Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ

Սեպտեմբեր 07,2007 00:00

\"\"Հայաստանի ըմբիշներն անպայման մասնակցելու են աշխարհի առաջնությանը եւ ձգտելու են օլիմպիական ուղեգրեր նվաճել:

Սեպտեմբերի 17-ին Բաքվում մեկնարկող ըմբշամարտի աշխարհի առաջնության կազմկոմիտեի անդամ, այդ երկրի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Խազար Իսաեւն Ադրբեջանի լրատվական գործակալություններով հայտարարություն էր տարածել, իբր թե մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան մասնակցության հայտ չի ուղարկել իրենց: Նրա խոսքերով, հայ մարզիկների անունները բացակայում են նախնական հայտեր ներկայացրած 99 երկրների մարզիկների ցուցակում:

Երեկ «Առավոտի» խնդրանքով այդ հայտարարությունը մեկնաբանեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մեկ օր առաջ ինձ մոտ խորհրդակցություն էր հրավիրվել մեր ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների, ազգային հավաքականների մարզիչների հետ, որին ներկա էին նաեւ փոխնախարար Սամվել Խաչատրյանը եւ Բաքու մեկնող պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը,- ասաց նա:- Թեման Բաքվում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստման ընթացքն էր, որը, ի դեպ, անցնում է նորմալ եւ կազմված ծրագրերին համապատասխան։ Հենց խորհրդակցության ընթացքում հեռախոսով անձամբ զրուցել եմ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ դոկտոր Թամաշ Այանի հետ, որն այս տարվա մայիսի սկզբին մեր նախաձեռնությամբ Բաքվում կայացած Հայաստանի, Ադրբեջանի օլիմպիական կոմիտեների պաշտոնյաների, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) նախագահի եւ ՄՕԿ-ի մասնակցությամբ անցկացված բանակցությունների եւ դրա արդյունքում ստորագրված քառակողմ պայմանագրի ժամանակ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի կողմից նշանակված ներկայացուցիչն էր: Պարոն Այանի հետ վերջնականապես ճշտեցինք մեր պատվիրակության՝ Բաքու մեկնելու մանրամասները: Դրանից հետո պաշտոնական նամակ ուղարկեցինք ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիին, որում նշել ենք մեր պատվիրակության անդամների անունները, քանակը, մեկնման եւ վերադարձի օրերն ու ժամերը, որոնք որոշակի նկատառումներով հրապարակել նպատակահարմար չեմ համարում: Այսօր ստացել եմ Մարտինետիի պաշտոնական պատասխանը, որում նա գոհունակություն է հայտնում աշխարհի առաջնությանը մասնակցելու մեր որոշման համար եւ նշում է, որ դա շատ կարեւոր է ոչ միայն ՀԱՕԿ-ի, մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի, հավաքական թիմերի, այլեւ ՄՕԿ-ի եւ ՖԻԼԱ-ի համար: ՖԻԼԱ-ի նախագահը պաշտոնապես հաստատել է մեր մասնակցությունն աշխարհի առաջնությանը: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ ձեր նշած հայտարարություններին, ես դրան ծանոթ չեմ: Եթե այդպես է, դա ընդամենը ապատեղեկատվություն է:

Աշխարհի այս առաջնությունը տարբերվում է նախորդներից: Այստեղ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում: Իսկ մեր ըմբիշները նախապատրաստվում են ոչ թե հենց այնպես մասնակցելու, այլ ուղեգրեր նվաճելու համար: Այնպես որ, մենք անպայման մեկնելու ենք Բաքու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել