Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՂԱՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ

Սեպտեմբեր 06,2007 00:00

Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, թե իրենք միշտ կարեւորել են քաղաքական նոր մշակույթի առաջացումը, սակայն այս առումով առկա միտումները դրական չեն. «Համենայնդեպս, իշխանությունների վերջին շաբաթների գործելաոճը ցույց է տալիս, որ այն ոչ համարժեք քայլերը եւ հակադարձումները, որոնք իրականացվում են հատկապես ոստիկանության կողմից ընդդիմության այս կամ այն ուժի հանդեպ՝ բավականին վտանգավոր միտումներ են իրենց մեջ պարունակում»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն «Առավոտի» խնդրանքով գնահատելով նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ ընթացող քաղաքական բանավեճի մակարդակը՝ ասաց. «Բանավեճերի հայկական մշակույթը ենթադրում է այդպիսի ոչ քաղաքական տերմիններ, ինչպիսիք են՝ ով է այստեղ տղամարդը, ով՝ ոչ տղամարդը: Ցավով պետք է նշեմ, որ տղայական է բանավեճերի մակարդակը: Եվ այստեղ չի երեւում պետական այրերի այնպիսի բանաձեւերով ու խնդիրներով հանդես գալը, որ հասարակությունը վերջապես հասկանա՝ ինքն անցում կատարելո՞ւ է երկար տարիներ շարունակվող այս ոչ իրավական պետության կայացումից դեպի իրավական պետության կայացում: Այս հարցի պատասխանը, որ կարեւոր է իմ ու շատ-շատերի համար՝ չի տրվում: Հակառակը, ընդգծում եմ՝ բանավեճը ստացել է տղայական մի ոճ, որտեղ ամեն մեկն ուզում է ապացուցել, թե ինչքան ավելի ճիշտ է եւ լավը, ու պետք է իրեն հավանեն եւ ոչ թե մյուսին»: Հովսեփ Խուրշուդյանը հավելեց. «Երբ որ համեմատում ենք առաջին նախագահի ելույթները եւ իշխանությունների հակադարձումները նրա ելույթներին՝ սար ու ձորի տարբերություն է: Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է ինտելեկտուալ բարձունքի վրա, իսկ հակադարձումները, ցավոք սրտի, ավելի լավն են թողնում ցանկանալ»:

Մասնավորապես, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին Սերժ Սարգսյանի «երեւի համարում է, որ 3 տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար» արտահայտությանը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Դա փորձ է նսեմացնելու առաջին նախագահին, եւ ընդունելի չէ: Եվ դա խոսում է մեր քաղաքական մշակույթի ցածր մակարդակի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել