Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ «ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՄԱՍԻՆ»

Սեպտեմբեր 07,2007 00:00

Կառավարության այս նախաձեռնությունը մեկն է այն օրինագծերից, որոնք ընդգրկվելու են սեպտեմբերի 10-ից մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում:

ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվել է նախորդ խորհրդարանում անավարտ մնացած որոշ օրենքի նախագծեր այժմ քննարկելու նպատակահարմարության հարցը: Եվ հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը հայտնել է, թե ինքն առարկություններ ունի երկրորդ ընթերցում անցած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ այն ունի թերություններ, եւ կա լրամշակման կարիք: Գալուստ Սահակյանն էլ տեղեկացրել է, որ ԱԺ-ում այս օրենքի ընդունումը մի քանի անգամ ձախողվել է, միշտ էլ եղել են մտահոգություններ որոշ դրույթների վերաբերյալ: Բայց նկատի ունենալով, որ նախորդների համեմատությամբ՝ այն բավականաչափ մշակված է, գործընկերներին առաջարկել է օրինագծին դրական եզրակացություն տալ, ինչը եւ արվել է:

Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ օրինագծեր են պատրաստվում քննարկել մեր պատգամավորները սեպտեմբերի 10-ից մեկնարկող հերթական նստաշրջանում: Այս հարցն ուսումնասիրելու ընթացքում պարզեցինք, որ առայժմ նախաձեռնություններ ներկայացնելու իմաստով խորհրդարանական ուժերից ամենաակտիվն «Օրինաց երկիրն» է: Այս խմբակցության պատգամավորներն արդեն իսկ ներկայացրել են 40-ից ավելի նախաձեռնություններ: Դրանք հիմնականում ՕԵԿ նախընտրական ծրագրից բխող նախաձեռնություններ են: Ասենք, առաջարկվում է «Կրթության մասին» օրենքում կատարել լրացում, ըստ որի՝ դպրոցներում իրականացվելու է 2 օտար լեզուների ուսուցում, «որոնցից մեկի ուսուցումն սկսվում է 1-ին դասարանի 2-րդ կիսամյակից, իսկ մյուսինը՝ 2-րդ դասարանի 1-ին կիսամյակից»: Բացի այդ՝ 4-րդ դասարանից պիտի ուսուցվի «Ինֆորմատիկա եւ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ» առարկան:

ՕԵԿ պատգամավորները «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում առաջարկել են կատարել փոփոխություն, ըստ որի՝ պիտի հանվի հօգուտ «կազմակերպության» օտարվելու դրույթը: Փոխարենն առաջարկվում է ավելացնել, թե հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել նաեւ հօգուտ համայնքի:

Լրագրողներս պիտի երախտագիտությամբ արձագանքենք ՕԵԿ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Արտաշես Ավոյանի նախաձեռնությանը, որոնք «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկել են հետեւյալ լրացումը. «Միջոցներ ձեռնարկել լրագրողների եւ ԶԼՄ-ների այլ ներկայացուցիչների մասնագիտական գործունեության անվտանգությունն ապահովելու եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»:

Ուշագրավ է, որ հենց Հեղինե Բիշարյանն է ներկայացրել օրինագիծ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին»:

Նախաձեռնությունների քանակով 2-րդ տեղում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է, որը ներկայացրել է շուրջ 30 նախաձեռնություն: Նա, ասենք, առաջարկել է փոփոխություն կատարել «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում եւ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման աշխատանքների ավարտի համար որպես վերջնաժամկետ սահմանել 2011 թվականը: Վիկտոր Դալլաքյանն ունի մեկ այլ նախաձեռնություն՝ «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

Նա օրենքի նախագիծ է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման մասին»: Բացի այդ՝ մեկ այլ օրինագծով էլ նախաձեռնել է ստեղծել «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայություն»: Այս մարմինը, ըստ նախագծի՝ պիտի նաեւ վերահսկողություն կատարի «կուսակցությունների եւ դրանց միավորումների ֆինանսավորման կարգերի իրականացման» նկատմամբ:

Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունը. «Հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով»: Նրա մեկ այլ նախաձեռնություն, որ կհետաքրքրի ժողովրդական լայն զանգվածներին՝ վերաբերում է «Հայխնայբանկ»-ում ավանդադրված խնայողություններին: Ըստ այդմ՝ կառավարությունը մինչեւ 2008-ի դեկտեմբերի 1-ն ԱԺ հաստատմանը պիտի ներկայացնի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հայաստանյան մասնաճյուղի բաժանմունքներում խնայողական ավանդների վերականգնման եւ մարման ծրագիրը»:

Նշենք նաեւ, որ ե՛ւ Վիկտոր Դալլաքյանը, ե՛ւ ՕԵԿ-ն առանձին-առանձին ներկայացրել են «Մեղվաբուծության մասին» օրենքի նախագծեր: Դրանց, թերեւս, առաջիկայում անդրադառնանք, ինչպես նաեւ՝ «Անասնակերի մասին» օրենքի նախագծին, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել