Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուզում են հողերը վաճառե՞լ

Սեպտեմբեր 06,2007 00:00

5 տարի կադաստրը շորբուլաղցիներին տանում-բերում է, բայց տները չի սեփականացնում

Էրեբունի համայնքի Մուշավան (Շորբուլաղ) թաղամասի բնակիչները չնայած տասնյակ տարիներ ապրում են այդտեղ, սակայն չեն կարողանում Կադաստրի պետական կոմիտեից տան սեփականության վկայականները ստանալ: Շորբուլաղցիների ներկայացմամբ, 5 տարի շարունակ կադաստրի աշխատակիցները բնակիչների գլխի տակ «փափուկ բարձ» են դնում՝ հավատացնելով, որ վկայականները ստանալու համար իրենք բնակիչներին հերթով կզանգեն ու կկանչեն. «Եվ այդպես ամեն անգամ էսօր-էգուց են անում: Անգամ եկել են չափագրումներն են արել, բա ի՞նչն է պատճառը, որ չեն սեփականացնում»,- օրերս «Առավոտին» դժգոհեց Մուշավանի 2-րդ փողոցի թիվ 62 տան բնակիչ Լիպարիտ Պետրոսյանը: Նրա խոսքերով. «Ես յոթանասունն անց մարդ եմ, ինչքա՞ն կարող եմ դրանց դռներն ընկնել: Տիկնոջս հետ ուզում ենք կտակ ձեակերպել, բայց չենք կարողանում, որովհետեւ տան սեփականության վկայական չունենք: Մեզ վստահեցրել են, որ հատակագծի հետ ոչ մի խնդիր չկա, միայն ասում են՝ սպասեք: Ծեր մարդիկ ենք, ինչքա՞ն սպասենք, բա որ մեզ մի բա՞ն լինի»:

Մուշավանում սեփականության վկայական չունեն հարյուրավոր բնակիչներ: Նրանք խիստ մտավախություն ունեն, որ իրենք էլ մի օր ընկնելու են մայրաքաղաքի մի շարք օտարման գոտիների բնակիչների օրը, որոնց մեծ մասը բնակարանների սեփականության վկայական չունենալու պատճառով պատշաճ փոխհատուցում չստացավ: Եվ քանի որ Մուշավանի որոշ հատվածներ գտնվում են սողանքային գոտում եւ մարդկանց տները մեկը մյուսի հետեւից սողանքներից ճաքճքում են ու փլվում, ուստի շատ բնակիչներ չեն բացառում, որ պետությունը մի օր էլ կորոշի այս թաղամասից, չնչին փոխհատուցումով, մարդկանց տարհանել: Որոշ մուշավանցիների կարծիքով էլ, կադաստրը չի շտապում տները գրանցել, հույս ունենալով հողատարածքներն ավելի բարձր գներով հարուստներին վաճառել. «Վերջերս փողատերերը քաղաքի ծայրամասերում հեկտարներով հողատարածքներ են առնում ու զվարճանքի համալիրներ կառուցում: Տանը նստած մի օր էլ մի մեծահարուստ կգա ու կասի, որ մեր տարածքները գնել է եւ որ մենք պետք է դուրս գանք մեր բնակարաններից ու զոռով բոլորիս էստեղից կքշեն: Ի՞նչ իմանանք, կարող ա տենց մի բան կա, որ կադաստրից առանց պատճառի վկայականները չեն տալիս»:

Այս առնչությամբ, Կադաստրի պետական կոմիտեից «Առավոտին» պարզաբանեցին, որ այդ տարածքի բնակիչների կողմից պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացվի կադաստրի տարածքային բաժանմունք, որոնց հիման վրա էլ գործին ընթացք կտան: Այնինչ, մուշավանցիների հավաստմամբ՝ իրենք պարբերաբար դիմում են կադաստր, սակայն իրենցից երբեք որեւէ փաստաթուղթ չեն պահանջել: Ինչ վերաբերում է Լիպարիտ Պետրոսյանի գործին, կադաստրի լրատվական բաժնից տեղեկացրին. «2004-ի հունիսին չափագրվել է վերոնշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը: Առկա 1200 քմ-ից բացի, Լիպարիտ Պետրոսյանի կողմից օգտագործվում է նաեւ 279 քմ հողամաս, սակայն այդ տարածքների նկատմամբ նա իրավունքներ չունի, քանի որ կադաստրի Էրեբունու ստորաբաժանում փաստաթղթեր չի ներկայացրել, հետեւաբար ամբողջ անշարժ գույքը հաշվառվել է որպես կարգավիճակը չորոշված կառույց եւ շինություն: Փաստաթղթերի բացակայության դեպքում կադաստրը չի կարող սեփականության վկայական տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել