Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԸ ԶԱՆԱԶԱՆԵՑԻՆ ՌԱԲԻՍԻՑ»

Սեպտեմբեր 07,2007 00:00

\"\"Ըստ ժողգործիքների պետական նվագախմբի ղեկավար Նորայր Դավթյանի, սա «Ժողովրդական երգիչ» նախագծի ձեռքբերումներից ամենաէականն է:

«Շանթ» հեռուստաընկերությամբ շուրջ 2 ամիս առաջ մեկնարկած «Ժողովրդական երգիչ» նախագիծը ոգեւորություն է առաջացրել ժողովրդական, աշուղա-գուսանական երգի երկրպագուների շրջանում, որովհետեւ 90-ականների սկզբներից հայաստանյան TV-ների եթերից վերացել էր այս ժանրի պրոպագանդումը: Մի քանի տարի է՝ «Նոր ալիքով» էլ հեռարձակվում է «Ռետրո» հաղորդաշարը, ինչը անդրադարձ է միայն ժողովրդական արվեստի նվիրյալներին՝ Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթեւոսյանին, գուսան Շահենին, Հովհաննես Բադալյանին եւ այլոց: Իսկ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունը քիչ թե շատ ներկայացնում է մերօրյա գուսաններին:

«Ժողովրդական երգիչ» նախագծի մասին ոլորտի հայտնի անունների խոսքը լսելու «Առավոտի» սպասելիքներն արդյունք չտվեցին: Նրանց մեծամասնությունը չկամեցավ արտահայտվել, բայց շեշտեց, որ նախագծի թիվ 1 թերությունը դերասան Ազատ Գասպարյանի ներկայությունն է ժյուրիի կազմում: Նշեցին նաեւ, որ երիտասարդների հետ չպետք է պարապմունքներ անցկացնի քամանահար Մխիթար Քեթցյանը: Մասնագետները փաստեցին, որ վերջինիս երգած Սայաթ-Նովան նախագծում օրինակ չի կարող լինել երիտասարդների համար: Փոխարենը՝ գովեստով խոսեցին մյուս մասնագետի՝ Սիրանույշ Գալստյանի Սայաթ-Նովայի մասին, նաեւ կարեւորեցին ժյուրիի կազմում ճանաչված դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի, երգիչներ Լեյլա Սարիբեկյանի, Արսեն Գրիգորյանի (Մրո) ներկայությունը:

«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանը, հակառակ իր գործընկերներից շատերի, ասաց, որ նույնիսկ եթե իրեն չհրավիրեն էլ նախագծի որեւէ փուլին, ամեն դեպքում պատրաստ կլինի իր ղեկավարած ժողգործիքների նվագախմբի հետ կազմակերպել երիտասարդ երգիչների համերգը: «Երիտասարդները այս նախագծի շնորհիվ վերջապես կարող են ժողովրդականը ռաբիսից զանազանել: Թե չէ ռաբիսը վերջին տարիներին ժողովրդականի հետ «մի կաթսայում եռալով»՝ սովորական բան էր դարձել: Միայն նախագծում նշվեցին ժողովրդական արվեստի երախտավորներ, գուսաններ Աշոտի, Շերամի հոբելյանները, մեծանուն երգչուհի Արաքսի Գյուլզադյանի 100-ամյակը եւ այլն: Անգամ առանձին օր էր տրամադրված կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ, մեծանուն Խաչատուր Ավետիսյանին, որի ղեկավարությամբ Երեւանի պետկոնսերվատորիայում 1980թ. սկսեց գործել ժողովրդական երաժշտության ամբիոնը»,- հայտնեց պարոն Դավթյանը:

Մեզ հետ իր կարծիքը կիսեց նաեւ աշուղագետ Էլինար Շահենը: «Ժողովրդական երգիչը» մեծ լսարան ունի: Սա չեմ ասում որպես մասնագետ: Արդեն գովելի փաստ է, որ օտար «էլեմենտներով» հայկականի անվան տակ հաճախ պարտադրվող եւ ամեն օր հրամցվող տասնյակներով հաշվվող իբր ժամանակակից երգերի փոխարեն հնարավորություն կա լսել մեր ազգայինը: Ի վերջո, ինքս ճանաչում եմ երաժիշտների, ովքեր չեն տեսել, օրինակ, քամանի ժողովրդական գործիք եւ միայն նախագծի մրցելույթներում նվագակցող «Սայաթ-Նովա» աշուղա-գուսանական անսամբլի գործիքային մասի շնորհիվ ծանոթացան քամանիի, սազի, սանթուրի եւ մեր մյուս ժողովրդական նվագարանների հետ»,- նշեց աշուղագետը:

Եվ Ն. Դավթյանը, եւ Է. Շահենը ձեռնպահ մնացին նախագծին մասնակցող՝ համարյա վերջնագծին հասած 8 երգիչներից որեւէ մեկին առանձնացնելուց: Նշենք, որ մասնակիցները նախագծի սկզբում 400-ն էին: «Առավոտի» կողմից անցկացվող փոքր հարցախույզից հետո շատերը միանշանակ առանձնացրին երեք անուն՝ Նարեկ Պողոսյան, Արմեն Դավթյան, Գոհար Ասատրյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել