Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր սկանդալներ Գյումրիի թիվ 32 դպրոցում

Սեպտեմբեր 06,2007 00:00

Կրթօջախի ներկայիս տնօրենին մեղադրում են նախկին տնօրենի կողմնակիցներին աշխատանքից ազատելու մեջ

Ինչպես միշտ, Գյումրիի վերոհիշյալ դպրոցում սեպտեմբերի 1-ը չի անցնում առանց «ռազբորկաների» ու բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ այս դպրոցի անձնակազմը անցած տարվա սեպտեմբերի մեկին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով աշխատանքից ազատել տնօրեն Հակոբ Մուշին: ԿԳ նախարարության միջամտությամբ ուղիղ յոթ ամիս առաջ տնօրենի աթոռը զբաղեցրեց Գայանե Մելոյանը, որի դեմ էլ այս պահին մեր խմբագրությանը բողոք են ուղղել դպրոցի մի քանի կրճատված աշխատակիցներ: Բանն այն է, որ Գայանե Մելոյանը սեպտեմբերի մեկից աշխատանքից ազատել է 6 հոգու՝ ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրենին, ռուսաց լեզվի ու պատմության ուսուցիչներին, գրադարանավարուհիներից մեկին ու գործավարին: Ըստ բողոքավորների, ազատել են բոլոր նրանց, ովքեր ժամանակին աջակցել են նախկին տնօրեն Հակոբ Մուշին: Կրճատվածների ներկայացնելով՝ որպես «հակոբականներ», տնօրենը լարվել է իրենց դեմ: «Ինչ լսեց-չլսեց, որ Հակոբ Մուշը իր պաշտոնին վերականգնվելու համար դատի է տվել ու դատը շահում է, ասաց՝ ստորագրեք, որ Մուշին դեմ եք, ես էլ հրաժարվեցի ստորագրել՝ պատճառաբանելով, որ պատրաստ եմ աշխատել թե Մուշի, թե իր հետ, սակայն սա տիկնոջը դուր չեկավ եւ նա ասաց՝ այդ դեպքում գնա Մուշի հետ աշխատի: Ինձ աշխատանքից կրճատել է որպես ոչ մասնագետի, բայց իր կողքին թողել է այնպիսի մարդկանց, որոնք նույնպես ոչ մասնագետներ են: Բացի այդ, Մելոյանը սկսել է դպրոց բերել իր ազգականներին ու բարեկամներին, ամեն վայրկյան էլ կրկնում է՝ ուր ուզում եք բողոքեք, փողն էլ ունեմ, թիկունքն էլ»,- մեզ հետ զրույցում հայտնեց 52-ամյա պատմության ուսուցչուհի Քնարիկ Պետրոսյանը, որը մաթեմատիկայի մասնագետ է եւ վերապատրաստվելուց հետո պատմություն էր դասավանդում: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Սվետլանա Խաչատրյանն էլ զարմանում էր. «Եթե ես թոշակառու եմ ու պետք է աշխատանքից ազատվեմ, ապա ինչու կրճատումները դպրոցի մյուս թոշակառուներին էլ չեն վերաբերում»: Մանկավարժները տնօրենին մեղադրում են նրա հովանավորի՝ քաղաքապետի նախկին թեկնածու հանրապետական Մարտին Սուքիասյանի դստերը ռուսաց լեզվի ժամերը «նվիրելու», երիտասարդ ուսմասվարին էլ՝ 70-ամյա կնոջով փոխարինելու մեջ:

Դպրոցի տնօրեն Գայանե Մելոյանը «Առավոտին» վստահեցրեց, որ բոլոր կրճատումները կատարվել են օրենքի սահմաններում, բոլորին այս մասին ծանուցվել է տասը օր առաջ, եւ որ պատմության բոլոր ոչ մասնագետ ուսուցիչները ազատվել են աշխատանքից: «Ես երբեք կոլեկտիվը չեմ բաժանել Մուշի կողմնակիցների ու համակիրների, բոլորն ինձ համար հավասար մարդիկ են, եթե այդպես լիներ՝ ես առաջին հերթին Հակոբ Մուշի քրոջը կազատեի աշխատանքից, որը բուժքույր է աշխատում: Շատ ամոթ է, որ հայտարարում են, թե «թիկունքից» ու հովանավորներից եմ իրենց հետ խոսել: Ինձ մեղադրում են նաեւ փոխտնօրեն Նելլի Դալանյանին աշխատանքից ազատելու ու տեղն ուրիշին ընդունելու համար: Ինչ կարող էի անել, երբ կոլեկտիվի մեծամասնությունը նրան դեմ էր: Ինչ վերաբերում է նրա փոխարեն աշխատանքի ընդունվածին, մեծ փորձ ունեցող, կիրթ, հարգված կին է, որն աշխատում է ակադեմիայում»,- պարզաբանեց տնօրենը:

Հ. Գ. Այս պահին վեճերը շարունակվում են մարզպետարանում, որտեղ փորձում են ինչ-ինչ լուծումներ գտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել