Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Գալաջյանը դժգոհ է

Սեպտեմբեր 06,2007 00:00

\"\"Նա բողոքում է իր հանդեպ կատարված ոտնձգությունների հեղինակներին չբացահայտելուց

Անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին Կոմիտասի փողոցում գտնվող իր տնից դուրս գալիս՝ հարձակման էր ենթարկվել «Իրավունք» թերթի խմբագիր Հովիկ Գալաջյանը: Նա ժամանակին կատարվածը կապել էր մասնագիտական գործունեության եւ թերթի հրապարակման հետ, ասելով. «Կոնկրետ քաղաքական, թե սոցիալական՝ չեմ առանձնացնում» («Սափրագլուխները ծեծել են լրագրողին», «Առավոտ», 07.09.2006): Երեկ նա «Առավոտին» հայտնեց. «Անցել է ուղիղ մեկ տարի, սակայն ոչինչ չի բացահայտվել: Կարծես ավանդույթ է դարձել լրագրողների դեմ ոտնձգությունները չբացահայտելը… Այդ հարձակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտորումների տեղիք են տալիս: Ցավոք, գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց հարցազրույցներում վարկաբեկման լայնածավալ արշավ սկսեցին անձամբ իմ եւ «Իրավունք» թերթի դեմ, նույնիսկ ցինիկաբար պնդումներ արեցին, թե իբր ես համախոհներիս հետ ուղղակի թատերականացված ներկայացում եմ կազմակերպել: Զրպարտության արշավի արդյունքում ամեն ինչ պսակվեց նրանով, որ դատարանի որոշմամբ հիմնադիր կազմի մեջ փոփոխություն կատարվի, ես եւ խմբագրակազմի ջախջախիչ մեծամասնությունը դուրս թողնվեն: Ի դեպ, սեպտեմբերի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվելու է իմ եւ «Իրավունք» թերթի գործադիր տնօրեն Գեղամ Գրիգորյանի գործը՝ աշխատանքում վերականգնվելու վերաբերյալ»: Հ. Գալաջյանը նաեւ հավելեց. «Անցյալ տարի աշնանը Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները հեռախոսազանգերի վերծանումներն ուսումնասիրելով՝ պարզել էին, որ սեպտեմբերի 8-ին ինձ ուղղված սպառնալից զանգը արվել է նույն տաքսաֆոնային քարտով: Ընդ որում, ամսի 6-ի ցերեկը նույն քարտից 2 անգամ զանգահարել էին մեր գրասենյակ: Հարց է ծագում՝ ո՞ւմ էին ուղղված այդ զանգերը, ո՞վ է հասցեատերը: Դրա համար ես վերջերս դիմել եմ գլխավոր դատախազություն, որ քննությամբ ստուգվի ամեն ինչ: Ընդհուպ այն, որ հարձակման հետ կարող են առնչություն ունենալ Հրանտ Խաչատրյանը, Կարեն Վարդանյանը կամ նրա եղբայր Սուրենը: Դատախազությունն էլ համապատասխան հանձնարարություն է տվել Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնին: Թե ինչ արդյունքներ կլինեն, դժվար է գուշակել: Փաստ է հետեւյալը՝ մեկ տարի անց ոչ միայն բացահայտում չկա, չեն տրամադրում հրաման՝ աշխատանքից ազատելու մասին, զրկված ենք անձնական իրերը վերցնելու հնարավորությունից, այդ ամենին գումարվում է եւ այն, որ խմբագրական խորհրդի նախագահի նկատմամբ այժմ քրեական գործ է քննվում»:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին իրավունքցիների այս տարվա սեպտեմբերի 1-ի նամակի մասին էլ, «Իսկական Իրավունքի» խմբագիր Գալաջյանն ասաց. «Նրանց դիմեցինք, որ ինչ-որ լուծում տան, թե չէ աննորմալ վիճակ է՝ թերթի հիմնադիր-խմբագիրն ու լրագրողական կորիզը հնարավորություն չունեն աշխատել իրենց իսկ թերթում: Դա էլ մի հնարավորություն էր՝ փորձեցինք: Փաստորեն, նախադեպը կա՝ թերթի հիմնադրի հավաքած կազմը փոխելով՝ տիրանալ թերթին: Դա վտանգավոր տեխնոլոգիա է, այդ ուղտը կարող է ամեն մեկի դռանը չոքել, ափսոս, որ վերոնշյալ նախադեպին ոչ մի հակահարված չտրվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել