Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դրական եւ զրոյական արդյունքներ

Սեպտեմբեր 07,2007 00:00

Բրյուսելից նոր վերադարձած ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ինչպես միշտ, գոհ էր իր այցի եւ հանդիպումների արդյունքներից: Այս անգամ նա հանդիպել է ինչպես ԵՄ ու ՆԱՏՕ-ի ղեկավարների, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների հետ: Եվ եթե ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գծով պարոն Օսկանյանը գոհունակության հետ մեկտեղ նաեւ նորություններ ուներ, ապա Ղարաբաղի հարցով քննարկումների ժամանակ որեւէ նոր բան չի արձանագրել:

Հայաստանցիներին թերեւս կհետաքրքրի պարոն Օսկանյանի հայտնած այն տեղեկությունը, որ ԵՄ-ի «Նոր հարեւաններ» ծրագրի անդամ երկրները ստորագրել են նոր փաստաթուղթ, որը հող է նախապատրաստելու մոտ ապագայում այդ երկրների, որոնց թվում է նաեւ Հայաստանը, եվրաինտեգրմանը՝ նաեւ տնտեսական առումով: Ըստ նախարարի, դա հնարավորություն կտա անդամ-երկրներին օգտվել եվրոպական շուկայից, ինչպես նաեւ կհեշտացնի վիզաների տրամադրումը ԵՄ երկրներ մեկնողներին:

Պրն Օսկանյանը «դրական արդյունքներ բոլոր ուղղություններով» էր արձանագրել նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ: «Անհատական գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ-ի կողմից ակնկալվող բարեփոխումների ընթացքը ՆԱՏՕ-ն նորմալ է համարում, եւ միակ խնդիրը, որ կա այս առումով, դա ՀՀ զինված ուժերի քաղաքացիականացման հարցն է: Առայժմ Հայաստանն այս պարտավորության մասով լուրջ ձեռքբերումներ չունի: Զինված ուժերի քաղաքացիականացման համար նախատեսվում են փոփոխություններ բանակի մասին օրենքում, ինչպես նաեւ օրենք, որը կկարգավորի պաշտպանության համակարգում քաղծառայության ներդրումը: Սակայն, ըստ ԱԳ նախարարի, առայժմ այս հարցում տեղաշարժը դանդաղ է. «Իմ կարծիքով, նորմալ ընթանում է այդ գործընթացը, բայց՝ դանդաղ: Նման բարեփոխումները հեշտ չեն լինում, համակարգը ընդդիմանում է, դա բնական է, բայց հաղթահարելի խնդիր է»,- ասաց նա:

Մինսկի խմբի համանախագահների հետ չծրագրված հանդիպումը որեւէ նորություն չէր բերել կարգավորման գործընթացին: Այս հարցում պարոն Օսկանյանն ուներ իր մոտեցումը, ըստ որի, այսօր սեղանին դրված փոխզիջումային փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացն ապահովելու համար բավականաչափ լավն է, մնում է միայն, որ Ադրբեջանը այն ստորագրելու համարձակություն եւ քաղաքական կամք ցուցաբերի: Ըստ պարոն Օսկանյանի, Մինսկի խումբը իրեն դեռ չի սպառել, սակայն բանակցությունների համար նոր դրական լիցք կարող է լինել ԼՂ մասնակցությունը: «Առավոտի» հարցին՝ կա՞ն ղարաբաղյան կողմը 10 տարի անց կրկին բանակցությունների սեղան բերելու շանսեր, թե՞ դա միայն ցանկություն է, նախարարը պատասխանեց, որ աշխատում են այդ ուղղությամբ, սակայն Ադրբեջանը դիմադրում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել