Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճարահատյալ տաքսիներով են երթեւեկում

Սեպտեմբեր 07,2007 00:00

Մարզերում երթուղիները կրճատվում են՝ տաքսիների «գործին չխփելու» համար

«Մեկ ամսից ավելի է՝ ավտոբուս չունենք: Անգամ անհրաժեշտության դեպքում չենք կարողանում գնալ շրջկենտրոն՝ Գորիս, քանի որ ստիպված ենք լինում տաքսի վարձել: Գորիս գնալ-գալու համար միայն ճանապարհածախսը 2500-3000 դրամ է կազմում: Առաջ ամեն մի գյուղ առանձին ավտոբուս էր գնում, հետո ավտոբուսների թիվը կրճատեցին: Մեկ ավտոբուսն անցնում էր բոլոր գյուղերով, իսկ հիմա դա էլ հանեցին: Էդ ինչ ենք աշխատում ամբողջ տարվա ընթացքում, որ այդքան էլ ծախս անենք: Գյուղացիների վիճակը բարելավելու փոխարեն՝ ծանրացնում են»,- օրերս նման մտահոգությամբ «Առավոտին» էին դիմել Գորիսի Շինուհայր, Խոտ, Հալիձոր գյուղերի մի խումբ բնակիչներ: Շինուհայր գյուղը շրջկենտրոնից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում: Գյուղացիների պատմելով, ցանկացած փաստաթղթի համար իրենք ստիպված են լինում գնալ շրջկենտրոն. «Նոտարը, անձնագրայինը, «Փարոսն» այնտեղ են գտնվում, հիվանդանոցը նույնպես Գորիսում է եւ ուզած-չուզած՝ մարդիկ պետք է գնան շրջկենտրոն»:

Գյուղացիները համոզված են, որ ավտոբուսները միտումնավոր են գծից հանել, որպեսզի տաքսիների «գործին չխփեն». «Որ գոնե երթուղայիններ աշխատեն, այդքան էլ չենք նեղվի, դրանք տաքսիներից մատչելի գներով կերթեւեկեն, թե չէ գյուղացիներ կան, որոնք ճարահատյալ էդ 20 կմ-ն ոտքով են գնում, որ գոնե հետ գալու վրա միայն գումար ծախսեն»:

Երեկ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանից հետաքրքրվեցինք, թե նշյալ գյուղերը սպասարկող ավտոբուսներն ինչու են գծից հանվել: Մեզ հետ զրույցում պարոն Աղաբեկյանն ասաց. «Տեխնիկական խնդիրներ ունեինք, ավտոբուսը փչացել էր»: Նա վստահեցրեց, որ Գորիսից Շինուհայր, Խոտ, Հալիձոր գյուղեր գնացող ավտոբուսն առաջիկա շաբաթվա ընթացքում անպայման կաշխատի: Իսկ թե քանի ավտոբուս կսպասարկի այդ 3 գյուղերը, ըստ Ս. Աղաբեկյանի՝ դա կախված է ուղեւորների քանակից. «Եթե պահանջարկ լինի՝ կավելացնենք, քանի որ պահուստային ավտոբուս էլ են մեզ տրամադրելու»:

Մարզային տրանսպորտից մեր թերթին իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ վանաձորցի մի քանի ուղեւորներ. «Վանաձորում պետք է ժամերով սպասես, որ կարողանաս գոնե մի ոտքդ երթուղայինում տեղավորել: Վանաձորից Երեւան գալու համար մենք բազմաթիվ զրկանքներ ենք կրում: Հերիք չէ, որ 1-2 ժամ սպասում ենք, այդքանից հետո ուղեւորներն այնքան շատ են լինում, որ հաճախ մեզ տեղ չի մնում: Ով հասցրեց տեղավորվում է, ով չհասցրեց՝ ստիպված է լինում ժամերով սպասել՝ մինչեւ հաջորդը շարժվի: Ովքեր էլ Երեւանում շտապ գործ ունեն՝ ստիպված են լինում տաքսիներով տեղափոխվել»: Այս առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնեցին, որ երթուղայինների գրաֆիկը կարգավորում է «Հայավտոկայան» ընկերությունը: Երեկ ողջ օրվա ընթացքում ընկերության հեռախոսները չէին պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել