Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ 3 քրեական գործերի կապակցությամբ պարզաբանումներ տվեց 3 ԶԼՄ-ների:
Ալեքսանդր Արզումանյանի գործը
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հաստատեց «Առավոտի» տեղեկությունը, թե իր ցուցումով է փոխվել Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը. «Մոսկվա էր գործուղվել քննչական խումբ, որի մեջ ես ընդգրկել էի նաեւ դատախազի: Մոսկվայում քննչական գործողություններն ավարտելուց հետո խումբը վերադարձավ Երեւան: Եվ սեպտեմբերի 6-ին, այդ նյութերն ինձ զեկուցելուց հետո, երբ ուսումնասիրեցի քրգործի նյութերը՝ ցուցում տվեցի փոխել Ալիկ Արզումանյանի խափանման միջոցը»: Նշեց, թե առաջադրված մեղադրանքը մնում է նույնությամբ. «Ցուցումը պայմանավորված էր նրանով, որ ես համոզվեցի՝ քրգործի շրջանակներում մեր իրավապահ մարմինների կողմից ամեն ինչ արվել է, բոլոր քննչական գործողություններն իրականացվել են Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում: Մենք սպասում ենք ՌԴ-ից իրավական օգնության մեր միջնորդության պատասխանին, որը, երեւի թե, կպահանջի տեւական ժամանակ: Այս պայմաններում Արզումանյանին կալանքի տակ պահելը ես այլեւս նպատակահարմար չգտա»:
Հիշեցրինք, որ ԱԳ նախկին նախարարը կալանավորվել էր «հետախուզման մեջ գտնվող Լեւոն Մարկոսից հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» վերաբերյալ մեղադրանքով: Սակայն այն պահից, երբ հաստատված համարվեց, որ գումարները փոխանցել է մեկ այլ անձ՝ Սաշիկ Աղազարյանը, որքանո՞վ էր իրավաբանորեն հիմնավորված Ալեքսանդր Արզումանյանին կալանքի տակ պահելը, մինչեւ պարզվի, թե արդյոք Աղազարյանի փողե՞րն էլ են արդյոք կեղտոտ, թե՞ ոչ: Մեր այս հարցին պրն Հովսեփյանն այսպես արձագանքեց. «Հենց այդ պատճառով էլ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվեց: Թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում բանկային փոխանցումների հետ կապված ողջ մեխանիզմն ամբողջությամբ վկայում է փողերի լվացման հանցակազմի մասին. Ռուսաստանից այդ գումարները փոխանցվել են ապօրինի բանկային փոխանցումների միջոցով, դրածո մարդկանց անուններով, որը հիմնավորված է գործով, եւ այստեղ գումարները ստացել են դարձյալ դրածո անձինք: Եվ ում որ ուղղված էին այդ գումարները՝ նրանք նույնպես չկարողացան գործի թե՛ սկզբնական փուլում, թե՛ մինչ այսօր բացատրություններ ներկայացնել, հիմնավորել այդ գումարների ստացման անհրաժեշտությունը եւ դրանց ծախսման նպատակները»: Քիչ անց հավելեց. «Ալիկ Արզումանյանն ինքը չի կարողանում հիմնավորել այդ գումարների ստացման մեխանիզմները եւ նպատակները»:
Գլխավոր դատախազը հայտնեց, թե Լեւոն Մարկոսի վերաբերյալ գործն իրենք ուղարկել են, եւ այն այժմ ՌԴ դատախազության վարույթում է, «քանի որ նա համարվում է Ռուսաստանի քաղաքացի, եւ ՌԴ գլխավոր դատախազությունը մերժեց մեր խնդրանք-միջնորդությունը՝ հանձնման վերաբերյալ»: Նաեւ նշեց, որ թեեւ հիմնավորվել է, որ մոսկվաբնակ Սաշիկ Աղազարյանն է գումարները փոխանցել՝ «քրգործից ակնհայտորեն երեւում է, որ այդ անձը եւ Լեւոն Մարկոսը համատեղ ձեռնարկություն են ունեցել եւ աշխատել են միասին: Բոլոր այս հանգամանքները ենթակա են ստուգման, պարզաբանման եւ գնահատման: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված տվյալների հիման վրա համապատասխան որոշումներ դեռեւս կկայացվեն»:
Մեր դիտարկմանը, թե փողերի լվացման գործերի միջազգային փորձը վկայում է, որ խոսքն անհամեմատ ավելի մեծ գումարների մասին է լինում, քան այն չափի գումարի՝ 180 հազար դոլարի, որը փոխանցվել էր Ալեքսանդր Արզումանյանին՝ պրն Հովսեփյանն այսպես արձագանքեց. «Փողերի լվացման՝ որպես հանցագործություն, ձեւակերպման մեջ գումարի չափը նշված չէ: Մի դեպքում խոսքը կարող է գնալ շատ մեծ գումարների մասին, մեկ այլ դեպքում՝ ավելի պակաս գումարի մասին»:
Սեդրակ Զատիկյանի գործի մասին
Օրերս ավարտվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունն իրականացնողների եւ օժանդակողների վերաբերյալ քրգործի նախաքննությունը: Մեկ տարի առաջ այս սպանությանն անմիջապես հաջորդած մեկնաբանություններով այդ հանցագործությունը կապում էին ԱԺ Երեւանից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանի մերձավորների հետ: Մեր հարցին՝ կարելի՞ է նշել, որ ավարտված նախաքննությամբ ի վերջո հաստատվեց այդ վարկածը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Քրգործի քննության արդյունքում 3 հոգու նկատմամբ գործը մենք արդեն ուղարկել ենք դատարան: 2 հոգի գտնվում են հետախուզման մեջ: Այդ անձանց հայտնաբերումից եւ ձերբակալումից հետո հնարավորություն կունենանք լիարժեք կատարել բոլոր քննչական գործողությունները եւ արդյունքում կայացնել որոշումներ»: Հաստատեց, որ հետախուզման մեջ գտնվող Ստեփան Հակոբյանը, որի «պատվերով եւ դրդմամբ՝ որոշակի գումարի դիմաց, շահադիտական նպատակներով եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» սպանվել է Սեդրակ Զատիկյանը՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին է:
«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե այս սպանության պատվերն ի՞նչ շարժառիթներ կարող էր ունենալ՝ պրն Հովսեփյանը պատասխանեց. «Կարող էր թելադրված լինել հիմնականում անբարյացակամ հարաբերություններով»:
Լոռու դատախազի գործի մասին
Վանաձորում շրջանառվող լուրերի համաձայն, որոնք արտացոլվել էին նաեւ մեր թերթում՝ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը կապվում է անձանց հետ, որոնք բավական մտերիմ հարաբերություններ ունեն Աղվան Հովսեփյանի հետ. խոսքն ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի մասին է: Մեր հարցին, թե արդյոք այդ վարկածը նույնպե՞ս քննվում է նախաքննության ընթացքում՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Քրգործով ձեռք բերված բոլո՛ր տվյալների հիման վրա համապատասխան վարկածներ են առաջ քաշված, մշակված է համապատասխան գործողությունների պլան: Եվ բոլոր հնարավոր վարկածները ստուգվում են: Ես շնորհակալ եմ նաեւ ԶԼՄ-ներից, որ կարող են իրենց հայտնի այս կամ այն տեղեկատվությամբ օգնել մեզ՝ վարկածներ մշակելու: Բայց նաեւ պիտի բացասական գնահատեմ այն լրագրողների գործունեությունը, որոնք չստուգված, կցկտուր տեղեկություններն իրենք իսկ կարող են գնահատել որպես վարկած: Որպեսզի հանգամանքը, տեղեկատվությունը դառնա վարկած՝ պետք է ունենա հիմնավորում»:
Աղվան Հովսեփյանն այս զրույցի ընթացքում էլ պնդեց, թե մշակված բոլոր վարկածները բացառապես վերաբերում են Ալբերտ Ղազարյանի դատախազական գործունեությանը: Նրա սպանությունը կապվում է նաեւ Լոռու նախկին մարզպետի, Վանաձորի ներկայիս քաղաքապետի ու նրանց մերձավորների թույլ տված չարաշահումների բացահայտման հետ, եւ այս կապակցությամբ հետաքրքրվեցինք՝ Լոռու դատախազությունում քննված գործերը (ապօրինի անտառահատումներ եւ այլն) արդյոք այն ծավալի ու մակարդակի՞ էին, որ կարող էր առաջանալ որոշակի հակազդեցության խնդիր. «Լոռու մարզի դատախազն իր գործունեության ընթացքում ծավալուն աշխատանք կատարեց անտառահատումների դեմ պայքարի առումով. հարուցվեցին բազմաթիվ քրգործեր, ինչի հետեւանքով հիմնականում կանխվեցին ապօրինի անտառահատումներն այն մարդկանց կողմից, ովքեր դա դարձրել էին իրենց եկամտի եւ հարստացման աղբյուր: Լոռու դատախազի կողմից լուրջ աշխատանքներ կատարվեցին մարզում կոռուպցիոն դրսեւորումների, պետական ունեցվածքի հափշտակությունների դեմ: Եվ այժմ բոլոր վարկածները ստուգվում են քրգործով: Առայժմ գործը բացահայտված չէ, եւ որեւէ վարկած քննչական խումբն իրավունք էլ չունի անտեսելու»:
Մեր հարցին, թե մարզային դատախազներն առանց այդ էլ չէին փայլում տեղական իշխանությունների քիմքին ոչ հարմար գործեր հարուցելով՝ արդյոք այս սպանությունը նախադեպ չի՞ դառնա, որ առավել զգուշանան հակամարտության մեջ մտնելուց՝ գլխավոր դատախազը պատասխանեց, թե այդպես չի կարծում, քանի որ հատուկ պահանջել է դատախազական ողջ համակարգից՝ «առավե՛լ ապահովել տեղերում դատախազական գործունեության անկախությունը: Եվ այսօր, համենայնդեպս, ես չգիտեմ որեւէ դատախազի, որը կարող է իշխանության տեղական մարմինների ղեկավարների ազդեցության տակ գտնվել»: