Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԼԱՎ ԲԱՄԲԱՍԵՑԻՆ

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"\"Կարապետիչն ու Կարապետյանը հաշվեցին բոլորի ատամները \"\"

«Ինքն ա մեծը, թող ինքը սկսի», «Ի՜, ոնց-որ հերս լինես, քեզ նայիր». նման փոխադարձ «կոմպլիմենտներով» սկսեցին իրենց բանավեճը «Հայելի» ակումբին երեկ հյուրընկալած Կարապետյանները՝ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Այնուամենայնիվ, սկսեց Ալեքսան Կարապետյանը, որը կարդաց ԱՄ հայտարարությունն այն մասին, թե որքան վտանգավոր ու ճգնաժամային իրավիճակում է գտնվում հիմա Հայաստանը, ու, ըստ այդմ, որքան կարեւոր է, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների լիդերների հանդիպումներին մասնակից դառնան նաեւ իշխանական կուսակցությունների առաջնորդներն ու Ռոբերտ Քոչարյանը: Հայտարարության ընթերցումից հետո պարոն Ա. Կարապետյանը, առաջնորդվելով հարազատ կուսակցության համար յուրահատուկ իմիջ դարձած ազգափրկչության վեհ գաղափարով, ասաց. «Ժողովրդին փրկելու համար մեզ չի կարելի բաժանել տարբեր զոնաների: Պետք է լինի փրկության համատեղ ծրագիր՝ իշխանական եւ ընդդիմադիր: Երբ հիվանդին պետք է փրկել, հավաքվում են տարբեր բժիշկներ եւ կոնսիլիում են անում՝ ինչպես փրկել: Եթե պետք է Կռիլովի առակի նման՝ լեբեդը, ռակն ու շչուկան ամեն մեկն իրանը քաշի եւ ասի՝ ես եմ փրկելու երկիրը, դա կլինի վերջը»: Նկատենք, որ առայժմ երկիրն ու ազգը փրկելու առաքելությունը միմյանց ձեռքից խլելու լուրջ պայքար չի գնում, եւ բացի Ալեքսան Կարապետյանի շեֆից, դեռ ոչ ոք չի փորձել հագնել փրկչի զրահաբաճկոնը:

Համենայնդեպս, այս հայտարարության առաջին իսկ ունկնդիրը՝ Տիգրան Կարապետիչը, չվախեցավ սպասվող ճգնաժամից, չընկավ անկումային տրամադրության մեջ ու չտոգորվեց ազգը փրկելու հրամայականով, այլ ընդամենը գնահատեց՝ «դա ստրասբուրգային գեղեցիկ ելույթ էր»: Եվ որպես քաղաքագիտության թեկնածու, անցավ կանխատեսումների, համաձայն որոնց՝ ընդդիմության միացյալ թեկնածուն «անկարելի է», որովհետեւ «թեկնածուների 80%-ը դրսից հրահանգի են սպասում, ի վիճակի չեն ինքնուրույն այդ հարցը (միավորվելու- Մ. Բ.) լուծել»: Ավելի ուշ, բացելով փակագծերը, պարոն Կարապետիչը թվարկեց «դրսից հրահանգների սպասողներին»՝ Արամ Կարապետյանը Ռուսաստանի հովանավորյալն է, Արթուր Բաղդասարյանը՝ Եվրոպայի, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ՝ ԱՄՆ-ի: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. «Ժառանգության» հայտնվելը ԱԺ-ում կարծես դարձել է պատգամավոր դառնալու ախորժակ ունեցած եւ այդ քաղցը հագուրդ չտված քաղաքական ուժերի կոշտուկը: «Վառվածներից» է նաեւ ԺԿ-ն, որի նախագահը պատեհ-անպատեհ պնդում է, թե ՀՀԿ-ն իր համար ԱԺ ընտրություններում ձայներ գնելու ընթացքում «ձեռի հետ» մի քիչ էլ Րաֆֆիի համար է գնել դրանցից: Կարապետիչը նույնիսկ գիտեր, թե ինչու է ՀՀԿ-ն նման լավություն արել Րաֆֆիին: «Որովհետեւ Ռիչարդը (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանի հորը՝ հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին- Մ. Բ.) Քըրք Քըրքորյանի դվայուրըդնի ախպերն ա: Հաստատ բան եմ ասում: Չէ՜, ինչ քավոր-սանիկ, հալալ դվայուրըդնի ախպերն ա»,- բացատրում էր Կարապետիչը: Պակաս չմնաց նաեւ Ալեքսան Կարապետյանը, որն, ի պատասխան լրագրողներից մեկի նկատառմանը, թե իշխանությունը երկար ժամանակ փորձում էր փակել «Ժառանգության» գրասենյակը, քմծիծաղեց՝ «լա՜վ էլի, էդ սաղ ձեւեր էին, վերջացրեք, էլի»: Այս գործիչները դեռ երկար քննարկեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ վերջում, որպես աղանդեր, հնչեց Կարապետիչի հումորը. «Էդ Րաֆֆին էլ՝ ատա՜նկ է, ասա՜նկ է, տե՜ր ենք: Մի ավտոբուսով ընկել էր մեջտեղ, ձեռք սեղմելով ման էր գալիս: Ասում են՝ Րաֆֆին մտնում ա յարմրկա, մինչեւ երեկո չի կարողանում դուրս գալ՝ ում տեսնում ա, ձեռքը սեղմում ա»:

Ընդհանրապես, պարոնայք Կարապետյանների երեկվա հանդիպումն ավելի շուտ նման էր տատիկների բամբասանքի, քան քաղաքական գործիչների բանավեճի: Օրինակ, Տիգրան Կարապետիչը, անդրադառնալով սոցհարցումներին, ասաց. «Էդ Գելափաստերը էն Սուտիբեկյանի բոստանից են», ապա, խորանալով Ահարոն Ադիբեկյանի անցյալի մեջ, շարունակեց. «Էդ Սուտիբեկյանը մանկական երկաթուղում տոմսեր էր վաճառում, կարո՞ղ ա մենք չգիտենք, մեր կայարանցին ա: Էսօր հելել ա, ասում ա՝ ձայնե՜րը, բաները»: Իսկ լսելով Ալեքսանդր Արզումանյանի կալանքից ազատման լուրը՝ ասաց. «Ուրեմն մասսոնները լավ են աշխատել»: Նույնիսկ ակնարկեց, որ նախկին իշխանությունները գործում են ներկաների կողմից. «Վճռական պահերին նախկին եւ ներկա իշխանությունները միշտ էլ լեզու են գտնում: Հիմա էլ կարող են չարիքի փոքրագույնը անել՝ փոշիացնել ձայները, կամ էլի մի բան, բայց հաստատ իմացեք՝ միասնական թեկնածու չի լինի»: Փոխարենը գովազդեց. «Մեր կուսակցությունն այլընտրանք է ժողովրդի համար, ինչպես մեր հեռուստատեսությունը», ապա, նորից հիշելով ԱԺ ընտրությունները, թախծոտ տոնով փաստեց. «Իրենց հզորի տեղ են դնում, բայց խելագարված ձայներ են առնում: Ձայները փողով առնում են ու չգիտեն՝ էդ իրե՞նց էլեկտորատն ա, թե՞ Տիգրան Կարապետիչի թշվառներն են»:

Ալեքսան Կարապետյանն էլ իր հերթին պնդում էր, որ «Գելափը արտասահմանի պատվերն է կատարում, եւ առաջին տեղերում գրել է այն մարդկանց անունները, ովքեր ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հովանավորյալներն են»: Հիշեցնենք, որ ըստ «Գելափ» ինստիտուտի պատվերով անցկացված սոցհարցումների, այսօրվա դրությամբ ժողովուրդը նախընտրում է որպես նախագահ տեսնել Վարդան Օսկանյանին, Արթուր Բաղդասարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել