Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ ԵԼՑԻՆԻ ՍՑԵՆԱՐՈՎ»

Սեպտեմբեր 06,2007 00:00

\"\"Կարծում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը ու հավաստիացնում, որ ՀՀ առաջին նախագահին պաշտոնավարության 3 տարի է անհրաժեշտ՝ հայոց Պուտինի համար հող նախապատրաստելու համար:

«Առավոտը» Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի ապաշխարությանը, թե ներողություն է խնդրում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ իր սխալ կադրային քաղաքականության համար:

«Ես միակ քաղաքական գործիչն եմ, որը բացարձակապես այդ մարդու հետ անգամ մեխանիկական շփում չունենալով հանդերձ, դեռեւս 2 տարի առաջ «ԱրմենԱկոբ» հեռուստատեսությամբ ողջունել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական արենա՝ որպես արցախյան վիկինգների քաղաքական դիկտատուրայից ազատագրվելու պատմական անհրաժեշտություն, որպես քաղաքական դաշտի հավասարակշռությունը վերականգնող քաղաքական կատալիզատոր: Երբ նա սեպտեմբերի 21-ից սկսեց իր ակտիվ ներխուժումը քաղաքական դաշտ, ոչ ոք նրա դեբյուտը տեսականորեն չի հիմնավորել որպես անհրաժեշտություն, ինչպես ես, չնայած նրա տնտեսական եւ ազգային գաղափարախոսությունների եւ հայեցակարգերի մոլի հակառակորդն եմ: Ես իմ քաղաքական մտածելակերպով, ինտուիցիայով եւ տակտիկական զինանոցով գիտակցել եմ նրան սատարելու անհրաժեշտությունը, որովհետեւ Լեւոն Ակոպիչին իշխանությունները ժողովրդի մոտ մշտապես ներկայացրել են որպես խիստ բացասական կերպար: Նրա՝ պատմական ճշմարտության առաջ խոնարհվելը եւ իր մեղքերին քավություն տալը՝ հատկապես վիկինգների հարցով, ժողովուրդն իսկապես ընդունեց ցնծությամբ: Նոյեմբերի 26-ի միտինգին ես էլ էի ներկա, կանգնած էի ժողովրդի հետ ներքեւում եւ ոչ թե հարթակի վրա: Իսկ ժողովուրդը ինձ անընդհատ քչփչում էր, ասում էր՝ Լեւոնին որպես ազատարարի կընդունենք, բայց երբ նայում ենք հարթակին ու տեսնում, թե ովքե՞ր են նրա կողքին, մեր սիրտը սառչում է: Փաստորեն, հին կադրային քաղաքականության համար մեղքերը քավելը քիչ է, նոր կադրային քաղաքականություն էլ է անհրաժեշտ: Որպես ապագա նախագահի թեկնածու կամ ազատարար փրկիչ, նա պիտի շքախումբ ունենա, որը փայլ է տալիս, ոչ թե նսեմացնում»,- պատասխանեց Հայաստանի գլխավոր մարքսիստը: Հետո էլ հավելեց. «Երբ դեռեւս երկու տարի առաջ ես նրա քաղաքական մուտքի շեփորահարը դարձա, ընդդիմությունը երեւի մտածում էր՝ էս Հակոբյանը էսպես կռուտոյ, որ միշտ քարկոծել է կեղծ ժողովրդավարների եւ բարեփոխիչների սերունդներին ու քննադատական ցինիզմով նայել, ինչո՞ւ հանկարծ փոխվեց: Բայց ես դարձա ազգային շահերի շեփորահար եւ ոչ թե Լեւոնի: Ու այսքանից հետո ոչ նրա, ոչ էլ նրա շքախմբի կողմից մի շնորհակալական խոսք կամ մի զանգ մինչ օրս չստացա: Հիշո՞ւմ եք, վերջերս ասուլիսում էլ այդ առիթով հայտարարեցի, որ վսյակույու պալիծիչեսկույու սվոլըչ պրիգլասիլի, ա մինյա՝ նետ… Ստացվում է՝ մենք ուզում ենք նրանց սատարել, իսկ նրանք մեզանից հեռու են փախչում: Դիտորդները պատմում են, որ երբ հրավիրված կուսակցությունների շարանը կարդացել են, նույնիսկ Բլեյան Աշոտը, որի հետ բացարձակ կապ չունեմ, ռեպլիկ է արել՝ բա մարքսիստակա՞նը… Հրավիրում են մի քանի, իրենցից բացարձակ արժեք չներկայացնող կուսակցությունների՝ հորինած երկիր, Մանուկյան Վազգենի կուսակցությանը, Արամ Կարապետյանինը եւ էլի մի քանիսին, որոնց լիդերներին ես համարում եմ գաղափարական առումով արժեզրկված՝ զրո, ոչնչություն: Դե թող ինձ հետ դուրս գան դեբատի, էլի կասեմ՝ որ ոչնչություն են: Մի խոսքով, որպեսզի իր (Լ. Տեր-Պետրոսյանի- Գ. Հ.) մեղքերի քավությունը չդառնա կեղծ դատարկահաչություն, նա իր շքախմբում պետք է լուրջ կադրեր ցույց տա ժողովրդին»:

Դ. Հակոբյանը, իր կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի այլ սխալներն էլ մատնացույց արեց եւ անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի այն հայտարարությանը, թե նախագահի պաշտոնը ստանձնելուց 3 տարի հետո պատրաստ է ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից՝ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով նոր նախագահ ընտրել: «Լեոն Տեր-Պետրոսյանի ելույթներում այդպես էլ նոր ազգային գաղափարախոսության, նոր ազգային հայեցակարգի ու տնտեսական քաղաքականության թեզիսները չհնչեցին: Ելցինը, լինելով պետական հանցագործ, ավելի վատթարագույն վիճակում էր, քան Լեւոնը, բայց նա ազգի կողմից անմահացավ՝ թողնելով Պուտինին: Պուտին, որը նոր տնտեսական քաղաքականության ոլորտում իսկապես մեղքերի քավություն արեց Ելցինին: Իսկ այն, որ Լեւոնը չունի տնտեսական քաղաքականության եւ ազգային գաղափարախոսության նոր թեզիսներ, հաջորդ սխալն է, որը նրա շքախմբի պակասությունն է ապացուցում: Ուզում եմ քաղաքական արենայում երկու ծայրահեղ իրարամերժ բեւեռներ ներկայացնող լիդերների՝ Սերժ Ազատիչի եւ Լեւոն Ակոպիչի համեմատական գնահատականն էլ տալ: Լեւոնի ռեյտինգը ժամ առ ժամ ավելանում է, բայց ոչ թե նոր գաղափարախոսության կամ նոր տնտեսական քաղաքականության ճարտարապետը լինելու առումով, այլ՝ որպես վիկինգներից ազատարարի: Իրականում գործ ունենք երկու կրիստալիզացված բեւեռների հետ, որոնք իրենցից ներկայացնում են կեղծ ժողովրդավարներ եւ բարեփոխիչներ՝ ՀՀՇ-ի երկու ավանգարդ, նախկին եւ ներկա կերպարանափոխված սերունդների հակամարտության հետ: Երկուսին էլ, ազգային շահերի առումով, եթե չունեն նոր տնտեսական քաղաքականություն, առայժմ համարում եմ «պերսոնա նոն գրատա»: Այսօր ազգի շահերը պահանջում են սկզբունքորեն նոր լիդեր, բայց անկախ ամեն ինչից, այսօր Լեւոնին սատարելու պրոցեսը ուղղակի անհրաժեշտություն է՝ այս վարչակարգից ազատվելու, նրանց կապիտուլյացիայի ենթարկելու համար: Իմ համոզմամբ, Լեւոնի մուտքը ավելի շատ հող է նախապատրաստում ոչ այնքան իր, որքան նոր՝ երրորդ ուժի, անհատականության, նոր լիդերի համար, որը կարող է լինել նոր գաղափարախոսության վարդապետը եւ ճարտարապետը: Ահա թե ինչու է նա երեք տարի ժամանակ խնդրում, իսկ Ազատիչը չի կարողանում կռահել դա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Ակոպիչը երեք տարի է խնդրում Ղարաբաղը ծաղրելու համար, այդ մասին էլ հետեւյալը կասեմ՝ Ղարաբաղը իրենք վաղուց են վաճառել: Դեռ 2005թ. մայիսի 30-ի պառլամենտական նիստում Սերժը արեց իր զնամինիտի արտահայտությունը՝ Աղդամը մերն ա՞: Կամ Ստրասբուրգի հանրահայտ ելույթը՝ նախագահի… 7 գավառները աճուրդի հանվեցին»:

Դ. Հակոբյանը վստահ է, որ Լեւոն Տ եր-Պետրոսյանը Ելցինի սցենարով պատրաստում է հայոց նոր Պուտինին, քանի որ «ինքն էլ արդեն զգում է, որ հարթակի տղաների ժամանակները վաղուց անցել են»: Ըստ մարքսիստի, իշխանափոխությունն անխուսափելի է. «Նոր քաղաքական մտքի մոդուլյատորի, լիդերի անհրաժեշտությունը կա, վիկինգներին իշխանությունից հեռացնելը պատմական անհրաժեշտություն է»: Նրա ձեւակերպմամբ՝ երկրի հանցագործ տնտեսական քաղաքականության պատճառով տուժող արտադրողական ուժերը եւ 70% կազմող ընչազուրկ մասսան տալիս են այդ պատվերը. «Եվ եթե անգամ ազատիչների մի ամբողջ շարան էլ կանգնի, իշխանափոխությունը կասեցնելն անհնար է: Այն, որ երկրի արտադրողական ուժերը պահանջում են, դրա վառ ապացույցն է Խաչատուր Սուքիասյանի՝ հարթակում կանգնելը, նրա թիկունքում բուրժուազիայի մնացած ներկայացուցիչներն էլ են սպասում իրադարձությունների զարգացմանը: Հակոբյան Դավիթն էլ որ ասում է, թե անհրաժեշտ է իշխանափոխություն, պատճառն այն չէ, որ չի ուզում Ազատիչի ու վիկինգների պատկերը տեսնել, այլ այն է, որ իշխանափոխությունը դասակարգային պահանջ է, սոցիալական անհրաժեշտություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել