Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՎԱՆԴԻԿԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԻ ՄԱՐԴԸ…»

Սեպտեմբեր 06,2007 00:00

Կնշվեն կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի 60 եւ նրա ղեկավարած նվագախմբի 40-ամյակները

Արվեստի վաստակավոր գործիչ, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Երեւանի պետկոնսերվատորիայի էստրադային եւ ջազային երաժշտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյանը 60 տարեկան է:

Մինչ հոբելյարին հանդիպելը, «Առավոտը» կապվեց նրա գործընկերների հետ՝ կոմպոզիտորի ստեղծագործական կյանքի բնութագիրը լսելու ակնկալիքով: Մեր զրուցակիցների, այդ թվում՝ Լեւոն Մալխասյանի, Մարտին Վարդազարյանի, Յուրի Գալստյանի եւ մյուսների խոսքը հարկ չկա առանձին-առանձին մեջբերել, քանի որ դրանք, որպես կանոն, սկսվում էին «մեր Վանդիկը՝ աշխարհի ամենաբարի մարդը…» բնութագրով եւ ավարտվում հետեւյալ կերպ. «Վատ տարիներին Հանրային հեռուստառադիոյի որոշ կոլեկտիվների «անհետացումը» այդպես էլ չտարածվեց էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի վրա, առաջին հերթին՝ իր գործի նվիրյալ Վանդիկի շնորհիվ: Նրա արվեստն էլ վաղուց արժանացել է ունկնդրի գնահատանքին՝ ոչ միայն մեր երկրում»:

«Առավոտի» հետ հանդիպմանը Ե. Երզնկյանը քիչ ժամանակ տրամադրեց, «արդարանալով», որ պատրաստվում են Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 25-ին կայանալիք հոբելյանական միջոցառմանը՝ նվիրված էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 40-ամյակին: Զրույցին տրամադրած կարճ ժամանակահատվածը Ե. Երզնկյանը օգտագործեց այսօրվա իր ղեկավարած նվագախմբի կենսագրությունը մանրամասն պատմելու համար եւ իր ղեկավարած 20 տարիների մասին խոսեց շատ թռուցիկ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի համակարգում 1954թ. ստեղծվեց կվինտետ՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, այնուհետեւ, երբ նա 1956-ին հիմնեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, կվինտետի ղեկավարման աշխատանքները ստանձնեց կոմպոզիտոր Էդվարդ Բաղդասարյանը: Երբ կազմը մեծացավ եւ ձեւավորվեց էստրադային անսամբլ, այն ղեկավարելու առաջարկ արվեց Մարտին Վարդազարյանին, որն էլ 1966թ. անսամբլը դարձրեց իսկական տրադիցիոն ջազ-նվագախումբ, ղեկավարելով մինչեւ 1972-ը: Դրանից հետո գեղարվեստական ղեկավար նշանակվեց Մելիք Մավիսակալյանը եւ 1986-ից նվագախումբը ղեկավարում եմ ես: Չմոռանամ նշել, որ կարճ ժամանակահատված նվագախմբի հետ աշխատել է նաեւ Ստեփան Շաքարյանը: Ասեմ, որ նվագախումբ եմ ընդունվել 1972-ին՝ որպես բաս կիթառահար»,- ներկայացրեց Ե. Երզնկյանը: Շարունակելով նվագախմբի «կենսագրական» տեղեկությունները, մեր զրուցակիցը հայտնեց, որ կոլեկտիվն առաջին անգամ արտերկրյա շրջագայության է մեկնել Հունգարիա՝ 1968-ին, այնուհետեւ համերգներով հանդես եկել եվրոպական երկրներում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում. «Միայն արաբական երկրներում չենք եղել»:

Դիտարկմանը, թե էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գոյությունը ժամանակին ստեղծագործական խթան էր հայ կոմպոզիտորների՝ Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Արամ Սաթյանի, Վռամ Գրիգորյանի, Ռուսլան Գալստյանի եւ մյուսների համար, ինչը չենք կարող ասել այսօր, Ե. Երզնկյանը պատասխանեց, որ բոլոր ժամանակներում երաժիշտները, իրոք, նվիրյալներ են եւ նրանցից ոչ մեկը չի ստեղծագործել հանուն նյութականի. «Այսօր էլ նվագախմբիս շուրջ 40 երաժիշտները կարծես «վարակված» լինեն իրենց նախորդներից: Ճիշտ է, նրանք երիտասարդ են, նյութականի կարիք ունեն, բայց չեմ հիշում գոնե մեկ օր, որ այդ մասին խոսքուզրույց լինի մեր միջեւ: Մեծ հաճույքով նվագախմբի հետ շարունակում են աշխատել հիմնադիրներից Ռաիսա Մկրտչյանը, երիտասարդ կատարողներ Լուսինե Կճոզյանը, Անահիտ Շարյանը, Էլյա Թաշչյանը, Իլոնան, Գեորգի Մանգասարյանը: Մեզ հետ սիրով համագործակցում են Լեյլա Սարիբեկյանը, Արթուր Իսպիրյանը եւ այլք»:

Հետաքրքրությանը՝ կայանալիք հոբելյանական երեկոյին չե՞ք պատրաստվում հրավիրել Զառա Տոնիկյանին, Էռնա Յուզբաշյանին, Արտաշես Ավետյանին, Զառա Երզնկյանին եւ մյուսներին, Ե. Երզնկյանը պատասխանեց, որ դա գումարի հետ է կապված: «Հուսով եմ, որ նշված արվեստագետներին հանդիսատեսը կարոտած կլինի: Ինչ խոսք, կուզեի հրավիրել նաեւ ժամանակին մեզ հետ համագործակցած սփյուռքահայ երգիչներին՝ Ռոզի Արմենին, Լիզ Սարյանին, Մարթեն Յորգանցին, բայց…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել