Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԻՐԱԽԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆԻՇԸ

Սեպտեմբեր 07,2007 00:00

Ես նորից վերադառնում եմ նավի տեսիլքին, որի մասին մի անգամ արդեն գրել եմ. ասելիքս էր՝ նավի տեսիլք չունեցող ազգը իր ներսից նավապետ չի կարող ծնել: Այնինչ՝ արդեն մոտենում է նավապետ ընտրելու շրջանը եւ մեր ամենօրյա մանրախոսությունները, ենթախոսությունները եւ ենթագուշակությունները շատ հեռավոր առնչություն ունեն այն նավի հետ, որի համար նավապետ ենք ուզում ընտրել: Ո՞ւր, ի՞նչ ճանապարհ ենք նախընտրում մեր բազմաչարչար նավի համար. hյուսիս, հարավ, արեւելք, արեւմուտք, թե պիտի շարունակենք կոմպլիմենտարիզմի անհողմությամբ ճոճվել անորոշության ջրերի վրա:Հետաքրքիր է, այսօր ով գիտի, թե իր իրական խորքերում ի՞նչ է ուզում մեր ժողովուրդը եւ ով է, որ պետք է ձեւակերպի նրա համընդհանուր՝ թերեւս չգիտակցված կամքը, ականջը դրած ժողովրդի սրտին՝ լսելով նրա ձայնը եւ որպես զգեստ ունենալով հայրենիքը:Ձին, մեքենան գեղեցիկ են, անհրաժեշտորեն օգտակար, բայց ձիուն ղեկավարում է ոչ թե սանձը, այլ ձիավորը, ինչպես մեքենային՝ ղեկ-ա-վարը: Եվ ես հիմա այս պարզ մտորումների շրջածիրում հստակ տեսնում եմ, թե ինչպես հայրենական նավը անստույգ, մոտավորապես ճանաչող գործիչները իրար հրմշտելով ձգտում են դեպի ղեկը, մոռանալով, որ ղեկը չէ, որ առաջնորդում է նավին, այլ նավապետը:Ու ինձ թվում է նաեւ, որ մեր գործիչների մի ստվարախումբ, չունենալով որոշակի զբաղմունք, մտել է քաղաքականություն կամ պատահաբար հայտնվել այնտեղ եւ հիմա չի կարող դուրս գալ ու տուն վերադառնալ, չնայած իրենք գիտեն, որ չունեն որոշակի ասելիք ու ակամա նմանվում են այգիներում ու հրապարակներում իրենց հույսը զառի վրա դրած նարդի խաղացող թոշակառուների: Կամ նման են պատահաբար իշխանության մեջ հայտնված այն չինովնիկին, որ ի տես ժողովրդի, մի անգամ մի ծառ է տնկել, բայց մոռացել է ջրել:Ես միշտ սիրել եմ երեք թիվը, ինձ համար միստիկական խորհուրդ ունի այն եւ հիմա մեր երրորդ նախագահի նախընտրական քարոզչության շեմին անսովոր տագնապ կա իմ մեջ, որ թիրախը ունի ընդամենը տասը նիշ եւ ինչ լայնախոհություն եւ հեռահար իմաստություն է պետք մեր ընտրվելիք նախագահին, որ կարողանա իր խոսքի ու գործի նետով խփել ոչ թե ինչ-որ նսեմ մեկ, երկու, չորս թվերին, այլ խփել տասին… Իսկ տասին խփելու համար նշանառուն պետք է մտքում ունենա տասնմեկ թիվը, որը թիրախի վրա, սակայն, չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել