Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՐԳՈՒՄԵՆՏՆԵՐ ՉՈՒՆԻ

Սեպտեմբեր 06,2007 00:00

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից վերջերս ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նաեւ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթին տրված գնահատականներից հետո, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ առաջին նախագահի՝ ԼՂՀ հարցով հատուկ դեսպան Դավիթ Շահնազարյանը Օսկանյանին հրապարակային բանավեճի էր հրավիրել: Օսկանյանը, սակայն, մերժել է այդ հրավերը: «Որեւէ մեկի հետ վիճելու որեւէ խնդիր չունեմ: Մեծ հաճույքով ցանկացած հարցի շուրջ կարող եմ վիճել: Բայց այդ վիճաբանությունը ինչ-որ նպատակի պետք է ծառայի եւ ինքնանպատակ չլինի»,- «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր նախկին նախարարը՝ հավելելով, թե՝ կոնկրետ այդ թեմայի շուրջ ինքը բանավիճելու պատճառ ուղղակի չի տեսնում: Ըստ նրա, ընդդիմության խնդիրը ոչ թե իր, այլ՝ օրվա իշխանությունների հետ է, ուստի բանավեճի պետք է հրավիրի նրանց, ովքեր բանակցում են այսօր: Դ. Շահնազարյանը «Առավոտի» հարցին ի պատասխան ափսոսանք հայտնեց Օսկանյանի որոշման առնչությամբ. «Ցավում եմ դրա համար եւ կրկնում եմ, որ նրա տված գնահատականները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում եւ ճշմարտությունից շատ հեռու են: Եթե մամուլում հնչել են միեւնույն խնդրի շուրջ տարբեր տեսակետներ, ապա մամուլի միջոցով էլ դրանք պետք է քննարկվեն: Կարծում եմ, բանավեճից հրաժարվելու պատճառը արգումենտների բացակայությունն է եղել»: Շահնազարյանը հերքեց նաեւ շրջանառվող այն հայտարարությունները, թե ԼՂ-ն բանակցություններից դուրս էր մղվել ոչ թե Ռոբերտ Քոչարյանի օրոք, այլ՝ ավելի վաղ, դեռ 1997-ին: «Այդ հայտարարությունները իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Միայն մեկ փաստ նշեմ. 1997թ-ին երկու անգամ եւ 1998-ին մեկ անգամ ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահողները հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց արած «փաթեթային», «փուլային» եւ արդեն Քոչարյանի եւ Օսկանյանի օրոք՝ «ընդհանուր պետության» առաջարկները պաշտոնապես ներկայացրել են ինչպես Հայաստանին ու Ադրբեջանին, այնպես էլ ԼՂ-ին եւ նրանից ստացել են պաշտոնական պատասխաններ: Դրանից հետո նման բան, ի դեպ, տեղի չի ունեցել»,- հիշեցրեց Շահնազարյանն ու պնդեց, որ ԼՂ-ն բանակցություններից դուրս է մղվել Հայաստանի ջանքերի արդյունքում եւ այժմ կարող է վերադառնալ սեղանի շուրջ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության պարագայում:

Ինչ վերաբերում է հարցին, թե՝ ինչպե՞ս կարող է ազդել ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսի վրա ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի եւ ռուս համանախագահների փոխարինումը այլ դիվանագետներով, ապա Դ. Շահնազարյանի համոզմամբ՝ «այդ փոփոխությունը միտված է լինելու կարգավորման գործընթացը էլ ավելի ակտիվացնելուն եւ արագացնելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել