Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 06,2007 00:00

«ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ ԽՐՎՈՂԸ ՈՉ ՄԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»

\"\"Նախկին խաղամոլը խորհուրդ է տալիս գայթակղությանը չտրվել ու ճահիճը չընկնել

«Կնունքիս օրը մայրս ինձ Հիսուս Քրիստոսի պատկերով խաչ էր նվիրել: Էդ խաչն իմ համար սրբություն էր: Ու ես այն 2 կոպեկի համար ծախեցի, որովհետեւ կազինոյում տալիք ունեի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց նախկին խաղամոլ Արսենը:

20-ամյա Արսենի մորաքրոջ ամուսինը Արգավանդի խճուղում խաղատուն ուներ: Արսենի պատմելով՝ հենց այդ հանգամանքն էլ առիթ է հանդիսացել, որ ամեն անգամ, մորաքրոջը հյուրընկալվելիս, մտներ խաղատուն եւ հետեւեր խաղացող մարդկանց. «Մորքուրիս մարդու կաբինետում նստած նայում էի, թե մարդիկ ոնց էին վիզ դնում փողի համար: Ինձ շատ էր հետաքրքրում, թե մարդը էդքան փող կրվելուց հետո ինչ ապրումներ էր ունենում»:

Արսենի ընկերներից շատերը խաղատան մոլի այցելուներից են, եւ նրան համոզելը, որ սկսի խաղալ, այնքան էլ դժվար չի եղել: «Լավ հիշում եմ՝ առաջին անգամ ոնց եղավ: Ընդամենը 50 000 դրամ փող ունեինք: Տղեքով գնացինք կազինո ու կրվեցինք: Գլխումս չէր տեղավորվում, թե էդ ժեշտից ապարատը ոնց կարար ինձ կրեր: Հաջորդ օրը նորից փող ճարեցի ու նորից կրվեցի: Ու տենց սկսվեց: Իմ կարծիքով՝ ես հիվանդացա, քանի որ իմ մոտ կազինո գնալը ներքին պահանջ էր դարձել, մի ուժ ինձ զոռով տանում էր,- պատմեց Արսենը,- շաբաթներով ընդհանրապես տուն չէի գնում: Ամեն օր իրիկունը 8-ից մինչեւ առավոտվա 8-ը կազինոյում էի լինում: Առավոտը գնում էի համալսարան: Դասից հետո մի տեղից փող էի ճարում, ու ժամը 8-ից նորից ամեն ինչ սկսվում էր: Ես հասկացա, որ բանը բանից անցել էր ու հետդարձի ուղին չէր երեւում: Ոչ աշխատանք ունեի, ոչ փող: Սրանից պարտք էի անում՝ նրան տալիս: Ոսկի, հեռախոս, ինչ կար՝ ծախեցի»: Արսենի պատմելով՝ բոլորը սկսել էին խորհուրդ տալ, քննադատել, խնդրել, որ հետ կանգնի, բայց. «Պապան էլ էր արդեն իմացել, որ խաղում եմ ու լիքը պարտքեր ունեմ: Մի օր կանչեց մոտը ու ասեց, որ էդ լրիվ պարտքերը ինքը տալիս ա: Ու սրանից հետո էլ ինչքան տալիք ունենամ՝ կտա: Ու ոչ մի հատ վրես չխոսաց: Մենակ ասեց՝ դու մտածի, քեզ էդ պետք ա՞, թե՝ չէ: Մայրիկս էր շատ վատ վիճակում: Ախր էս երեւույթին ոնց պետք ա վերաբերվի էս աշխարհում ամենաշատը իրա տղուն սիրող մի մայր: Անընդհատ ընկերներիս կանչում էր ու խնդրում, որ մի բան անեն: Մորքուրիս մարդու վրա էր խոսում: Բայց ո՞վ կարար ինձ հետ պահեր»:

Արսենի խոսքերով՝ «Ամեն օր մի նոր դաժան երեւույթի էի ականատես լինում: Մի օր կողքիս խաղացողներից մեկը $50 000, տուն ու ավտո կրվեց: Հիշում եմ, հենց էդ նույն օրը ինքը իրան Կիեւյան մոստից գցեց: Ամեն անգամ սարսափով եմ հիշում նրա դեմքի արտահայտությունը խաղալու պահին: Էնքան ոգեւորությամբ ու լարվածությամբ էր խաղում: Էդ օրվանից հետո հաճախ մտածում էի, որ ինձ էլ ա նույն ճակատագիրը սպասվում: Իմ մանկության ընկերոջն էլ են կազինոներում շատ տալիքներ ունենալու համար սպանել: Դա նույնպես մեծ հետք է թողել իմ հոգու վրա: Ընկերոջս սպանելուց մի քանի օր էր անցել, երբ մեր տուն մտան մի քանի դիմակավոր մարդիկ: Դե, ես էլ շատ պարտքեր ունեի: Երեւի բախտս բերեց, որ էսօր կենդանի եմ»:

Նախկին խաղամոլի պատմելով, ամեն անգամ որոշել է վերջնականապես ուժ գտնել իր մեջ ու վերջ դնել, բայց չէր ստացվում:

«Հետո մի աղջկա հանդիպեցի, ով ինձ շատ լավ էր ճանաչում ու էդքանով հանդերձ շատ էր սիրում: Մի օր ինքը ինձ ասեց, որ ես էն մարդը չեմ, ում հետ ինքը կարա իրա կյանքը կապի: Ասեց, որ եթե փոխվեմ, ինքն ամբողջ կյանքը իմ հետ կլինի, կսիրի ու կպաշտպանի ինձ: Իրա խոսքերն ամենաշատը կպան ինքնասիրությանս»,- ասաց մեր զրուցակիցը:

«Մի օր էլ գնացի բար, նստեցի ու սկսեցի խմել: Մոտ մի տարի առաջ էր: Աչքիս առաջ էին գալիս հարազատ մարդիկ: Հիշում էի, թե ով ինչ էր ասել: Ու սկսեցի անընդհատ հորս բառերը հիշել: Մտածում էի, թե ինչի պիտի հերս սաղ օրը չարչարվի, ու ես էդ փողերը քամուն տամ: Եկա էն եզրակացության, որ իմ ապագան կործանման մեջ ա: Պատկերացրեցի իմ ապագան առանց էդ աղջկա ու հասկացա, որ չէ, սենց էլ չեմ կարա: Հորս արեւ երդվեցի ու էլ չխաղացի»:

Արսենի խոսքերով, ինքը համոզված է, որ «եթե էդ օրվա իմ ապրումները մի սցենարիստ տենար, մի հատ շատ դաժան կինո կարար նկարեր»:

«Չգիտեմ՝ ինչ էր հետս կատարվում: Ախր ինձանից ի՞նչ ախպեր: Հալալ քրոջս հարսանիքին անգամ չկարողացա գնալ, որովհետեւ էդ օրը մինչեւ ժամը 12-ը պետք ա փող ճարեի: Չէ, իմ գլուխը իմը չէր էն ժամանակ»,- ասաց Արսենը:

ԾՈՎԻՆԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել