Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄՊԱԳՈՌԳՈՌ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Սեպտեմբեր 06,2007 00:00

\"\"

Ադրբեջանցի պաշտոնյաների եւ զինվորականների «սպառնալիքները» այսպես է որակում Գառնիկ Մարգարյանը

«Ես չեմ ուզում անգամ մեկնաբանել պատերազմի մասին ադրբեջանական ղեկավարության եւ զինվորականների ամպագոռգոռ հայտարարությունները, որովհետեւ դրանք շատ նեղ, անհիմն եւ սուբյեկտիվ մոտեցումներ են: Իրենք չեն պատերազմը վերսկսողը կամ իրենք չեն, որ իրականում կարող են գործողություններ իրականացնել»,- «Առավոտի» հետ զրույցում, հակադարձելով Հայաստանին պատերազմով սպառնալու ադրբեջանցի պաշտոնյաների վերջին շրջանի հոխորտանքներին, ասաց նախկին բարձրաստիճան սպա, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Մեր զրուցակիցը հարկ համարեց հիշեցնել մեր ադրբեջանցի հարեւաններին, որ «աշխարհի տերերը» վաղուց նարկայացված են տարածաշրջանում, եւ արցախյան հարցն էլ գտնվում է նրանց, այսպես ասած, հսկողության տակ. «Այսօր, երբ Արեւմուտքը փորձում է ՆԱԲՈՒԿՕՆ առաջ տանել, իսկ ՌԴ-ն կատեգորիկ դեմ է, ոչ ոք թույլ չի տա նոր պատերազմական իրավիճակ: Հարցն այն չէ, որ մենք այսօր ավելի հզոր ենք: Պարզապես 1988-94-ի եւ այսօրվա տարբերությունն ակնհայտ է: Այն ժամանակ բռնկումները, բախումները, լոկալ պատերազմները հնարավոր էին, իսկ հիմա՝ առանց գերտերությունների «սանկցիայի» դա անհնար է»: Բացի այդ՝ «Չնայած նրան, որ Հայաստանը չունի լեգիտիմ իշխանություն, եւ այդ իշխանությունը ժողովրդի կողմից միայն հակակրանք ունի, միեւնույն է, մենք ունենք բանակ, որն անցել է պատերազմ, եւ այդ բանակը, հատկապես ղարաբաղյան դիրքերում, ես բազմիցս եմ առիթ ունեցել ու իմ աչքով եմ տեսել, մարտունակ է: Ադրբեջանցիներն իրենք էլ համոզված են, որ մեկ հայ զինվորը 10 ադրբեջանցի զինվորի դեմ միշտ էլ պատրաստ է կռվելու: Սա պատմությունն էլ է ապացուցել: Բայց այսօր նաեւ փաստ է, որ իր տեխնիկական, ինժեներական, զինվորական, ինտելեկտուալ եւ մնացյալ բոլոր առումներով Ղարաբաղը լրջագույնս պաշտպանված է: Այս պարագայում Ադրբեջանն ինքն էլ չի գնա լոկալ բախումների, որովհետեւ դա նրանց համար պարտություն կլինի»: Գառնիկ Մարգարյանը նաեւ փաստում է, որ այդպես էլ հաջողություն չունեցավ «առանձին անհատների՝ հակազգային կերպարների», վերջին տարիների վարած «ազգին պառակտելու՝ ղարաբաղցիներ-հայաստանցիներ» քաղաքականությունը. «Արհավիրքների պահերին հայ մարդիկ միշտ էլ համախմբվել են եւ թշնամու նկատմամբ հաղթանակներ տարել: 1994-ի պատերազմի արդյունքները եւ դրա զոհերի շիրիմները չեն ների մեր ժողովրդին, հետեւապես ադրբեջանական ոչ մ ի ագրեսիա հաջողությամբ չի պսակվի»:

Մեկնաբանելով ԼՂՀ հարցը Միավորված ազգերի կազմակերպությունում լսելու հավանականությունը եւ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ դրանից հայկական կողմը կշահի՞, թե՝ կկորցնի՞, Գառնիկ Մարգարյանն ասաց. «Սուբյեկտիվ եւ շատ ծայրահեղական է այդ գնահատականը: Ես 15 տարեկանից ծանոթ եմ ՄԱԿ-ի եւ ղեկավար կազմի, եւ Անվտանգության խորհրդի, եւ ստրուկտուրաների գործունեությանը, լավ գիտեմ այդ կառույցի ստեղծման նշանակությունը պատերազմից հետո եւ կարծում եմ, որ 21-րդ դարում ՄԱԿ-ն իր դերն ու նշանակությունն այս ձեւաչափով կորցրել է: Պատահական չէր նաեւ, որ խոշոր տերությունների առաջին դեմքերն էլ վերջին տարիներին ասում էին, որ ՄԱԿ-ում լրջագույն փոփոխություններ պիտի տեղի ունենան»: Նաեւ՝ «Ո՞վ է ասել, որ ՄԱԿ-ի որոշումը պարտադիր է մի ազգի համար: Ադրբեջանցիներն իրենց կեղծիքներով, կեղծ պատմական փաստաթղթերով եւ հայ ժողովրդի պատմական անցյալի մասին հերյուրանքներով բավականին ակտիվ աշխատում են Եվրոպայում, փորձում են անտեղյակ անգլիացուն կամ բրիտանացուն համոզել, որ հայերը եկվոր ու քոչվոր են, այն դեպքում, երբ Ադրբեջան ու ադրբեջանցի հասկացողություն չկար ու այսօր էլ չկա: Ես քիչ հավանական եմ համարում, որ ՄԱԿ-ում բանաձեւ ընդունվի, բայց անգամ այդ պարագայում ոչ ոք չի կարող Արցախի հարցում հայ ժողովրդին, հայ պետականությանը պարտադրել ի նպաստ Ադրբեջանի լուծումներ գտնել»:

Ինչ վերաբերում է կանխատեսվող թեժ քաղաքական շրջանին՝ «Արդեն 20 տարի է Հայաստանում թեժ տարիներ են: Արցախյան հարցի այսօրվա «ստատուս-քվոն» ձեռնտու է եւ Արեւմուտքին եւ ՌԴ-ին ու դեռ տասնամյակներ կձգվի: Այս բոլորը «խաղեր» են Արցախի շուրջ, եւ շատ դեպքերում մենք միամտաբար տրվում ենք դրանց: Սպասել, որ ոչ լեգիտիմ նախագահը կստորագրի որեւէ փաստաթուղթ, եւ դա կդառնա նրա հրաժարականի պատճառ՝ ես համամիտ չեմ: Որ լինելու է իշխանափոխություն, եւ մենք ազատվելու ենք այս ռեժիմից՝ միանշանակ կողմ եմ եւ անելու ենք մաքսիմումը»: Իսկ թե որոնք են Արցախի շուրջ «խաղերի» նպատակը՝ «Հայաստանը գտնվում է կովկասյան խաչմերուկում, եւ յուրաքանչյուրը փորձում է, օգտագործելով Հայաստանը, տարածաշրջանն օր առաջ վերցնել իր հսկողության տակ՝ իր ապագա, հեռահար նպատակների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել