Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գծային պատերազմ» գեներալների միջեւ

Սեպտեմբեր 07,2007 00:00

Կոնֆլիկտի մանրամասները

Էջմիածնի ԲՈՒԱՏ-ի (Բեռնաուղետար ավտոտրանսպորտ) եւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի միջեւ, մինչեւ վերջինիս մանդատը վայր դնելը, գործել է պայմանագիր, համաձայն որի՝ էջմիածինցի 2500 ուսանող Էջմիածին-Երեւան-Էջմիածին երթեւեկության անվճար արտոնություն է ստացել: Ըստ պայմանագրի՝ երթեւեկության միջոցը՝ ավտոբուսները տրամադրում էր ԲՈՒԱՏ-ը, գումարը՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 6000 դրամ՝ Հ. Հակոբյանը:

Էջմիածին-Երեւան, Արմավիր-Երեւան, Մարգարա-Երեւան, Մասիս-Երեւան ավտոճանապարհները փաստաթղթերով, ինչպես նշեց մեր աղբյուրը, անձնագրով հանձնված է Էջմիածնի ԲՈՒԱՏ-ին: Իսկ ԲՈՒԱՏ-ը գեներալ Մանվելի եղբորորդունն է՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանինն է: Գծի անձնագիրը ձեռք է բերվել 1995 թվականին՝ 3-րդ ավտոպարկի տնօրեն Մուշեղ Խաչատրյանից:

Որ Էջմիածին-Երեւան գիծը վաղուց Գրիգորյանների սեփականությունն է՝ գիտեն բոլորը, եւ որ ավտոբուսով, միկրոավտոբուսով, անգամ՝ տաքսիով գիծ դուրս գալը պետք է լինի միայն Գրիգորյաններից որեւէ մեկի թույլտվությամբ՝ դա էլ գաղտնիք չէ: Բայց այդ տաբուն վերացնելու վճռականություն է ցուցաբերում մյուս գեներալ Սեյրան Սարոյանը. արտասահմանյան արտադրության 55 տեղանոց հինգ նոր ավտոբուսներ է բերում եւ, հուրախություն ուսանողների, հայտարարում, որ ավանդույթը կշարունակվի ու մայրաքաղաքում սովորողներն էլի կերթեւեկեն անվճար: Իհարկե, որեւէ մեկը Սեյրան Սարոյանին չի հարցնում՝ որտեղի՞ց քեզ այդքան միջոցներ, որ կարողացել ես 5 ավտոբուսներ ձեռք բերել, բայց սա հարցի մի կողմն է, սրա ժամանակը դեռ չի եկել:

Ու, մինչ ավտոբուսները սեպտեմբերի 1-ին դուրս կգային գիծ, Սարոյանի հավատարմատար, փոխգնդապետ Արմեն Պողոսյանը, մարտական անունն՝ Արծիվ, գեներալի հանձնարարությամբ հանդիպում է Հրանտ Գրիգորյանի հետ՝ տեղեկացնելու, որ այդ գծում այսուհետ աշխատելու են նաեւ իրենք: Սկզբունքորեն դեմ չլինելով՝ Հ. Գրիգորյանն առաջարկում է համագործակցել այնպես, ինչպես համագործակցել է Հակոբյանի հետ: Չընդունելով պայմանը՝ Ա. Պողոսյանը հեռանում է: Դրանից հետո, սեպտեմբերի 1-ին Սարոյանի ավտոբուսները դուրս են գալիս գիծ:

Ուրիշի սեփականության նկատմամբ ոտնձգության փաստը պարզաբանելու նպատակով գործին խառնվում է գեներալ Մանվել Գրիգորյանը. Արմեն Պողոսյանի հետ խոսք ու զրույցի ընթացքում գեներալն անպարկեշտ արտահայտություններ է թույլ տալիս Սարոյանի հասցեին, ինչը ափերից հանում է հավատարմատարին, ու վերջինս հրում է գեներալ Մանվել Գրիգորյանին: Նախերգանքն սկսված է. գործի են անցնում գեներալի մարդիկ ու Արծիվին, Ս. Սարոյանի թիկնազորի պետ Նիկոլին եւ եւս 5 հոգու, որոնք հսկել են ողջ հանդիպման ընթացքը, մի լավ ծեծելուց հետո տանում են միայն իրենց հայտնի ուղղությամբ:

Հեռախոսով իմանալով դեպքի մանրամասները՝ սեպտեմբերի 3-ին՝ իր ծննդյան օրը, Օդեսայից վերադառնում է գեներալ Սարոյանը: Տեսնելով ծեծված տղաներին՝ հորդորում է չկոտրվել, որովհետեւ «դաբրոն» կա, ու մինչեւ վերջ գնալու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել