հիշողությունից թույլ մարդիկ, որոնք այնքան ձայն կտան, որ մենք որպես լուրջ մրցակից դիտենք Լեւոն Տեր-Պետրոսյանին: Համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե ժողովրդի հիշողությունը կարճ է: Ես չեմ համարում իրեն լուրջ մրցակից նախագահական ընտրություններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել