Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՊԱՎԵՆ ԿՏՐԵՑ

Սեպտեմբեր 06,2007 00:00

\"\"Նաեւ պատասխանեց «Առավոտի» հարցերին

Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի հետ միասին՝ Երեւանի պետական արդյունաբերական քոլեջի հանդիսավոր բացման արարողության ժամանակ կտրեց կարմիր ժապավենը: Քոլեջը նորոգվել է ՄԱԶԾ-ի «Օժանդակում նախնական եւ միջին մասնագիտական կրթական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նախաձեռնել մի շարք միջոցառումներ՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթության որակը բարձրացնելու նպատակով:

Ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանի խոսքերով, քոլեջի բարեփոխումների ծրագիրը բաղկացած է 2 փուլից՝ առաջինը տանիքի նորոգումն ու ջեռուցման համակարգի եւ պատուհանների նորացումն է, երկրորդը կրթության որակի բարելավումն է: «Մշակել ենք մի շարք չափորոշիչներ: Մեր բոլոր նախաձեռնությունները հիմնում ենք աշխատաշուկայի պահանջարկի վրա, քանի որ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտը հիմնականում հիմնված է վերջինիս վրա: Նորացվել են քոլեջի ուսումնական պլաններն ու ծրագրերը, շուտով լույս կտեսնի եռակցման դասագիրք, որն էլ կծառայի որպես օժանդակող նյութ դասախոսների համար»,- ասաց տիկ. Սիմոնյանը: Արդյունաբերական քոլեջի տնօրեն Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հաստատությունը ստեղծվել է 1921 թվականին: Նրա խոսքերով, քոլեջը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, ովքեր այսօր հաջողությունների են հասել իրենց բնագավառներում: Ըստ տնօրենի, 2007-ից բացվել է նախնական մասնագիտական 2 կուրս՝ եռակցման արտադրության եւ հաստոցավարման: «Դրանք այն մասնագիտություններն են, որոնց պահանջարկը մեր հանրապետությունում մեծ է: Եվ այն թյուր կարծիքը, թե իբր արդյունաբերություն չկա, ես դեմ եմ: Մեր քոլեջը վերջին տարիների ընթացքում անկում չի ապրել: Այսօր մենք տալիս ենք կապի համակարգի, ճանապարհային մեքենաների նորոգման եւ այլ մասնագետներ»,- նշեց տնօրենը:

ԿԳ նախարար Լ. Մկրտչյանն էլ ասաց, որ քոլեջի ուսանողներն ու հատկապես դասախոսները պետք է հասկանան, որ ոչ միայն տերն են լավագույն ուսումնական հաստատության, այլեւ Հայաստանում իրականացնելու մեծ գործառույթ ունեն. «Կուզենայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի զարգացման գրասենյակին եւ տիկին Կոնսուելո Վիդալին՝ այն մեծ աջակցության համար, որը իրականացվում է: Մենք ստորագրել ենք համապատասխան հուշագիր, որի սահմաններում իրականացվում է նմանատիպ 4 ծրագիր՝ Հրազդանում, Նոր Գեղիում, Գյումրիում եւ Երեւանում: Սա այն եզակի հաստատություններից է, որ այս տարիների ընթացքում պահպանել է իր նախկին մասնագիտացումները: Սա այն տեղն է, որտեղ ավարտողը միանգամից ունի աշխատանք գտնելու հնարավորություն: Մենք մեր միջին մասնագիտական համակարգի վերականգնման համար ընտրել ենք հետեւյալ ճանապարհը՝ Հայաստանի յուրաքանչյուր մարզում ունենալ մի քանի լավ հաստատություն, այդտեղ մշակել ծրագրեր, ուսումնական լաբորատոր նորմալ պայմաններում աշխատանքային մշակույթ եւ դա տարածել հանրապետության մյուս միջին մասնագիտական հաստատություններում: Այստեղ իրականացվում է խոշոր ծրագիր: Նման ձեռնարկ ենք իրականացնելու նաեւ Քաջարանում, Ալավերդիում եւ Երեւանի մի քանի հաստատություններում: Պետք է փորձենք 2 տարվա ընթացքում վերականգնել այս ջախջախված համակարգը»: Երեկ ԿԳ նախարարը պատասխանեց նաեւ «Առավոտի» հարցերին:

Մեր այն դիտարկմանը, որ Երեւան քաղաքի դպրոցների 11-րդ դասարանցիներից շատերը հասկանալի պատճառներով տեղափոխվել են մոտակա մարզերի դպրոցներ (քիչ չեն դեպքերը, երբ նրանց ազգանունները գրանցված են որեւէ դպրոցի դասամատյանում, սակայն դպրոց չեն հաճախում՝ կրկնուսույցների մոտ վարժվելու պատճառով) եւ այդ առումով ռեկորդակիր է հատկապես Նոր Հաճընը, ԿԳ նախարարության տեսչությունը մտադիր չէ՞ ստուգումներ անցկացնել հատկապես մարզերի դպրոցներում, նախարարը խոստացավ. «Մենք քաղաքապետարաններից որեւէ դժգոհություն կամ ահազանգ չենք ստացել: Հանձնարարական կտանք եւ անմիջապես կստուգվի, թե ինչպիսին է աշակերտների շարժը: Ես խոստանում եմ, որ Նոր Հաճընի դպրոցները կստուգենք, կտեսնենք, թե քանի հոգի են տեղափոխվել եւ ինչու: Հաջորդ շաբաթ եկեք, եւ ձեզ թվական տվյալներով տեղեկություններ կտրամադրենք»: Հաջորդ հարցին էլ, որ ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքում ջեռուցում չլինելու պատճառով ուսանողները դասադուլ էին անում, մի՞թե դա նախարարությանը չէր մտահոգում, Լ. Մկրտչյանը պատասխանեց. «Դասադուլ չի եղել: Դասերը դադարեցվել էին ռեկտորի հրամանով, որովհետեւ Բժշկական համալսարանում նորոգման աշխատանքներ կատարելիս վնասվել էր գազի խողովակը եւ ջեռուցում չկար»: Մինչդեռ, ըստ «Ա1+»-ի, ԵՊՀ բանասիրության, հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետների շուրջ 1000 ուսանողներ ցուցադրաբար լքել էին դասասենյակները: Նրանցից մեկն էլ ասել էր. «Դասերին չենք նստում, որովհետեւ ցուրտ է… Ասում էին՝ իբր նոյեմբերի 15-ից կտաքացվի (ինչպես արվում է միշտ), բայց պարզվեց, որ սուտ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել