Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՆԱԵՎ «ՄԱՐԶԱՅԻՆՆԵՐՆ» ԵՆ

Սեպտեմբեր 06,2007 00:00

Հայկական հեռուստաեթերը ընդլայնում է ընտրության «աշխարհագրությունը»

Հայտնի է, որ մարզերում փոքր-ինչ նեգատիվ վերաբերմունք կա մայրաքաղաքի նկատմամբ՝ այն պատճառով, որ ամեն ինչ կենտրոնացնելով այստեղ, հաճախ մոռացության են տրվում մարզերն ու այնտեղ ապրողները։ Վերջինս նկատելի է հատկապես արվեստի ոլորտում, երբ դերասանները, նկարիչներն ու երաժիշտները, որոնք ապրում ու ստեղծագործում են մայրաքաղաքից դուրս, հայտնվում են մոռացության գոտում։ Հիշում ենք, թե ինչպես էր Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի արդեն նախկին վարիչ Հասմիկ Կիրակոսյանը զայրացած խոսում այն մասին, որ ոմանք հայ արվեստ ասելով՝ հասկանում են միայն երեւանյանը… Բարեբախտաբար, վերջին շրջանում այս «ավանդույթն» արդեն փոխվել է։ Օրինակ, «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելում երեւանյան թատրոնների ծանոթ ու անծանոթ դերասանների կողքին նկարահանվում են նաեւ Վանաձորի Հ. Աբելյանի, Արտաշատի Ա. Խարազյանի եւ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնների դերասանները։ Հայկ Մնացականյանի, Բագրատ Գեւորգյանի, Հայկ Թորոսյանի, Շահեն Ոսկանյանի եւ ուրիշների կողքին են նաեւ Անահիտ Մութաֆյանն ու Արամ Մխիթարյանը։

«Առավոտն» արդեն առիթ ունեցել է ներկայացնելու Գյումրիի թատրոնի երիտասարդ շնորհալի դերասանուհի, «Արտիստ» մրցանակի դափնեկիր Անահիտ Մութաֆյանի մտորումները, տագնապներն ու անհանգստություններն այն մասին, որ մարզերում արվեստագետները զրկված են ակտիվ ստեղծագործական կյանքից, մատնված են մոռացության։ Հեռուստանովելում Անահիտը ներկայացնում է Անիի դերը, որն աստիճանաբար դառնում է սերիալի սյուժեի եւ կոնֆլիկտի առանցքներից մեկը։ Հարցին՝ արդյո՞ք իրեն բավարարված է զգում, դերասանուհին պատասխանեց, որ իսկապես իրեն երջանիկ է զգում, քանի որ հնարավորություն է ստացել ինքնաբացահայտվելու. «Շատերը վերապահ վերաբերմունք ունեն սերիալների հանդեպ…… Ես կարծում եմ, որ աշխատել այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Լուիզա Ղամբարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Հովակ Գալոյանը եւ ուրիշներ, դերասանական արվեստի դպրոց է ինձ նման երիտասարդ արվեստագետի համար։ Նրանք էկրան են բերում բարձր արվեստ եւ պրոֆեսիոնալիզմ, որի հետ առնչվելը հաճելի է եւ ուսանելի»։ Արվեստում բարձունքների չեն հասնում սերիալների միջոցով, մեր այս դիտարկմանն էլ Ա. Մութաֆյանը պատասխանեց. «Լավ սերիալը, ուր կա պրոֆեսիոնալ վերաբերմունք, ստիպում է տքնել ու աշխատել… Իսկ բարձունքները հեշտությամբ չեն նվաճվում…»։

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի դերասան Արամ Մխիթարյանը, որը միջին սերնդի ներկայացուցիչ է, հայտնի անուն է հարազատ քաղաքում, Ռուբենի դերակատարմամբ է նորովի ճանաչվել։ Սերիալում նկարահանվելու առիթով գոհունակությունը դերասանն արտահայտեց հետեւյալ կերպ. «Մենք փոքր երկիր ենք, իրավունք չունենք սահմանագծեր քաշելու մարզերի եւ մայրաքաղաքի միջեւ։ Կյանքը ցույց է տվել, որ մայրաքաղաքից դուրս ապրել եւ ստեղծագործել են անվանի արվեստագետներ… Փոխհարստացում է պետք, նոր դեմքեր եւ նոր անուններ……»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել