Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր թատրոնի վրա թքած ունեն»

Սեպտեմբեր 07,2007 00:00

Երեկ նեղսրտեցին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ներկայացուցիչները, որոնք իրենց խնդիրների մասին պատմող 8 նամակ են գրել մշակույթի նախարարությանը:

Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ասուլիս էին հրավիրել թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, տնօրեն Կարո Շահբազյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանը: Նրանք տեղեկացրին, որ այսօրվանից Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացմամբ կբացվի 65-րդ թատերաշրջանը: «Արդեն 65 տարի գոյություն ունեցող մեր թատրոնի համար, ոչ նորմալ շենքային պայմանների պատճառով, վերջին 10 տարում դժվարանում ենք որոշել, թե երբ պետք է թատերաշրջանը բացել կամ փակել»,- ասաց պրն Ղազանչյանը: Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ թատրոնը, հավատարիմ մնալով իր ավանդույթներին՝ խաղացանկը համալրել է հիմնականում հայ դասական եւ ժամանակակից հեղինակներով: Անդրադառնալով թատրոնի երիտասարդացմանը, պրն Ղազանչյանը փաստեց, որ վերջին 2 տարում 7 երիտասարդ դերասանների են ընդունել: «Որ թատրոնում էլ աշխատել եմ, այն բլոկադայի չեմ ենթարկել: Մեր թատրոնի ոչ միայն դռները, այլեւ պատուհաններն են բաց բոլոր երիտասարդ ռեժիսորների ու դերասանների առջեւ»,- ասաց նա: Ս. Գրիգորյանն էլ նշեց, որ ինքը նույնպես կողմնակից է երիտասարդ շնորհալիների թատրոն գալուն. «Մանավանդ հայ ազգը երբեք չի ուշանում տաղանդներ ծնել: Հուսով եմ՝ դեռ կծնվեն Կարպ Խաչվանքյաններ, Թաթիկ Սարյաններ»:

Թատրոնի տնօրեն Կ. Շահբազյանն էլ փաստեց. «Այսօր Երեւան քաղաքում բացի մեր թատրոնից չկա մեկը, որ վերանորոգված չլինի: 2002 թվականին, երբ «Լինսիի» միջոցներով վերանորոգվում էին մշակութային օջախները, խոստացան, որ մեր թատրոնն էլ կմտնի այդ ցանկի մեջ, բայց այդպես չեղավ: 2 տարի օր ու գիշեր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը սպասարկեց հանրությանը, վերանորոգվող թատրոնների ներկայացումները խաղացվեցին մեր հարկի տակ: Այդ ծանրաբեռնվածությունն էլ նպաստեց, որ մեր բեմական մեխանիզացիան ժամանակից շուտ շարքից դուրս գա»: Կ. Շահբազյանը շեշտեց, որ շենքային վատ պայմանների, ձմռանը ջեռուցում չլինելու պատճառով ստիպված են լինում քիչ ներկայացումներ ունենալ: «Այս տարի պետական բյուջեից որոշակի գումար էր հատկացվել տանիքի վերանորոգմանը: Արդեն 15 օր է՝ աշխատանքներն ընդհատված են, տանիքն էլ՝ կիսատ վերանորոգված: Պատճառը նախագծային եւ նախահաշվային սխալն է եղել ու հիմա չգիտենք, թե ինչ է լինելու քանդված տանիքի հետ»,- հավելեց նա: Երբ տնօրենի այս խոսքի վրա Ս. Գրիգորյանը իրենց թատրոնով հետաքրքրվելու խնդրանքով դիմեց մշակույթի նախարարությանը, դերասան Բորիս Պեպանյանը զայրացավ. «Չպետք է խնդրել, պետք է պահանջել մշակույթի նախարարությունից: Եթե նախարարը չի կարողանում աշխատել, թող հեռանա: Հասմիկ Պողոսյանը երբեք չի հետաքրքրվել մեր թատրոնով, ոչ մի անգամ այստեղ ոտք չի դրել: Թքած ունեն թատրոնի վրա: Չգիտես ինչ խաղեր են խաղում, ինչպե՞ս կարելի է տանիքը կիսատ-պռատ նորոգել, բա ո՞ւր են գնում պետական փողերը: Ինչի՞ համար են աշխատում այնտեղ հավաքված շուրջ 200 ձրիակերները, որոնք անտեղյակ են մեր խնդիրներից, բայց փող են ստանում»: Կ. Շահբազյանը հավելեց, որ նախագծային ու նախահաշվային աշխատանքները կատարվել են քաղաքաշինության նախարարության պատվերով, ու թատրոնը ֆինանսական կամ այլ հարցերի հետ որեւէ կապ չունի: Ե. Ղազանչյանն էլ ասաց. «Մի՞թե հնարավոր է 370 քառակուսի մետր սխալ հաշվարկել: Բա ինչի՞ համար են գալիս պրոֆեսիոնալ մասնագետները՝ «Երեւաննախագիծ» ինստիտուտից ու այդքան պակաս հաշվում: Այսօր վարչապետն ու փոխվարչապետը պատրաստ են մեզ գումարներ տրամադրել, սակայն նրանց ճիշտ պատկերը ներկայացնող չկա: Ու մինչեւ մեր գրած հերթական նամակը մեկը մյուսին կմակագրվի, կսկսվեն անձրեւները: Ինչո՞վ է զբաղված մշակույթի նախարարությունը: Արդեն 8-րդ նամակը նախահաշվի հետ միասին ուղարկում ենք, բայց ոչ մի պատասխան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել