Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ՉԻ ՃԱՆԱՉՎՈՒՄ

Սեպտեմբեր 07,2007 00:00

Թաղապետարանը հրաժարվում է կատարել շրջգործկոմի որոշումը

ՈՒթ ամսական էր Աշխեն Աբրահամյանը, երբ նրա հայրն ու մայրը 1988թ. հունիսի 21-ին ավտովթարից մահացան: Երեխան մնաց առանց ծնողական խնամքի եւ Երեւանի Ե. Թադեւոսյան 12/2 շենքի թիվ 21 բնակարանից տեղափոխվեց մորաքրոջ՝ խնամակալ ճանաչված Անահիտ Դանիելյանի մոտ: Վերջինս բնակվում էր Մասիս քաղաքում:

Նախկին Լենինյան շրջգործկոմի 24/15 որոշմամբ, անչափահասի՝ Ա. Աբրահամյանի ծնողներին պատկանող բնակարանը մինչեւ նրա չափահաս դառնալը հանձնվեց շրջգործկոմի տնօրինությանը, գրավոր պայմանով, որ Աշխենի չափահաս դառնալու օրը նրան կհատկացվի մեկ սենյականոց նույնատիպ բնակարան:

Աշխենը չափահաս դարձավ: Երեկվա դրությամբ նա դեռ չի ստացել իր բնակարանը, քանի որ նախկին Լենինյան շրջխորհրդի գործկոմի որոշմանը տեր չի կանգնում ներկայիս Շենգավիթ համայնքի թաղապետարանը, ասելով, թե ինքը իրավահաջորդը չէ: Աշխենը դիմել է Շենգավիթի թաղապետարան, Երեւանի քաղաքապետարան, խնդրել, որ իրեն հատկացնեն իր ծնողների՝ Ե. Թադեւոսյան հասցեում գտնվող բնակարանը: Աշխենը պատրաստ է նաեւ ստանալ փոխհատուցում բնակարանի դիմաց:

Ա. Աբրահամյանին թաղապետը տեղեկացրել է, որ բնակարանը չի կարող տալ նրան, քանի որ այնտեղ ներկայումս ապրում է հաշվառված Վարդան Վարդանյանի ընտանիքը:

Թաղապետարանը հրաժարվել է նաեւ համարժեք բնակարան տրամադրել Աբրահամյանին: Երեւանի քաղաքապետը ընդհանրապես չի պատասխանել որբ մնացած երեխայի նամակ-դիմումին:

Աբրահամյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ուր պատասխանող էին ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը, Շենգավիթ համայնքի թաղապետարանը, նաեւ՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Դատարանում թաղապետարանի ներկայացուցիչ Ռ. Մարգարյանն ասաց, որ «հայցվորը չի նշել, թե որ իրավական ակտով է հիմնավորում իր պահանջը», որ օրենքով է թաղապետարանը Ա. Աբրահամյանին տալու բնակարան: Թաղապետարանը հրաժարվել է կատարել նախկին գործկոմի որոշումը: Քաղաքապետարանն էլ գրավոր տեղեկացրել էր, որ Երեւանի ենթակայությամբ բնակարանային ֆոնդը, բնակելի շենքերի տարածքները հանձնվել են թաղային համայնքներին՝ սեփականության իրավունքով: Դատարանը վճիռ կայացրեց, որով պարտավորեցրեց Շենգավիթ համայնքի թաղապետարանին՝ մեկ սենյականոց բնակարան հատկացնել Ա. Աբրահամյանին կամ բնակարան գնելու համար տրամադրել համարժեք դրամական հատուցում: Աբրահամյանը նշել էր բնակարանի շուկայական արժեքը՝ 10.450.000 ՀՀ դրամ: Թաղապետարանը դիմել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան, որը նույնպես անփոփոխ էր թողել առաջին ատյանի կայացրած վճիռը: Համառորեն պետական մարմինների իրավահաջորդությունը չճանաչող թաղապետարանը դիմել էր վճռաբեկ դատարան, որը բեկանել էր վճիռը, գործն ուղարկել վերաքննիչ: Նախորդ օրը նշանակված դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ նախագահող Կարինե Հակոբյանը այլ դատավորների հետ Ծաղկաձորում մասնակցում էր սեմինարի:

Երեկ Փաստաբանների պալատի անդամ Վարդան Զուռնաչյանը, որը Աբրահամյանի ներկայացուցիչն է, «Առավոտին» ասաց, որ ներկայացրել է մի շարք փաստարկներ: Մասնավորապես, որ իր վստահորդը բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից չի օգտվել: «Տվյալ դեպքում Աբրահամյանը հանդիսացել է ՀՀ-ում մշտապես բնակվող անձ, եւ ՀՀ բնակարանային օրենսգրքի համաձայն՝ օգտվելու էր բնակտարածության տնօրինման բոլոր իրավունքներից»: Իսկ Աշխեն Աբրահամյանի կարծիքով՝ «Այն բնակարանը, որի վրա կարող էին տարածվել իմ սեփականության իրավունքները, գործկոմի որոշմամբ դարձել է այլ անձանց սեփականությունը: Ընդունենք, որ թաղապետարանն ու քաղաքապետարանը իրավահաջորդը չեն, հետեւաբար, ինձ բնակարան հատկացնելու պարտականությունն անցել է Հայաստանի Հանրապետություն-պետությանը, որն էլ պետք է կատարի այն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել