Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՎԻՐԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ» ՔԱՂԱՔԱՊԵՏՆ Է

Սեպտեմբեր 06,2007 00:00

\"\"Արմավիրի քաղաքապետը գտնում է, որ ձեռքները ծալած չպիտի նստեն եւ սպասեն, թե ձեռնարկություններում գործիքները ոնց են անգործությունից ժանգոտում:

«Միայն շուկաներով, խանութներով ու օֆիսներով՝ ոչ քաղաք կարող ենք պահել, ոչ էլ երկիր, մեզ արդյունաբերություն է պետք»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Քաղաքապետն էլ խոստովանեց, որ Արմավիրում աշխատանք գտնելը լուրջ խնդիր է: Նրա ներկայացմամբ, վարչապետին խնդրել է, որ սեփականաշնորհված գործարանների, ձեռնարկությունների սեփականատերերին օրենքի ուժով պարտադրել, որպեսզի այդ գործարանները վերագործարկեն եւ աշխատատեղեր ստեղծեն: Քաղաքապետի խոսքերով՝ Արմավիրում կարելի է վերագործարկել պահածոների եւ ռելեի գործարանները եւ ընդլայնել հաստոցաշինական գործարանի աշխատանքային հնարավորությունները, որոնք նախկինում բազմաթիվ արմավիրցիների են աշխատանքով ապահովել: Աշխատատեղերի բացակայությունը Արմավիրի միակ խնդիրը չէ. «Բավականին շատ հերթագրված ընտանիքներ ունենք, որոնք սպասում են, թե երբ են քաղաքի կիսակառույց շենքերի կառուցապատումն ավարտելու, որպեսզի բնակարաններ ստանան, սպասում ենք կառավարության աջակցությանը, որ 2008թ. բյուջեով գոնե 1-2 շենքի կառուցումն ավարտելու համար գումարներ հատկացնեն»: Ռ. Խլղաթյանի խոսքերով, իրենց բյուջեն դոտացիայի հետ միասին 400 մլն դրամ է կազմում, ինչը, ըստ քաղաքապետի, բավականացնում է միայն քաղաքի բարեկարգման, աղբահանության եւ մի քանի այլ անհրաժեշտ աշխատանքների համար: Վերջերս քաղաքապետարանը 3 նոր սանտեխնիկա է ձեռք բերել եւ տեղադրել է 60 աղբաման, սակայն դրանից Արմավիրից աղբը չի պակասում. միայն քաղաքի կենտրոնն է, որ քիչ թե շատ մաքուր է: Ըստ քաղաքապետի. «Ավագանու նիստերի ժամանակ պաշտոնապես հայտարարել եմ, որ պատժելու եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քաղաքը կաղտոտեն»:

Քաղաքապետարանի համար լուրջ գլխացավանք են դարձել նաեւ ամեն քայլափոխի հանդիպող՝ պատերին փակցված գովազդային պաստառները, որոնք մնացել են քաղաքապետի եւ ԱԺ ընտրություններից: Պրն Խլղաթյանը պատրաստվում է դիմել պատգամավորներին, որպեսզի օրենք ընդունեն, որ քարոզչական պաստառների հետագա մաքրումը դրվի հենց թեկնածուների վրա. «Քաղաքում 99%-ը պաստառ փակցնելու թույլտվություն քաղաքապետարանից չի ստացել եւ փակցրել են 6-7 մետր բարձրության վրա, ինչն էլ ավելի է դժվարացնում դրանց մաքրումը, բացի այդ, նույնիսկ խոչընդոտում են, որ դրանք մաքրենք, հորդորում են, թե սրա պաստառը մի հանեք, նրա նկարը թողեք եւ այլն»:

Մոտ 1 ամիս առաջ Արմավիրն ունեցավ իր նոր հատակագիծը, որով, նախկին 850 հա-ի փոխարեն, այսօր քաղաքն ունի 2 հազար 222 հա տարածք. «Որոշ իշխանավորների պատճառով նախկինում Արմավիրից առանձնացվել էին արդյունաբերական գոտիները, հիմա հետ ենք վերադարձրել եւ դրանց մի մասի վաճառքից ակնկալում ենք եկող տարվա բյուջեն հարստացնել»,- ասաց պարոն Խլղաթյանը: Ըստ նրա, քաղաքապետարանը հատկապես երիտասարդների համար մի շարք ծրագրեր ունի, որ կիրագործի բյուջեն հարստացնելու դեպքում: Առայժմ քաղաքում գործում է 1 երիտասարդական կենտրոն, որտեղ երիտասարդները բանավիճում են, ծանոթություններ հաստատում: Այդ հավաքներին մասնակցում է նաեւ 46-ամյա քաղաքապետը, նա նույնիսկ արժանացել է «լավագույն երիտասարդ» կոչմանը: «Սպորտի եւ երիտասարդական հավաքների միջոցով էլ ցանկանում ենք ցրել երիտասարդների վատ մտքերը, քանի որ Արմավիրն այն տարածաշրջանն է, որտեղ թմրամոլ դառնալու մեծ վտանգ կա»,- նշեց Ռ. Խլղաթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել