Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

Սեպտեմբեր 06,2007 00:00

\"\"Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի փնտրտուքը շարունակվում է

ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի դատավորի թեկնածու Նելլի Հարությունյանը երեկ հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունները, ըստ որի՝ սեպտեմբերի 10-ին իր հետ միասին Փարիզ՝ բանավոր հարցազրույցի են մեկնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված ԵԴ գործող դատավոր Ալվինա Գյուլումյանն ու արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը (որն, ի դեպ, ջանասիրաբար հերքում էր իր՝ թեկնածու լինելը): «Որեւէ գաղտնիք չկա: Թեկնածությունն առաջադրելը ֆորմալ գործընթաց է, ըստ որի՝ հանրապետության ղեկավարությունը պիտի ներկայացնի երեք հոգու»,- ասաց Ն. Հարությունյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում դատավորի ընտրության գործընթացը:

«Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ունի մի շարք կանոններ, որոնցով նախատեսվում է տալ այդ թեկնածուների վերաբերյալ մեկնաբանություններ, թեկնածուների առաջադրման գործընթացը բազմակողմանիորեն պետք է լուսաբանվի տվյալ երկրի զանգվածային լրատվամիջոցներով: Խրախուսվում է հենց այդ հրապարակայնությունը: Պետությունը կամայական չի կարող ներկայացնել որեւէ թեկնածուի, որը առաջադրված չափանիշներին չի համապատասխանի»,- հավելեց զրուցակիցս:

Մեր այն հարցին, թե ո՞վ կարող է լինել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, տիկ. Ն. Հարությունյանը պատասխանեց. «Պետության կողմից առաջադրված երեք թեկնածուները պետք է ունենան բավարար աշխատանքային փորձ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: ԵԴ դատավորները, համաձայն դատարանի կանոնակարգի, ընդգրկվում են հինգ բաժիններից մեկում, որը ձեւավորվում է աշխարհագրական-գենդերային հավասարակշռության սկզբունքով: Ցուցակներն անցնում են մի քանի ատյաններով: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, որը ներկայացված է արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով, արձանագրում է թեկնածուների արհեստավարժությունը: Եթե կոմիտեն գտնում է, որ թեկնածուները չեն բավարարում պահանջներին, վերադարձնում է ցուցակը՝ պահանջելով նոր թեկնածուներ»: ԵԴ դատավորի թեկնածուն տեղեկացրեց, որ այսօրվա 46 դատավորներից 11-ը կին է:

Առաջադրման ժամկետների խախտման հետ կ ապված՝ տիկ. Հարությունյանը նշեց. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1200 (1999) արձանագրությունը վերաբերում է դատավորների ընտրությանը: Հստակ է, թե երբ պետք է պատրաստվեն թեկնածուների կենսագրությունը, անձնական տվյալները, կրթությունը, լեզուների իմացությունը, ընտրակարգը: Գոյություն ունի առաջադրման, քննարկման, ընտրվելուց հետո այդ աշխատանքին տեղափոխվելու ժամկետներ: Դատավորների պաշտոնավարման ժամկետը 6 տարի է, դատավորների պաշտոնավարման առավելագույն տարիքը 70 տարեկանն է»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե «Մտավախություն չկա՞, որ ձեզ կխանգարի «դատախազական համակարգում» լինելու հանգամանքը», Ն. Հարությունյանն ասաց. «Այն ոլորտը, որը ես եմ սպասարկում, անմիջականորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ: Մոտ 30-ի հասնող սեմինարները, Եվրախորհրդի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Եվրոպայի անվտանգության խորհրդի հետ կազմակերպված միջազգային հավաքները՝ դատախազների, փաստաբանների, դատավորների համար դրա վառ ապացույցն են: Իսկ այն մոտեցումը, թե դատախազը դիտվում է «մեղադրանքի մարմին», այսօր արդեն կարծրացած է»:

«Եվրոպայի խորհրդում հարցազրույց իրականացնող մարմինն ինչպիսի՞ գործառույթ ունի» հարցին էլ տիկ. Հարությունյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության ենթակոմիտեն, որը բաղկացած է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, բանավոր ընթացակարգով քննում է թեկնածուներին: Ստուգվում են նրանց մասնագիտական գիտելիքները, թեկնածուների լեզվական իմացությունը (անգլերեն, ֆրանսերեն): Ենթակոմիտեն կազմում է հատուկ փաստաթուղթ: Բանավոր հարցազրույցին հատկացվում է 20 րոպե»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել