Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԻՔԸ ՄԱՐԴ ԵՐԱԶՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀ»

Սեպտեմբեր 07,2007 00:00

Մեր թերթին տված հարցազրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը վստահեցնում է, որ իր կուսակցության լիդերի թիկնապահները ոչ մի «ռազբորկայի» չեն մասնակցել:

– Խորհրդարանական ընտրություններից հետո ուրիշ ինչո՞վ է զբաղվելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

– Հուլիս, հատկապես օգոստոս ամիսների ընթացքում ԲՀԿ կենտրոնական գրասենյակը երկու գործառույթ է իրականացրել. հանրապետության մարզերում եւ տարածքներում (թվով 50) վերստեղծել է տարածքային գրասենյակները, որտեղ յուրաքանչյուրում 3 մարդ կա, որ կուսակցական գործունեությամբ են զբաղված, վերստեղծել է այդ կառույցների խորհուրդները, որոնցում նվազագույնը 9 մարդ կա, եւ երկրորդ՝ զբաղվել է կուսակցական շարքերի վերագրանցմամբ: Մեր կուսակցության անդամները վերագրանցվել են, եւ առաջիկայում այդ թիվը կհրապարակենք:

– Դարձյա՞լ պիտի ասեք, որ ԲՀԿ-ն մոտ 400 հազար անդամ ունի:

– Մենք այդ թիվը կհրապարակենք, իհարկե, դա ավելի պակաս կլինի, քան նախընտրական շրջանում, բայց սա շատ ավելի ռեալ թիվ է, եւ մենք մեծ լավատեսությամբ ենք ընկալել այդ փոփոխությունները, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ Ծառուկյանի հեղինակությունը, ԲՀԿ-ի գաղափարները շատ ընկալելի եւ ընդունելի են հասարակության համար: Երեկ մենք անցկացրինք քաղխորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցեցին մեր պատգամավորները, նախարարները, քաղխորհրդի անդամները, մեր մարզպետը եւ 50 տարածքային կառույցների ղեկավարները: Նրանց հետ մենք քննարկեցինք երկու բնույթի հարցեր՝ նախընտրական շրջանում մեր տված խոստումների կատարումը եւ ընտրություններ անցկացրինք: Կուսակցության նախագահի տեղակալ ընտրվեց Սամվել Ադամյանը, կուսակցության քարտուղար՝ Ռուբեն Մանուկյանը: Մեր նախընտրական խոստումների մեջ ունենք խոստումներ, որոնք ուղղակի չենք կարող չանել: Խոսքը հարկային բեռի թեթեւացման, միջին ձեռնարկատիրական գործունեության խթանման եւ սոցիալական բնույթի խոստումների մասին է: Այս բոլոր հարցերի շուրջ մենք սկսել ենք կոնսուլտացիաներ մեր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ: Կոալիցիոն հուշագիրը նախատեսում է, որ մենք հավասար հիմունքներով պիտի ունենանք մշտապես գործող խորհուրդ: Այս խորհրդի գործադիր մասը ՀՀԿ խմբակցության նախագահ Կարեն Կարապետյանի եւ մեր խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համատեղ աշխատանքն է: ՀՀԿ-ն մեզ ասել է, որ ինքը բաց է՝ մեր սկզբունքային քաղաքական ծրագրերը քննարկելու եւ անցկացնելու:

– Ձեր կուսակցությունը նախընտրական շրջանում հատկապես աչքի ընկավ իր բարեգործական գործունեությամբ, հիմա, երբ հասել եք ձեր մուրազին, մտել եք խորհրդարան, շարունակելո՞ւ եք բարեգործությունները, թե՞ արդեն կարելի է եւ բարեգործ չլինել:

– Երկու ճշտում եմ անում՝ Գագիկ Ծառուկյան բարեգործի կերպարն է, որ մեր կուսակցությանը այդպիսի շարմ է տվել, իմիջ է տվել, եւ մենք դա շատ լավ հասկանում ենք: Եվ երկրորդը՝ այն, ինչ բաժանել է, բարեգործություն է արել, արել է Գագիկ Ծառուկյանը իր միջոցների հաշվին: Ինչ վերաբերում է մեր մուրազին հասնելուն, մենք ակնկալել ենք ավելի շատ եւ ստացել ենք մի քիչ ավելի քիչ:

– Նախագահական ընտրություններում ո՞վ է լինելու ԲՀԿ թեկնածուն, կուսակցությունը կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

– Մեր համատեղ հուշագրում գրված է, որ մենք առաջադրելու եւ պաշտպանելու ենք նախագահի միասնական թեկնածուի: Կարող եմ մի բան հաստատ ասել, որ մենք ազնիվ ենք լինելու մեր պատասխանատվության շրջանակներում: Հոկտեմբերի վերջին համագումար կհրավիրենք եւ այդ համագումարում կհայտարարենք մեր միասնական թեկնածուի մասին: Հիմա դեռ վաղ է խոսել դրա մասին:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր կիսակոալիցիոն գործընկերոջ՝ Դաշնակցության՝ առանձին թեկնածուով հանդես գալու որոշմանը:

– Նորմալ ենք վերաբերվում. մեր համագործակցությունը երկշերտ է, այսինքն՝ մի տեղ մենք ունենք սերտ համագործակցություն, մյուս տեղում՝ մի քիչ ավելի զուսպ: Մենք հասկանում ենք, որ կարող են լինել տարբերություններ, շուտով կսկսվի խորհրդարանական քառօրյան, եւ կտեսնեք, որ տարբեր հարցերում մենք ունենք տարբեր մոտեցումներ, եւ դա կերեւա: Մենք դրանից ոչ ամաչում ենք եւ ոչ էլ վախենում:

– Ինչո՞ւմ են երեւալու ձեր համոզմունքների տարբերությունները:

– Դա կերեւա օրենսդրական նախաձեռնություններով եւ քաղաքական վերահսկողության հարցում: Ինչ վերաբերում է առանձին թեկնածու առաջադրելուն, դա Դաշնակցության իրավունքն է, համաձայնագրի մեջ այդպես էլ գրված է, դրա համար էլ մենք Դաշնակցության հետ համաձայնագիրը մեկ տարով ենք ստորագրել, իսկ ՀՀԿ-ի հետ՝ 5 տարով:

– Ձեր կուսակցության նախագահը պարտաճանաչ մասնակցելո՞ւ է խորհրդարանի լիագումար նիստերին;

– Մեր կուսակցության նախագահը ամեն օր զբաղված է կուսակցության գործերին հետեւելով: Ես ամեն օր առնվազն երկու անգամ նրան զեկուցում եմ այն անցուդարձը, որ տեղի է ունենում խորհրդարանում: Վստահ եմ, որ պարոնայք Վարդանյանը, Գրիգորյանը եւ Քուշկյանը եւս նրան ամեն օր զեկուցում են նախարարությունների անցուդարձը: Ինչ վերաբերում է քառօրյաներին նրա մասնակցությանը, համոզված եմ, որ այդպես է լինելու, դրան կարող է խանգարել կամ հիվանդությունը, կամ Հայաստանում չգտնվելը, մնացած պարագաներում նա լինելու է այստեղ:

– Ամառվա ընթացքում մեծ թվով «ռազբորկաներ» եղան, որոնց մասնակցեցին նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները, ուրիշների թիկնապահները եւ այլն:

– Ինչ վերաբերում է «ռազբորկաներին», Ծառուկյանի թիկնապահները դրա հետ կապ չունեն, դրանք ուրիշ մարդիկ են: Այս երկրում լիքը մարդիկ երազում են ներկայանալ որպես Գագիկ Ծառուկյանի թիկնապահ: Ծառուկյանը չունի այնպիսի թիկնապահներ, որ մասնակցեին այդպիսի «ռազբորկաների»: Ինչ վերաբերում է մյուս միջադեպին, ապա դուք գիտեք, որ դատախազությունը քննություն է իրականացնում, գիտեք, որ միջազգային ուշադրության կենտրոնում է, եւ ես ավելացնելու բան չունեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել