Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշակերտներն ընկել են «դռնեդուռ»

Սեպտեմբեր 07,2007 00:00

Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում սեպտեմբերի 1-ը նշել են բանվորները, իսկ աշակերտները «ապաստանել» են հարեւան դպրոցներում:

Մինչեւ նոր ուսումնական տարին սկսելը՝ մայրաքաղաքի կրթության պատասխանատուները միաբերան նշում էին, որ սեպտեմբերի 1-ին Երեւանի դպրոցները պատրաստ կլինեն աշակերտներին ընդունել, սակայն պարզվում է, որ ոչ բոլորում են շինարարական աշխատանքներն ավարտվել: Օրինակ, թիվ 78 դպրոցի սաները սեպտեմբերի 1-ն անցկացրել են իրենց դպրոցի բակում, քանի որ, ըստ պատվիրատուի՝ քաղաքաշինության նախարարության ժամանակացույցի, աշխատանքներն այստեղ կավարտվեն հոկտեմբերի 15-ին: «Առավոտի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանը նշեց. «Չեմ կարծում, որ շինարարության իրականացումից որեւէ աշակերտ կամ ծնող դժգոհի: Ճիշտ է, որոշ անհարմարություններ կան, բայց ծնողները դրանց ըմբռնումով են մոտենում»: Հետո էլ հավելեց, որ իրենց աշակերտները դպրոց ընտրելու առումով դժվարություններ չեն ունեցել, քանի որ հաճախում են հարեւանությամբ գտնվող թիվ 83 եւ 172 դպրոցներ: Փաստենք, սակայն, որ կան ընտանիքներ, որոնց 3 երեխաները շինարարության պատճառով տարբեր դպրոցներում են «ապաստանել», եւ բազմազբաղ ծնողները նրանց առանձին-առանձին տուն տանելու խնդիր ունեն: Ծնողներից մեկի խոսքերով. «Շինարարության պատճառով ընտանիքս կիսվել է, գոնե երեխաներիս նույն դպրոցում տեղավորեին տնաշենները»:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը հուսադրեց, որ թիվ 78 դպրոցում 100 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտից հետո դպրոցը կդառնա մայրաքաղաքի ամենաշքեղ կրթօջախներից մեկը. «Մեզ ոչ մի ծնող չի դժգոհել, սեպտեմբերի 1-ին նրանք դպրոցում շրջայց են կատարել, տեսել կատարվող աշխատանքներն ու գոհ են մնացել»: Վարչության պետը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին մայրաքաղաքի թիվ 56, 80, 125, 168 եւ 194 դպրոցներում էլ են «Լինսի» հիմնադրամի միջոցներով շինարարական աշխատանքներ կատարվում, եւ այդ դպրոցների աշակերտներն էլ են նույն վիճակում: Եթե թիվ 78-ում մի երկու ամիս է, ինչ աշակերտները դժվարություններ ունեն, ապա վերը նշված դպրոցներում շուրջ մեկ տարի է՝ շինարարական «հոգսերի» մեջ են: Օ. Վաթյանի խոսքերով. «Այս դպրոցներն այնքան ճոխ են կառուցվում, որ երբեմն անցորդները կարծում են, թե ռեստորան կամ հյուրանոց է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել