Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարսկահայերը Հայաստանը «սիրունացնում» են

Սեպտեմբեր 06,2007 00:00

Նրանք «տարածքի բարեկարգում» անվան տակ կտրում են պտղատու ծառերն ու տեղը շենք կառուցում:

Կիեւյան 11 շենքի բակում, արդեն մեկ ամիս է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ըստ բնակիչների, կառուցվում է հերթական «էլիտար» շենքը: «Այդ տարածքում պտղատու ու դեկորատիվ ծառերով փոքրիկ այգի էր: Անխիղճները բուլդոզերներով եկան, պտուղը վրան ընկուզենին արմատախիլ արեցին: Խաբում-ասում են, թե բարեկարգում ենք անում: Բա էդպե՞ս են բարեկարգում անում՝ ծառերն արմատախիլ անելո՞վ: Մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, որ հանգիստ լինենք, ոչ մի տեղ չբողոքենք, ու իրենք իրենց ուզածներն անեն»,- «Առավոտին» բողոքեց Կիեւյան 11 շենքի բնակիչ Տատյանա Առաքելյանը:

Ինչպես ճշտեցինք Արաբկիրի թաղապետարանից, այդ տարածքում կառուցապատում իրականացնողները պարսկահայեր են՝ Մայք-Մասիս եւ Գագիկ Տեր-Գրիգորյան եղբայրները: Բնակիչների պատմելով՝ Գագիկ Տեր- Գրիգորյանը, ի պատասխան իրենց բողոքների՝ նետել է, թե «ինչ ուզեմ՝ կանեմ, տարածքն իմն է, էստեղ մի քանի հարկանի շենք եմ սարքելու, պետք լինի՝ միլիոն էլ կծախսեմ»: Որպեսզի աղմուկ չբարձրացնեն՝ պարսկահայն առաջարկել է բողոքող բնակիչներին 200-ական դոլար տալ, սակայն բնակիչները չեն կաշառվել. «Երբ պահանջեցինք տարածքում կառուցապատում անելու թույլտվությունը ցույց տալ՝ մեր աչքը փակելու համար միայն բերեց այդ հատվածում գտնվող ավտոտնակի վարձակալության փաստաթղթերը: Մենք էլ ոստիկանություն կանչեցինք, որից հետո շինաշխատանքները որոշ ժամանակով կանխվեցին: Արդեն մի շաբաթ է՝ ձեն-ձուն չկա, միայն թաղապետարանից մի աշխատակից է գալիս՝ Տիգրան անունով, ու մեզ փորձում համոզել, թե այդ պարսկահայը ոչ մի շինարարություն էլ չի անում, միայն սիրունացնելու է այստեղ»:

Բնակիչները բողոքում էին, որ առանց այդ էլ՝ այդ տարածքն այնքան ծանրաբեռնված է շենքերով, որ օդ չկա շնչելու: Տիկին Սիրանուշը դժգոհում էր, որ իր բնակարանը գտնվում է առաջին հարկում, իսկ բարձրահարկ շենք կառուցելու դեպքում բնակարանի լուսավորությունն ամբողջովին կփակվի: Բնակիչները մտավախություն ունեն, որ «էլիտարը», այնուամենայնիվ, կկառուցվի, քանի որ Գ. Տեր-Գրիգորյանի եղբայրը՝ Մասիսը, անշարժ գույքի եւ շինարարական աշխատանքների գրասենյակ ունի ու մայրաքաղաքի մի քանի հատվածներում շենքեր արդեն կառուցել է: «Մեր հորդորներին ու պահանջներին ի պատասխան՝ Գագիկ Տեր-Գրիգորյանն ասում է, թե՝ կտեսնեք, որ կառուցելու եմ շենքը, տղաս՝ Նարբեն, Հանրապետական կուսակցությունից է, ինչ կուզենք՝ կանենք»,- պատմեցին բնակիչները:

Կիեւյան 11 հասցե մեր այցելության ժամանակ այդ տարածքում գեոդեզիական չափագրումներ էին կատարվում: Մեր հարցին, թե դա ինչի՞ համար է՝ չափագրողները պատասխանեցին. «Մենք մասնավոր ընկերություն ենք, քաղաքապետարանից պատվեր ունենք, եկել ենք՝ մեր գործն ենք անում»:

Այս առնչությամբ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը պարզաբանեց՝ «Մեր աշխատակիցները պետք է հենց տեղում լինեն եւ ստուգեն՝ այդ անձնավորությունը շինթույլտվություն ունի՞, թե՞ ոչ, եւ գուցե այդ բակային տարածքը Կիեւյան 11 հասցեով չէ, գուցե այլ հասցեով է: Կստուգենք եւ մոտ օրերս ստույգ պատասխան կտանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել