Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱ ԻՆԸ ԱՄԻՍ ԻՆՉՈ՞Վ ԷԻՔ ԶԲԱՂՎԱԾ՝ ՀԱՎԱՔԵԻՔ»

Սեպտեմբեր 07,2007 00:00

Վանաձորի ծննդատանը չեն ընդունում ծննդկանի հարազատների պատճառաբանությունը, թե «մաղարիչ» տալու փող չունեն:

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի մարզերում իրականացրին առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագիրը, որի արդյունքում մի շարք բուժհիմնարկներ միավորվեցին, ու բժիշկների թիվն էլ կրճատեցին: Դա հիմնականում արվեց բուժսպասարկման որակը բարձրացնելու համար, որպեսզի կրճատված բժիշկների հաշվին համակարգում մնացած բժիշկների աշխատավարձը բարձրանա, ու վերջիններս այլեւս հիվանդներից ստացած կաշառքի ու «մաղարիչների» կարիքը չունենան: Սակայն այսօր էլ բուժհիմնարկներում պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների համար բժիշկները, սովորության համաձայն, հիվանդներից գումար են պահանջում:

Նորություն չէ, որ Հայաստանում ծննդօգնությունն անվճար է: Սակայն Վանաձորի ծննդատանը, որտեղ արդեն օպտիմալացումը եղել է, աշխատավարձերը բարձրացել են, բժիշկները, միեւնույն է, իրենց «մաղարիչը» պահանջում են: Շատ ծննդկաններ «Առավոտին» բողոքել են, որ այդ ծննդատանը «մաղարիչի» հաստատված գումարներ կան՝ սկսած 40 հազար դրամից, իսկ դրանից ցածր գումար տալու դեպքում բժիշկները հարազատների «քծիպությունը» նոր ծննդաբերած կնոջ քթից են բերում: Օրերս Վանաձորի այդ հիվանդանոցում ծննդաբերած մի կնոջ հարազատները երեխայի ծնվելուց հետո բժշկուհուն՝ Լուսինե Վարդանյանին շնորհակալություն են հայտնել 30 հազար դրամի տեսքով: Բժիշկն այնքան է վիրավորվել նման «ցածրակարգ» շնորհակալությունից, որ գումարը հետ է շպրտել հարազատներին՝ ասելով, որ իր մոտ շնորհակալության արժեքը 40 հազար դրամից է սկսում: Իսկ երբ ծննդկանի տատիկ-պապիկը բժշկուհուն բացատրել են, որ իրենք հնարավորություն չունեն, այդքան գումար չեն կարող տալ, Լ. Վարդանյանը նետել է՝ «Բա ինը ամիս ինչո՞վ էիք զբաղված, հավաքեիք»։ Ծննդկանի անունը չենք հրապարակում, քանի որ նա շարունակում է բուժվել հիվանդանոցում եւ հնարավոր է՝ խնդիրներ ունենա: Ծննդկանի հարազատներից 40 հազար դրամ «մաղարիչ» պահանջելու փաստը Լ. Վարդանյանը, բնականաբար, կտրականապես հերքեց:

Նկատենք, որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ անվճար բուժծառայության համար հիվանդանոցներում կաշառք են ուզում: Ամեն անգամ, երբ կաշառքի դեպքի մասին տեղյակ ենք պահում առողջապահության նախարարությանը՝ պարզվում է, որ հրապարակումից հետո «մաղարիչ» պահանջած բժշկին աշխատանքից ազատել են: Մինչդեռ այսօր «մաղարիչ» վերցնում է բժիշկների 99 տոկոսը, ուստի նրանցից ոմանց աշխատանքից ազատելով՝ հարցը չի լուծվի:

Այն, որ Վանաձորի ծննդատանը բժիշկները «մաղարիչ» պահանջում են՝ «Առավոտի» հետ զրույցում չհերքեց նաեւ ծննդատան բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը: Նրա խոսքերով՝ «բոլորս էլ գիտենք, որ երեխա ունենալիս «մաղարիչ» են տալիս, դա մեր մենտալիտետի մեջ մտած է, մեկը չի, երկուսը չի, որ պատժենք՝ անցնի: Բոլորն են այդպիսին»: Իսկ թե ինչպե՞ս պետք է պայքարենք «մաղարիչների» դեմ մեր հարցին՝ պարոն Ավալյանը, որը նաեւ Լոռու մարզի գլխավոր գինեկոլոգն է, պատասխանեց՝ «դուք ամուսնացա՞ծ եք, ուրեմն 9 ամիս հետո, երբ կգնաք ծննդաբերելու, ձեր ամուսնուն կասեք «մաղարիչ» չանի, տեսնենք կլսի՞: Միեւնույն է, մանավանդ առաջնեկն ունենալիս հայերը չեն կարող բժշկին շնորհակալություն չհայտնել»: Իսկ եթե ծննդկանն իսկապես գումար չի ունենում, դա անդրադառնո՞ւմ է սպասարկման որակի վրա հարցին պարոն Ավալյանն ասաց, որ հնարավոր է՝ կապված նրանից, թե ինչ բժշկի է հանդիպել:

Չնայած Վանաձորի ծննդատանը սահմանված են «մաղարիչային» բարձր գներ, այդ հիվանդանոցում սանիտարական այնպիսի անթույլատրելի պայմաններ են, որ շատ հաճախ նորածին երեխաները կամ նրանց մայրերը ծննդատնից հետո բուժվում են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ամենաքիչը, որ պատահում է նոր ծննդաբերած կնոջ հետ այդ հիվանդանոցում՝ այն է, որ ծննդատան կեղտից ու փոշուց կանանց մոտ ալերգիկ երեւույթներ են նկատվում: Ծննդատան սանհանգույցները այնքան փնթի վիճակում են, որ կեղտը թաքցնելու համար հիվանդանոցի ղեկավարությունը գերադասում է դրանք պահել մթության մեջ՝ էլեկտրականությունն անջատած։

Ծննդատան բաժնի վարիչը նույնպես հաստատեց, որ, իսկապես, կոմունալ հարմարություններ չունեն ու սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. «Իրոք, շենքային պայմանները զզվելի են: Դա օպտիմալացման խայտառակ ծրագրի շնորհիվ է, որից սահմանափակ թվով մարդիկ օգտվեցին: Նախկին ուրոլոգիական բաժանմունքը դարձրին ծննդաբերական, բա ի՞նչ էիք ուզում, որ լիներ»: Ինչ վերաբերում է նրան, որ նոր ծննդաբերած կանայք ուղիղ տեղափոխվում են ինֆեկցիոն հիվանդանոց՝ ըստ պարոն Ավալյանի, դա չափազանցված է. «Չնայած շենքային վատ պայմաններին, մայրական մահացության եւ հիվանդացության ցուցանիշները մեր հիվանդանոցում շատ ցածր են: Օրը 5-6 ծնունդ ենք ընդունում եւ 3 տարվա մեջ մայրական մահ չենք ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել