Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ՈՒՄ ՉՀՆՉԱԾ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Սեպտեմբեր 06,2007 00:00

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակվել են այն ելույթները, որոնք «Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից» հարցի քննարկման ժամանակ ժամանակի անբավարար լինելու պատճառով չէին հասցրել հնչեցնել հերթագրված պատվիրակները: Նման 3 ելույթ կա, որոնցից մեկը մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանինն է: Նա հիմնականում շարադրել է կատարված աշխատանքը:

Արձանագրության մեջ ներառվել է նաեւ նորվեգացի պատվիրակ Կարին Ուոլդսեթի չհնչած ելույթը, որում նա անդրադառնալով մարտի 1-ին սպանվածներին, ընդդիմադիրների հետագա ձերբակալություններին՝ նշել է. «Սրանք այն մեթոդները չեն, որոնք ԵԽ անդամ պետությունը պիտի գործադրի սեփական քաղաքացիների հանդեպ: Ես հասկանում եմ, որ ժողովրդավարություն կառուցելը որոշ ժամանակ է պահանջում, բայց ցույցերի մասնակցող քաղաքացիներին սպանելն անընդունելի է, եւ սա որեւէ առնչություն չունի ժողովրդավարության հետ»: Նա տխուր էր համարել այն, որ ԵԽ անդամ պետությունը չի հարգում ընդդիմության իրավունքը՝ ազատորեն արտահայտվելու. «Եվ ավելի տխուր է, որ մարդիկ հայտնվել են բանտում՝ իրենց քաղաքական հայացքների պատճառով»:

3-րդ ելույթը շվեդ պատվիրակ Մարիետա դը Փոերբեյքս-Լանդինն էր, որը որպես դիտորդ ներկա էր եղել մեր նախագահական ընտրություններին, եւ դրանից հետո ԵԽԽՎ-ում անընդհատ հարցադրումներ է ներկայացնում Հայաստանի վերաբերյալ: Այս մի ելույթում, որը հնչեցնելու համար չէր հերիքել ժամանակը՝ ԵԽԽՎ պատվիրակն ասել էր, որ անբավարար են ՀՀ իշխանությունների միայն հայտարարությունները, թե քաղաքական կամք կա իրականացնելու ԵԽԽՎ բանաձեւի պահանջները: Եվ հարցրել էր, թե ինչպե՞ս կարող են ընդդիմադիրները մասնակցել երկխոսությանը կամ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին, եթե գտնվում են բանտում կամ ոստիկանության պարբերական ճնշումների ներքո, կամ էլ ստիպված են թաքնվել: Նա վիճարկել էր առաջարկը՝ ՀՀ-ին ժամանակ տալ մինչեւ 2009-ի հունվարը՝ այս պատճառով. «Մի՞թե քաղբանտարկյալները, որոնք արդեն 4 ամիս է՝ կալանավորված են, պիտի բանտում մնան եւս 6 ամիս»: Եվ իր չհնչած ելույթն ավարտել էր այսպես. «Բոլոր պետություններն էլ ունեն կառավարություն, բայց միայն ժողովրդավարական երկրներն ունեն ընդդիմություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել