Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտոնների պակաս չի լինի

Սեպտեմբեր 06,2007 00:00

Խորհրդարանի ինը մշտական հանձնաժողովներին ավելացավ եւս երեքը

Խորհրդարանի պատմության մեջ ամենաշատը եղել է 6 մշտական հանձնաժողով, իսկ 2007-ին ձեւավորված չորրորդ գումարման խորհրդարանը ստիպված էր փոփոխություններ կատարել ԱԺ Կանոնակարգ- օրենքում՝ հանձնաժողովների թիվն ավելացնելով եւս երեքով, որպեսզի ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀՀԿ-ին կարգին բաժին հասնի օրենսդիր մարմնի պաշտոններից: Սակայն նախագահական ընտրություններից հետո իրավիճակը կրկին փոխվեց, եւ պաշտոնները կրկին «քչություն արեցին», չէ՞ որ եղած իշխանական ուժերին գումարվել է նաեւ «Օրինաց երկիրը», որը, ճիշտ է, գործադիր մարմնում պորտֆելներ ստացավ, սակայն խորհրդարանում ոչ մի պաշտոն մինչեւ երեկ չուներ: Այս «անարդարությունը» վերացնելու համար ԱԺ արտահերթ նիստում ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ փոփոխել ԱԺ Կանոնակարգ-օրենքը եւ մշտական հանձնաժողովների թիվը դարձնել 12: Առաջարկվում էր ստեղծել գյուղատնտեսության, բնապահպանության եւ բնօգտագործման հարցերի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, ինչպես նաեւ՝ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներ: Արդեն գործող հանձնաժողովներից այս ոլորտների իրավասությունները վերցվելու եւ տրվելու են նորերին: 12-ը մշտական հանձնաժողովների համար այն մաքսիմալ թիվն է, որը թույլ է տալիս երկրի գլխավոր օրենքը: Դեռ նախորդ շաբաթվա վերջում, երբ ստորագրահավաք էր ընթանում արտահերթ նիստ անցկացնելու համար, իշխանական պատգամավորները «շշուկով» տեղեկացնում էին, որ մտադիր են խորհրդարանական պաշտոններ տալ «Ժառանգությանը»՝ դրանով, իբր, կատարելով ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջը՝ ընդդիմությանը աշխատանքի ավելի լայն հնարավորություններ ապահովելու մասին: Սակայն «Ժառանգությունն» արդեն իսկ մերժել էր որեւէ պաշտոն ստանալու խորհրդարանական մեծամասնության առաջարկը: Իրականում այս քայլով կատարվում էր ոչ թե ԵԽԽՎ, այլ՝ ՕԵԿ-ի պահանջը՝ ԱԺ-ում պաշտոններ ստանալ, դե, իսկ Եվրոպային կարելի է «ֆռռացնել»՝ «մենք ընդդիմությանը պաշտոններ տվեցինք, իրենք չուզեցին»: Երեկ ԱԺ-ում ծավալված քննարկումներն ընթանում էին կիսադատարկ դահլիճում, շահագրգիռ ՕԵԿ-ից եւ մշտապես ակտիվ «Ժառանգությունից» բացի, հատուկենտ ՀՀԿ-ԲՀԿ-ականներ կային:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, հանձնաժողովների թվի ավելացումը չի նշանակում խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացում: Նույն խմբակցությունից Անահիտ Բախշյանը հավելեց. «Այստեղ շատ ակնհայտ է քաղաքական պայմանավորվածությունը, եւ դա մենք շուտով կտեսնենք, երբ պարզ կդառնա, թե ում թեկնածությունները կդրվեն այդ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար: Իսկ այդ քաղաքականությունը չի նպաստի երկրում առկա ճգնաժամի լուծմանը»: Իսկ «Ժառանգությունը» ներկայացնող մյուս պատգամավորը՝ Լարիսա Ալավերդյանը, ընթերցեց ԱԺ Կանոնակարգ-օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը. «Մշտական հանձնաժողովները կազմավորվում են նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանում եւ գործում են մինչեւ ԱԺ լիազորությունների ավարտը»:

ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ հանձնաժողովների նախագահների պաշտոնները տրվելու են ՕԵԿ-ին, ասաց. «Բնական է, ՕԵԿ-ը՝ որպես կոալիցիայի մաս, պետք է ներկայացված լինի նաեւ խորհրդարանում, եւ թե կոնկրետ ո՞ր հանձնաժողովը կստեղծվի կամ ի՞նչ տեսքով կլինի, քննարկելուց հետո պարզ կդառնա»: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում ասաց. «ԱԺ աշխատանքների արդյունավետության հետ նոր հանձնաժողովների ստեղծումը կապ չունի, որովհետեւ նույն մարդիկ են աշխատելու, որոնք աշխատում են մյուս 9 հանձնաժողովներում, բայց մի խնդիր կա, որը հնարավոր է լուծել. մարդիկ կարող են ավելի սահմանափակ թվով հարցերով զբաղվել, եւ այս առումով կարող է իրենց աշխատանքի արդյունավետությունը մեծանալ: Ուզում եմ հիշեցնել, որ բոլոր պատգամավորները արդյունավետ աշխատելու տեսանկյունից ունեն նույն պատասխանատվությունը եւ պարտավորությունը, եւ մեծամասնության վրա մուննաթ գալու կարիք էլ չկա, եթե ցանկություն կա, պետք է աշխատել»:

Նորաստեղծ երկու հանձնաժողովները տրվելու են ՕԵԿ-ին, իսկ մյուսը՝ ԲՀԿ-ին՝ դրանից բխող բոլոր արտոնություններով՝ ծառայողական մեքենա, քարտուղարուհի եւ այլ չինովնիկական բաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել